Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՁԱԽԵՐԸ ՆՈՐԻՑ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ

Հուլիս 09,2011 00:00

Իսկ Կոմկուսը «լեւի-պռավի չի գնում»

\"\"

Արդեն մի քանի տարի է՝ հայաստանյան քաղաքական դաշտում խոսվում է ձախ ուժերի միավորման անհրաժեշտության մասին: Բայց ընդամենը: Հիմա, առաջիկա ընտրությունների շեմին, ձախերը վերջապես որոշել են միավորման ուղղությամբ քայլեր անել: Ի՞նչ արդյունք կստացվի՝ ժամանակը ցույց կտա: Համենայնդեպս, այսօր կառավարության նիստերի դահլիճում կկայանա «Դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատման հեռանկարը Հայաստանում» օրակարգով համաժողովը: Նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի դեմոկրատական եւ Հնչակյան (ոչ լյուդմիլասարգսյանական) կուսակցություններին: Համաժողովին կմասնակցեն նաեւ ՀՅԴ ներկայացուցիչները, Արծվիկ Մինասյանն անգամ ելույթ կունենա, ներկա կլինեն նաեւ Սոցինտերնի փոխնախագահ տիկին Մարիա Թիթիզյանը, «Սահմանադրական իրավունք» միությունը, «Մայր հայրենիք», «Կանայք հայոց աշխարհի» կուսակցությունները, անհատներ, անկուսակցականներ: Շարժումը մեկնարկ է նաեւ նախընտրական տարու: Նպատակը, ըստ նախաձեռնողների, մեկն է՝ որ հայաստանյան քաղաքական դաշտը ձեւավորվի մրցակցային պայմաններում եւ գաղափարական հենքի վրա, ոչ թե փողի եւ ադմինիստրատիվ ռեսուրսի, որպեսզի ժողովուրդն ընտրության հնարավորություն ունենա ու կարողանա ընտրել Հայաստանի զարգացման ուղին: Իրենք՝ համաժողովի նախաձեռնողները, բնականաբար, առաջարկում են Հայաստանի սոցիալ-դեմոկրատական զարգացման հեռանկար: «Մենք գտնում ենք, որ այս նեոլիբերալ քաղաքական կուրսն իրեն բացարձակ սպառել է եւ, ընդհանրապես, մեր ժողովրդին ու պետությանը հետընթաց է տարել: Այդպիսին է նաեւ իրավիճակն աշխարհում: Հիմա շատ արագ փորձում են նոր մեթոդաբանություն գտնել, փրկել այդ գաղափարախոսությունն իր վախճանից, ու նոր ֆորմացիայի ձեւավորման շեմին կանգնած աշխարհը փորձելու է ինչ-որ կերպ պահպանել նեոլիբերալիզմը, բայց ես համոզված եմ, որ միանգամայն այլ ֆորմացիա է ձեւավորվելու: Ճգնաժամից այսօր նվազագույն կորստով են դուրս եկել այն երկրները, որոնք զարգացել են դեմոկրատական սոցիալիզմի տեսության հիման վրա՝ Նորվեգիա, Շվեդիա, Չինաստան: Այս տեսությունն ու պրակտիկան անհամեմատ ավելի արդյունավետ են, մանավանդ՝ Հայաստանի նման երկրների համար, ու դրանից ելնելով՝ մեր ժողովրդին ընտրություն ենք առաջարկում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է կոմունիստական կուսակցությունների մասնակցությանը, ըստ Արամ Սարգսյանի՝ նախապատրաստական փուլի խորհրդակցություններին նրանք մասնակցել են, բայց համաժողովին ներկա չեն գտնվի: Պատճառաբանել են, որ իրենք այժմ փորձում են կոմկուսներով միավորվել, ուստի ձեռնպահ են մնում՝ իրենց ներքին խնդիրները կկարգավորեն, հետո միայն կորոշեն շարժմանը մասնակցելու իրենց ձեւաչափը: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասաց, որ իրենք ստացել են մի նախագիծ՝ «Չգիտեմ՝ ում կողմից մշակված, որտեղ սոցիալիզմի հոտ չկա: Սոցիալիզմը բառերի կապակցություն չէ, երազանքները բառերով վերարտադրելով սոցիալիզմ չես կառուցի: Սոցիալիզմը կոնկրետ գիտություն է եւ կոնկրետ քայլեր: Այդ նախագծում դրանք չեն երեւում: Այն սոցիալիստական ուժը, որը չի խոսում երկրի ռազմավարական ուղղություններն ազգայնացնելու, արտադրական միջոցների, ժողովրդից խլված համաժողովրդական սեփականությունը տիրոջը վերադարձնելու մասին, ժողովրդին երկրի տեր ու տիրական դարձնելու մասին՝ ի՞նչ սոցիալիստական: Չի երեւում, թե ի՞նչ էինք անցած 20 տարիներում եւ հիմա ինչի՞ ենք ձգտում, որովհետեւ ժամանակին նրանք ձախ էին, հետո աջ դարձան, հիմա նորից փորձում են վերադառնալ ձախ: Այդպիսի ճանապարհով ՀԿԿ-ն չի գնա»: Բացի այդ. «Մանավանդ այդ շարժման մեջ մտնում են կեղծ հեղափոխական եւ սոցիալիստական ուժեր: Գիտակցաբար գնալ կեղծերի հետ՝ չենք ուզում, իսկ մնացած մութ անկյունների եւ ստոր քաղաքական խութերի հետ ծանոթ չենք»,- նկատի ունենալով ՀՅԴ-ին՝ ասաց ընկեր Թովմասյանը: Իսկ կոմկուսներն, իսկապես, փորձում են միավորվել, բայց այդ մասին կբարձրաձայնեն միայն համապատասխան փաստաթուղթ ստորագրելուց հետո:
Քանի որ Դաշնակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիմնական քաղաքական հենարաններից էր, իսկ շարժմանը մասնակից կուսակցություններն ու նրանց լիդերները Քոչարյանի պաշտոնավարման օրոք այս կամ այն չափով առնչություններ են ունեցել նրա իշխանության հետ, հետաքրքրվեցինք՝ արդյոք այս շարժումը պլատֆո՞րմ է՝ Քոչարյանին քաղաքականություն վերադարձնելու: Արամ Գասպարիչը ծիծաղեց. «Ում՝ ում, ինձ գոնե նման հարց չպիտի տայիք: Ես որեւէ ցանկություն չունեմ հող նախապատրաստելու, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանության: Դուք լավ հիշում եք, որ իմ հրաժարականի պատճառը քաղաքական էր ու այդպիսին էլ մնաց. մենք ընդդիմություն ենք եղել միշտ: Մեր կուսակցության 20 տարիների գործունեությունը պետք է ապացույց լինի, որ մենք կոնյունկտուրային կամ ինտրիգային, անդրկուլիսային գործողություններով չենք զբաղվում: Մեր գաղափարախոսությանը հավատարիմ՝ գնում ենք իրականացնելու մեր գաղափարախոսությունը՝ ստեղծելու դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելը: Մենք հանուն այդ գաղափարի շարժում ենք սկսում, մյուս ուժերը թող կողմնորոշվեն մեր իրողության մեջ: Մենք ինքնուրույն կառույց ենք եւ առաջիկա ընտրություններում շատ լուրջ քաղաքական հայտ ենք ներկայացնելու: Մի առիթով ես ասել եմ՝ այնտեղ, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստվերը կա, մենք չկանք: Հիմա էլ կարող եմ ասել՝ եթե մեր գործողություններում որեւէ տեղ կտեսնեք Ռոբերտ Քոչարյանի ստվերը՝ հրապարակավ պախարակեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել