Ասում է Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը
Վերջին տարիներին մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում տիկնիկային ներկայացումների տոմսեր չեն բաժանվում. փոխարենը մասնավոր տարբեր թատերախմբերի կողմից հենց մանկապարտեզներում են ցուցադրվում «ներկայացումներ», այն էլ՝ անորակ: Հովհ. Թումանյանի անվան թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ հաստատություններում օրինական տոմսերի վաճառքն արգելվել է պետության կողմից, քանի որ ոչ բոլորն իրենց երեխային թատրոն տանելու հնարավորություն ունեն: Եթե պետությունն այսպես է «փորձում» թեթեւացնել ծնողների սոցիալական վիճակը, ապա մանկապարտեզների տնօրեններին չի հուզում այդ հանգամանքը: Նրանք յուրաքանչյուր երեխայից ամիսը 1-2 անգամ վերցնում են 500-600-ական դրամ եւ տեղում «տիկնիկային թատրոն» ցուցադրում:
Ի՞նչ խմբեր են դրանք. իրականում ո՞րն է նրանց նպատակը: Խնդրի առնչությամբ պարոն Բաբայանը ցավով փաստեց, որ, իսկապես, այդ թատերախմբերը անօրինական են գործում: Նրանցից շատերն իրենք են պատրաստում իրենց դիմակները, գրում անհաջող սցենարներ, համաձայնության են գալիս մանկապարտեզների ղեկավարների հետ, եւ արդյունքում ստացված եկամուտը որոշակի տոկոսային հարաբերությունով կիսում: Իսկ այդ մասին տեղյա՞կ են «վերեւներում» նստածները: Ըստ պրն Բաբայանի՝ այո. «Վերջիվերջո, մանկապարտեզները պետական հաստատություններ են: Նրանք կամ քաղաքապետարանին են պատկանում, կամ վարչական շրջաններին, որոնք էլ զբաղվում են այդ հարցերով»: Թատրոնի տնօրենը մանկապարտեզներում տոմսերի վաճառքն արգելելու փաստն այսպես մեկնաբանեց. «Այստեղ արգելքի հարցը չի, փող ուտելու հարցն է: Որքան էլ մասնավոր թատերական խումբը լինի բարձր մակարդակի, պետք է ունենա ներկայացում ցուցադրելու իրավունք, լիցենզիա: Չնայած՝ ես այնքան էլ կողմնակից չեմ մանկապարտեզներում կազմակերպվող ներկայացումներին, որովհետեւ թատրոն գալը երեխայի համար տոն է, եթե չհաշվենք դաստիարակչական, կրթական կողմերը: Բայց եթե թատրոնն է գալիս քո «տուն», որտեղ վատ պայմաններ են (շատ հաճախ խոհանոցում, որտեղ երեխաներն են ճաշում, կեղտոտ աթոռների վրա, առանց որեւէ լուսային ձեւավորման, վատ ֆոնոգրամաների տակ եւ այլն), այս ամենը միայն վատ ազդեցություն է ունենում երեխաների վրա: Ընդհանրապես, երեխաների հաշվին փող աշխատելը ընդունված է մեր երկրում»: Ռ. Բաբայանի հավաստմամբ, հարցը բազմիցս բարձրացվել է նախորդ քաղաքապետերի ժամանակ, բայց անարդյունք. «Նրանց հետ մենք մշտապես խնդիրներ ենք ունեցել, երբ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ արգելվել է թատրոններին մտնել մանկապարտեզներ եւ տոմսեր տարածել: Եթե նույնիսկ այդ համակարգում կար կոռուպցիա, եթե տնօրենները գումար են վերցնում, ապա պետք է դրա դեմ պայքարել, այլ ոչ թե փակել թատրոնի ճանապարհը»: Նա ասաց, որ ի տարբերություն Հայաստանի, աշխարհի շատ երկրներում երեխայի մեջ դեռ մանուկ հասակից են սեր ներարկում դեպի արվեստը, առաջնային համարում մշակութային կրթությունը, իսկ մեզ մոտ՝ ընդհակառակը, արհեստականորեն հեռացնում են արվեստից: Զրուցակցիս կարծիքով, թատրոնը կարեւորագույն դեր է խաղում երեխայի կյանքում՝ ոչ միայն կրթում, այլեւ «պատվաստում» է նրան՝ հետագա հնարավոր անճաշակության դեմ:
Տիկնիկային թատրոնի այցելուների թիվը պակասել է, ով է մեղավոր՝ ծնո՞ղը, երկրի ղեկավարնե՞րը: «Երկուսի մեղավորությունն էլ կա: Բայց մեր ծնողներից շատ բան է կախված՝ ինչպե՞ս ենք դաստիարակում, ի՞նչ հոգեւոր սնունդ ենք տալիս երեխային: Հաճախ ծնողները չեն գիտակցում երեխային թատրոն տանելու կարեւորությունը: Իրենց թվում է, եթե երեխան նստած է համակարգչի առաջ, ուրեմն ամեն ինչ ստանում է: Արդյո՞ք հոգեւոր առողջությունը պակաս կարեւոր է, որ ում ասես թույլատրում ենք ներս խուժել: Կան բաներ, որ նույնիսկ պարտադրողաբար պետք է անել, ինչպես, օրինակ, վիտամինների որոշակի քանակություն ընդունելը, պատվաստումները… Մենք զարմանում ենք՝ թե մեր շրջապատում որտեղի՞ց այսքան անճաշակություն, մոռանալով որ հենց ինքներս ենք ստեղծել այն՝ փակելով իսկական արվեստի ճանապարհը»,-ասում է մեր զրուցակիցը:
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը հաճախ է մեկնում շրջագայությունների, մասնակցում փառատոների, եւ Ռ. Բաբայանի խոսքով՝ ստանում «ավելի մեծ բան», քան ճանաչումն է. «Միջազգային ասպարեզում մեր թատրոնն արդեն ճանաչված է, բայց մեզ, որպես ազգ, դրսում դեռ լավ չեն ճանաչում, եթե ճանաչում են՝ ոչ այնքան լավ կողմից: Մենք մարտին մեկնեցինք Թուրքիայի Իզմիր քաղաք: Տեղացիները զարմացել էին. «Պարզվում է՝ էս տեսակ հայեր է՞լ են լինում»: Ցավոք, այնտեղ սովոր էին տեսնել այն հայերին, որոնք մեկնում են Թուրքիա՝ լավագույն դեպքում առեւտրի նպատակով»: