Երեկ Մալայզիայի Պենանգ քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական (տղաների՝ 37-րդ, աղջիկների՝ 17-րդ) առաջնությունը:
Հայաստանցի մարզասերները լուրջ ակնկալիքներ ունեին առաջնության վերջին օրը գերծանր քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանից: Սակայն գյումրեցի մարզիկը մասամբ արդարացրեց սպասելիքները՝ միայն պոկում վարժությունում 178 կգ-ով նվաճելով փոքր ոսկե մեդալ: Բոլորն էին սպասում, որ երկամարտի արդյունքով այս տարիքային խմբի չեմպիոնի կոչման համար պայքարն ընթանալու էր հենց Գոռի ու իրանցի Ալիռեզա Կազեմինժադի միջեւ, որոնք անցած տարի Սինգապուրում կայացած պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերից ի վեր փոխնիփոխ հաջորդականությամբ գրավում էին պատվո պատվանդանի առաջին աստիճանը: Սակայն այս անգամ նրանք աչքաթող արեցին մեկ այլ իրանցու՝ Բահադուր Մուլաեին, որն էլ «աննկատ օգտվեց» այդ անհաշտ դիմակայությունից՝ երկամարտում վստահաբար նվաճելով այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի կոչումը:
Ծանրամարտին հետեւող հայաստանցի մարզասերներն, անշուշտ, հիշում են, որ Սինգապուրում +85 կգ քաշային կարգում հանդես եկած Գոռի եւ Ալիռեզայի պայքարում հայ ծանրորդը երկամարտում ցույց տվեց 350 կգ՝ ոսկին զիջելով մրցակցին ընդամենը մեկ կիլոգրամի տարբերությամբ: Դրանից հետո մեր մարզիկն այս տարվա մայիսին Պերուում կայացած աշխարհի պատանիների առաջնությունում երկամարտում հաղթեց ամբողջ 12 կիլոգրամով: Այսքանից հետո բոլորն սպասում էին, թե ծանրորդների երրորդ դիմակայությունում հաջողությունն ո՞ւմ կուղեկցի: Բայց նրանց պայքարին միջամտեց Ալիռեզայի հայրենակից Բահադուր Մուլաեին: Եվ ինչպե՜ս: Վերջինի՝ երկամարտի 408 կգ-ն ամբողջ 22 կիլոգրամով ավելի էր արծաթե մեդալի արժանացած Կազեմինժադի արդյունքից: Իսկ 384=178+206 կգ վերջնահաշվարկով 4-րդ տեղն զբաղեցրած Գոռ Մինասյանն անգամ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին չհայտնվեց՝ միայն անձնական քաշի պատճառով՝ բրոնզե մեդալը զիջելով ռուսաստանցի Սերգեյ Օրեշնիկովին:
Ինչեւէ, սկսած 2006 թվականից սա առաջին մրցումն է, որ մեր ծանրորդները աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններից տուն են վերադառնում առանց չեմպիոնի կամ մրցանակակրի: Սակայն այսպիսին է մեծ սպորտը, որում երբեմն նաեւ սայթաքումներ են լինում: