Բոստոնաբնակ օպերային երգիչ Եղիշե Մանուչարյանը հայրենիքում Սարո կմարմնավորի
Եղիշե Մանուչարյանն ու Լաուրա Վլասակը (ԱՄՆ) «Բոստոն օպերայի»՝ Դոնիցետիի «Մարիա Պադիլա» ներկայացման մեջ:
Հայկական վոկալ դպրոցի շատ ներկայացուցիչներ վերջին շրջանում հանդես են գալիս արեւմտյան հեղինակավոր թատրոններում: Սակայն քչերին է բախտ վիճակվում բեմ բարձրանալ այնպիսի նշանավոր երաժշտական թատրոնում, ինչպիսին «Մետրոպոլիտեն» օպերան է: 2010թ. վերջին Վերդիի «Աիդա» օպերայի երեւանյան պրեմիերայի առիթով հայրենիք ժամանած ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Պապյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց բոստոնաբնակ օպերային երգիչ, տենոր Եղիշե Մանուչարյանի «արեւմտյան» հաջողությունների մասին: Երգիչը կարճ ժամանակահատված է աշխատել Ազգային օպերային թատրոնում, իսկ 2000թ.-ից նրան առաջարկել են իրենց ծառայությունները ամերիկյան «Լոմբարդո» եւ գերմանական «Հիլբերտ» մենեջերական գործակալությունները: Վերջիններիս միջոցով էլ հայ օպերային տենորը պայմանագրեր է կնքում հանրահայտ «Մետրոպոլիտեն օպերա», «Օպերա Բոստոն», «Յուջին օպերա» եւ այլ թատրոնների հետ, հանդես է գալիս համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներում՝ Պուչինիի «Բոհեմ», Դոնիցետտիի «Մարիա Բադիա», Բելինիի «Իպուրիտանի» եւ այլն:
Շուրջ տասը տարվա ընդմիջումից հետո, Ազգային օպերային թատրոնում հուլիսի 13-ին Ե. Մանուչարյանը հանդես կգա Սարոյի դերերգով՝ Ա. Տիգրանյանի «Անուշում»: Արվեստագետը Հայաստան է ժամանել վերջերս Ճապոնիա կատարած հյուրախաղերից հետո, որտեղ «Մետրոպոլիտեն օպերայի» թատերախմբի կազմում հանդես է եկել Պուչինիի «Բոհեմում»՝ կատարելով Ռուդոլֆի դերերգը:
«Առավոտի» հետ զրույցում Ե. Մանուչարյանն ասաց, որ Եվրոպայում ավելի քան 10 տարի ստեղծագործելու շնորհիվ այսօր իր երկացանկում է շուրջ 50 դերերգ: Հավելեց, որ կարեւորում է նաեւ համերգային գործունեությունը. «Օպերային ներկայացումներին զուգահեռ, միայն վերջին վեց ամիսների ընթացքում «Կարնեգի հոլլում», «Ջորդան հոլլում», ԱՄՆ-ում «Սենդրա» համերգասրահում մասնակցել եմ մեծակտավ ստեղծագործությունների կատարմանը, այդ թվում՝ Ռոսինիի, Դվորժակի «Ստաբատ Մատեր»-ների, ճանաչված սոպրանոներ Ռենե Ֆլեմինգի, Ռիշել Գիլմուրի եւ այլ արվեստագետների հետ»: Արվեստագետը հայտնեց, որ նաեւ հանդես է գալիս բարեգործական համերգներով: Իռլանդիայում նման մի երեկոյի ժամանակ, օպերային արիաների կատարումից հետո, կոնֆերանսիեն նամակ է հանձնել իրեն, որտեղ գրված է եղել ոչ հայ ունկնդրի ցանկությունը՝ խնդրում ենք ակապելլա կատարել Կոմիտաս: «Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ Բոստոնում վերջին շրջանում տարին երկու անգամ անցկացվում են կոմիտասյան երեկոներ՝ այլազգիների մատուցմամբ, սակայն ցավով պիտի նշեմ, որ այդ հայաշատ քաղաքում, համերգներին հանդիսատեսի շարքերում հայեր գրեթե չեն լինում»,-նշեց նա:
Մեր զրուցակիցը, կարեւորելով ռադիոյով եւ TV-ներով օպերային արվեստի քարոզումը, հայտնեց, որ 2010թ. մասնակցել է «Մետրոպոլիտեն օպերայի» 10 ներկայացումներին, որից 9-ը՝ ուղիղ ռադիոեթերով հեռարձակվել է աշխարհում: Ռոսինիի «Արմիդան», որտեղ նա կատարել է Էուստացիոյի դերերգը, դարձյալ ուղիղ եթերով հեռարձակվել է 54 երկրում եւ տեսագրվել ու թողարկվել DVD տարբերակով:
Զրույցում անդրադարձ եղավ հատկապես վերջին շրջանում արեւմտյան թատերական կյանքում բեմադրությունների զուսպ, ինչ-որ տեղ՝ սիմվոլիկ դեկորներին ու զգեստներին: Ե. Մանուչարյանի խոսքերով՝ օրինակ, «Մետրոպոլիտենը» հարուստ թատրոն է եւ կարող է թույլ տալ մեծ, ճոխ դեկորներ ու զգեստներ. «Մինչդեռ կան թատրոններ, որոնք ելնելով իրենց հնարավորություններից, դրանք վերցնում են վարձակալությամբ, ինչը շատ ընդունված է արեւմուտքում: Օրինակ, Իռլանդիայի «Ռոյալ օպերայում» մասնակցել եմ Դոնիցետտիի «Մարիա դի Ռոան» օպերային ներկայացմանը, որտեղ բեմը ձեւավորված էր սիմվոլիկ, սակայն ճաշակով ու խոսուն, ստեղծագործության բովանդակությանն ու երաժշտությանը համահունչ: Իսկ «Մետրոպոլիտենի» «Արմիդա» կամ «Տրավիատա» ներկայացումները, ճիշտ է, «դեկորախեղդ» են, այդուհանդերձ՝ շքեղ…»:
Դեկտեմբերին Ե. Մանուչարյանը կդառնա 40 տարեկան: Արդյո՞ք իր ավագ գործընկերների օրինակով պատրաստվում է հոբելյանը նշել հայրենիքում: Երգիչն ասաց. «Կարծում եմ՝ Հայաստանում ինձ ճանաչում են մասնագետների նեղ շրջանակում»: