«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Նախագծերի կառավարման հայկական ասոցիացիա» հ/կ-ի հետ համագործակցության շրջանակներում սկսում է կրթական ծրագրերի նոր շարք: Որեւէ նախաձեռնություն կյանքի կոչելու եւ ցանկալի արդյունք արձանագրելու նախապայմանը նախագծերի կառավարման հմտությունն է: Դա ենթադրում է մի շարք գործընթացների սինթեզ. մասնավորապես՝ նպատակների սահմանում, հնարավոր ռիսկերի բացահայտում, դրանք կառավարելու մեխանիզմների մշակում, վերահսկողություն եւ վերջնական արդյունքի ամփոփում: Հայաստանի յոթ բուհի դասախոսներ հնարավորություն կունենան նախագծերի կառավարման վերաբերյալ հսկայածավալ տեղեկատվություն ստանալ հնարավորինս սեղմ ժամկետներում: Կրթական ծրագրերը նրանց թույլ կտան իրենց մեջ բացահայտել արդյունավետ կառավարման ունակությունները եւ ձեռք բերել նոր հմտություններ: «Մարդիկ իրենց մասնագիտական իրական հնարավորությունները բացահայտում են գործունեության ընթացքում: Նախագծերի կառավարման հարցում նրանց ունեցած պատկերացումները, սակայն, երբեմն կարող են ուղղակի չհամապատասխանել իրականությանը` հնարավոր ռիսկերի պատճառով: Դրա հետ բախումը, անշուշտ, կառաջացնի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պահանջ եւ իրավիճակը վերահսկելու կարողություն: Ժամանակի հետ բոլոր մասնագետները նման պայմաններում ձեռք են բերում փորձառություն: Առավել հաջողում են, սակայն, նախագծերի այն ղեկավարները, ովքեր տիրապետում են տարբեր փուլերում խնդիրը դիտարկելու եւ այն ճիշտ լուծելու հմտություններին: Հենց այդ նպատակն են հետապնդում այն դասընթացները, որոնց անցկացմանն աջակցում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը»,- ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: