Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ է ՀՌԱՀ-Ն ԱՆՏԵՍԵԼ «ԱՐՄՆՅՈՒԶԻ» ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Հուլիս 09,2011 00:00

\"\"«Ա1+»-ն այդ խախտումների թվարկումով երեկ լրացրեց ընդդեմ ՀՌԱՀ-ի հայցադիմումը

«Ա1+»-ը երեկ ՀՀ վարչական դատարանում ավելացրեց ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հայցի հիմքը, եւ դատավոր Արգիշտի Ղազարյանը ժամանակ տրամադրեց ՀՌԱՀ-ի ներկայացուցչին՝ այդ լրացումներին ծանոթանալու համար:
Շուրջ 7 էջ կազմող լրացման մեջ մասնավորապես նշված է, որ «Արմնյուզ» ՓԲԸ-ին հաղթող ճանաչելու վերաբերյալ թիվ 96-Ա որոշման մեջ ՀՌԱՀ-ը զարմանալիորեն մոռացել է նշել ՀՌԱՀ-ի եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջեւ երկկողմ գրագրությունների մասին, որոնք վերաբերում են 500 000 000 դրամ վարկ տրամադրելու պատրաստակամությանը: Հիշեցնենք, որ բանկի տեղեկանքի համաձայն՝ վարկը տրամադրվում էր «Արմնյուզ» ՍՊԸ-ին: Մինչդեռ այդ ընկերությունը ՓԲԸ է: Երբ «Ա1+»-ի ներկայացուցիչները հրապարակեցին այս փաստը եւ հետո ներառեցին հայցադիմումի մեջ՝ միայն դրանից հետո ՀՌԱՀ-ը տրամադրեց «Ամերիաբանկի» հետ իր գրագրությունը, ըստ որի՝ իրենք նախապես էին ճշտել, թե ՍՊԸ-ը գրելն ընդամենը վրիպակ էր: Մինչդեռ այժմ հայցի լրացման մեջ «Ա1+»-ի ներկայացուցիչ Ալեքսանդեր Սահակյանը (լուսանկարում) նշել է. «Մեր կարծիքով, տվյալ դեպքում ՀՌԱՀ-ի կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ կատարած երկկողմ գրագրությունները կա՛մ կատարվել են 16.12.2010թ. թիվ 96-Ա որոշումն ընդունելուց եւ հայցադիմումը դատարանին ներկայացնելուց հետո, կա՛մ ՀՌԱՀ-ն անգործություն է դրսեւորել ու չի կատարել հղում այդ գրություններին 16.12.2010 թվականի թիվ 96-Ա որոշման մեջ»:
Հայցի լրացման մեջ հիշատակելով այն փաստը, որ ՀՌԱՀ 7 անդամների համար «Ա1+»-ի դեպքում կեղծ ֆինանսական փաստաթղթերի առկայությունը հիմք հանդիսացավ 0 գնահատականի, պրն Սահակյանը հարցադրում է անում, թե ուրեմն «Արմնյուզի» ՓԲԸ-ի դեպքում ի՞նչն է հիմք հանդիսացել 6 գնահատականի՝ հաշվի առնելով «Արմնյուզ» ՓԲԸ-ի մրցութային փաթեթը ուսումնասիրելու ընթացքում իրենց նկատած հետեւյալ փաստերը. «Արմնյուզ» ՓԲԸ-ն ներկայացրել է 6 հատ ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ 5 տարբեր ֆիզիկական եւ 1 իրավաբանական անձանց հետ կնքված 01.10.2010 թվականին՝ մրցույթի հայտի ներկայացումից մի քանի օր առաջ: Սակայն այդ պայմանագրերը չեն կնքվել ու չեն ստորագրվել «Արմնյուզ» ՓԲԸ-ի կողմից, եւ չեն կազմվել ձեւաթղթի վրա: Իսկ «Ցայգ» ՍՊԸ-ի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրում բացակայում է նրա կնիքը»:
Մեկ այլ փաստ՝ «Արմնյուզ» ՓԲԸ-ի հետ Իրինա Յոլյանի կնքած «ծառայությունների մատուցման պայմանագրի սկզբնամասում նշված է՝ անձնագիր՝ AF 0497797, տրված՝ 13.09.2002թ., 032-ի կողմից, սակայն պայմանագրի վերջնամասում նշված է՝ անձնագիր՝ AF 0497797, տրված՝ 12.05.2008թ., 023-ի կողմից: Այս անհամապատասխանությունը նույնպես հեռու է մնացել ՀՌԱՀ-ի տեսադաշտից ու չի արժանացել որեւէ գնահատման»: Սրան զուգահեռ «Ա1+»-ը հիշեցրել է, որ իրենց մրցութային փաթեթում ներառված՝ 280 հազար եվրոյի վերաբերյալ Աննա Տանիելյանի տված հավաստագիրը ՀՌԱՀ-ը համարել էր անհիմն՝ մասնավորապես նշելով, թե փաստաթղթում առկա չէ ո՛չ կնիք եւ ո՛չ էլ ստորագրություն, սակայն այդ հավաստագրում առկա էին ընկերության հասցեն, հեռախոսի եւ ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի համարը, համացանցում կայքէջը, հարկ վճարողի հաշվեհամարը եւ այլն. «Այս բոլոր վավերապայմաններն անտեսվել են ՀՌԱՀ-ի կողմից, եւ մեջբերում է կատարել թիվ 96-Ա որոշման մեջ: Սակայն նույնանման փաստաթղթի (ծառայությունների մատուցման պայմանագրերի՝ առանց «Արմնյուզ» ՓԲԸ-ի կնիքի եւ ստորագրության) առկայության դեպքում ՀՌԱՀ-ը չի տալիս ոչ մի գնահատական»:
Եվս մի մանրամասն լրացված հայտից. «Մրցութային փաթեթում առկա էին 2 աշխատողի ինքնակենսագրություններ, որոնց մեջ նշված էր՝ աշխատում են 2001 թվականից մինչ այսօր, այնինչ «Արմնյուզ» ՓԲԸ-ն գրանցվել է 2002 թվականին»:
Հայցի լրացման մեջ բազմաթիվ են սահմանված կարգից խախտումների մասին տվյալները: Ասենք, որ «Ա1+»-ի ֆինանսական փաստաթղթերի կեղծ եւ անհիմն լինելու մասին որեւէ նշում չկա ՀՌԱՀ-ի թիվ 31 արձանագրության մեջ, սակայն հետո այդ փաստաթղթերի մասին ուսումնասիրությունները հիմք են ընդունվել թիվ 96-Ա որոշման մեջ. «Ուստի, հայցվորի համար անհայտ է մնում այն փաստը, թե որոշման մեջ ներառված շարադրանքը որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում է ծնվել»:
Ամփոփելով այս ամենը՝ «Ա1+»-ի ներկայացուցիչը նշել է, թե այս ամենը վկայում է, որ «ՀՌԱՀ-ի կողմից կազմակերպված մրցույթը կրել է ձեւական բնույթ, ՀՌԱՀ-ի կողմից մրցույթում կատարվել է միջամտություն, ՀՌԱՀ-ի անդամները լիարժեք չեն ուսումնասիրել «Արմնյուզ» ՓԲԸ-ի մրցութային փաթեթը, իսկ ուսումնասիրման դեպքում անտեսվել են անհամապատասխանության փաստերը»:
Ի դեպ, «Ա1+»-ն առաջարկել էր Արմնյուզ»-ին ներգրավել իբրեւ 3-րդ կողմ, սակայն վերջինս դատարան ներկայացրած իր գրավոր պատասխանում նպատակահարմար է գտել, որ հայցի քննությունն իրականացվի իրենց բացակայությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել