Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պակիստանն իր միջուկային գաղտնիքը ծախել էր նաեւ Իրանին ու Լիբիային

Հուլիս 08,2011 00:00

Հուլիսի 7-ին ամերիկյան The Washington Post-ը հրապարակել է մի փաստաթուղթ, համաձայն որի՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը Իսլամաբադում պաշտոնատար անձանց կաշառելու դիմաց մուտք է ստացել դեպի պակիստանյան միջուկային տեխնոլոգիաներ:
Lenta.ru-ի մատուցմամբ, նամակը, որում ներկայացվում է վճարումներից մեկի մանրամասները, պարբերականին է փոխանցել բրիտանացի լրագրող Սայմոն Հենդերսոնը, որը նախկինում զբաղվել է «պակիստանյան միջուկային ծրագրի կնքահոր»՝ Աբդուլա Քադիր Խանի շուրջ ծագած սկանդալի լուսաբանմամբ: Պարբերականի հրապարակած հաղորդագրությունը թվագրված է 1998թ. հուլիսի 15-ով: Տեքստի տակ առկա է Հյուսիսային Կորեայի Բանվորական կուսակցության այն ժամանակվա քարտուղար Չոն Բիոնգ Հոյի ստորագրությունը: The Washington Post-ի տեղեկություններով, վերջինս երկրի պաշտպանության պետական կոմիտեի ազդեցիկ պաշտոնյաներից մեկն է եղել եւ համակարգել է զինուժին սպառազինությունների մատակարարման ոլորտը: Հրապարակված նամակից հետեւում է, որ Աբդուլա Քադիր Խանին հասցեագրված նամակում հյուսիսկորեական իշխանությունները կազմակերպել են դրամական միջոցների փոխանցումը պակիստանցի երկու բարձրաստիճան զինվորականներին: Մասնավորապես, 3 մլն դոլար փոխանցվել է Յհանգիր Կարամատին, ով այն ժամանակ ղեկավարել է Պակիստանի բանակի գլխավոր շտաբը: Եվս 500 հազար դոլար, նաեւ մի քանի թանկարժեք քարեր ստացել է նաեւ գեներալ Զուֆիքար Խանը, որի պաշտոնը, սակայն, չի հստակեցվել: Փխենյանը գումարի դիմաց ակնկալել է ստանալ ինչ-որ փաստաթուղթ, որը վերաբերել է միջուկային սարքի, նաեւ միջուկային բաղադրիչների: Մինչ այդ, ԿԺԴՀ-ն Պակիստանից ստացել է հրթիռային բաղադրիչներ:
Մեկնաբանելով այս տեղեկությունը, ՄԱԳԱՏԷ-ի նախկին աշխատակից Օլլի Հեյնոնեն, որը հետաքննել է Կադիր Խանի խմբի գործունեությունը, կարծիք է հայտնել, թե այդ փաստաթուղթը արժանահավատ է՝ հավելելով, որ նախկինում էլ են այդօրինակ գործարքների մասին տեղեկություններ եղել: Մինչդեռ պակիստանյան իշխանությունները պնդում են, թե նամակի տակ հյուսիսկորեացի պաշտոնյայի ստորագրությունը կեղծված է: Նամակում նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Պակիստանը փորձարկեց իր առաջին միջուկային ռումբը: 2004-ին դրա ստեղծողը՝ Կադիր Խանը կալանավորվել էր միջուկային գաղտնիքները երրորդ երկրներին ապօրինաբար վաճառելու կասկածանքով: Հետաքննությանը հայտնի էր դարձել, որ նա համապատասխան մշակումները փոխանցել էր Իրանին, Լիբիային եւ ԿԺԴՀ-ին: Ինքը՝ Խանը, հետաքննության ընթացքում պնդել էր, թե իր գործողությունները հրահանգված են եղել երկրի բարձրագույն իշխանության կողմից: Մինչ այս, սակայն, այդ հայտարարությունները հաստատող փաստաթղթեր չէին հրապարակվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել