Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՐԹՆԵՐԿԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ՝ ԿՆՈՋ ՄԱՍԻ՞Ն

Հուլիս 08,2011 00:00

Պարզվում է՝ կա նաեւ շրթներկագուշակություն

\"\"

Մարդիկ իրենց էությունը բացահայտելու եւ ապագայի մասին գոնե փոքր-ինչ պատկերացում կազմելու, որոշ տեղեկություն ստանալու համար դիմում են տարբեր մեթոդների, անգամ սկսում են գուշակություններ անել այնպիսի ոլորտներում, որոնք ապագայի հետ բոլորովին առնչություն չունեն՝ մարմնի տարբեր մասերի կլոր կամ հարթ լինելուց մինչեւ գույների, համերի ու հոտերի նախասիրություններ։ Եթե կարմիր գույնի, ինչ-որ կոնկրետ ոճի հագուստից կամ որեւէ տիպի հոտի նախընտրությունից կարելի է միանգամից գլխի ընկնել, թե տվյալ մարդն ինչ բնավորություն ունի, ինչ երաժշտություն կլսի եւ ինչպիսի մարդկանց հետ է նախընտրում շփվել, ապա նրա ապագայի մասին վերջինի արտաքին տեսքը ոչինչ չի կարող ասել։ Չնայած դրան, մարդկությունը շարունակում է գուշակության տարբեր ձեւեր փնտրել եւ գտնել դրանց հնարավոր տրամաբանական բացատրությունները եւ այնքան հեռուն է գնացել, որ մշակել է շրթներկի մաշվածության ձեւի հիման վրա գուշակությունը, ըստ որի՝ շրթներկի օգտագործման ընթացքում դրա ընդունած ձեւը խոսում է այն օգտագործողի էության մասին, մեկ-մեկ էլ բացահայտում նրա ապագան։
Շրթներկագուշակությունը զարգացել է բոլորովին վերջերս:
Պարզվում է, եթե շրթներկի գագաթը օգտագործելու ընթացքում դառնում է հարթ եւ կլոր, ապա այդ շրթներկի «տիրուհին» չի սիրում թափթփվածություն, յուրաքանչյուր մանրուք գրգռում է նրան: Շրթներկի այդպիսի մաշվածություն ունեցող կնոջ զուգընկերոջը խորհուրդ է տրվում լինել նրա հետ սիրալիր, երգել սերենադներ, նվիրել ծաղիկներ: Իսկ եթե շրթներկի վերնամասը սրացած է մատիտի նման, դա նշան է, որ «շրթներկատիրուհին» ինքնահավան է եւ գոռոզ, ուստի նա կանանց հետ դժվարությամբ է շփվում, բայց տղամարդու համար համարվում է կատարյալ կին: Եթե մաշված շրթներկի գագաթը հորիզոնական է, այդ շրթներկն օգտագործողը լավատես է, կյանքով լեցուն, ուղղամիտ, շատ է սիրում երեխաներին, կողմնակից է ճշմարտության եւ երբեմն բացահայտում է «անընդունելի» փաստեր:
Եթե օգտագործված շրթներկի գագաթը շեղ է՝ տիրուհին երեւակայող կին է, ով ունի ահռելի ծրագրեր, բայց դրանց չնչին մասն է կարողանում իրականացնել, մտերիմ ընկերուհիների հանդեպ ներողամիտ է, սակայն տղամարդկանց շրջապատը գերադասում է կանանցից: Եթե շրթներկը կոնաձեւ է, ապա այդ կինը քայլում է կյանքին ընդառաջ, դժվարությունները փորձում է հարթել ինքն իրենով՝ առանց որեւէ մեկի օգնության, նպատակասլաց է, կյանքը նրա համար գեղեցիկ նվեր է, ինչն էլ պետք է հաճույքով «օգտագործել», իսկ եթե շրթներկի գագաթը դեպի ներքեւ է, ապա դա օգտագործող կինը պրակտիկ է, ծանրակշիռ, որը չի սիրում մանրանալ եւ հստակ գիտի՝ ինչ է ուզում:
Փաստորեն, ստացվում է՝ տղամարդը մինչեւ կնոջ էությանը ծանոթանալը, սիրահարվելը եւ կոնկրետ քայլերի դիմելը՝ պետք է նախ ծանոթանա կնոջ շրթներկի մաշվածության ձեւին եւ նոր միայն սկսի գրավել նրա սիրտը:
Իսկ կանայք, եթե ցանկանում են իրենց էության մասին բացահայտումներ անել կամ իմանալ, թե ինչպիսի զուգընկերուհի կլինեն իրենց տղամարդու համար, ապա պետք է նոր շրթներկերն արագ-արագ օգտագործել եւ տեսնել, թե դրանք ինչ տեսք են ստանում եւ կարդան հուշող գուշակության տողերը։ Նկատենք, որ տարբեր շրթներկեր կարող են տարբեր կերպ մաշվել, պետք չէ սահմանափակվել միայն մեկ շրթներկի մաշվածության ձեւով, փորձեք մի քանիսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել