Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՂԲԱԼԻ ՎԻՃԱԿ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ԱՆՏԵՂՅԱԿ ԴԻՄՈՐԴՆԵՐ

Հուլիս 08,2011 00:00

Քննության արդյունքների հերթական բողոքարկումը

\"\"

Երեկ հայոց պատմություն առարկայի հուլիսի 4-ին կայացած քննության արդյունքների բողոքարկումն էր: Քանի որ միասնական քննությունների առաջին փուլում գրեթե բողոքարկողներ չեղան, ԵՊՀ-ում ձեւավորված քննակենտրոնում անտեղի ժամանակ չկորցնելու համար՝ բողոքարկումներն անցկացվեցին ԳԹԿ-ում:
Բողոքարկումները սկսվեցին առավոտյան ժամը 10-ին՝ նախկին 9-ի փոխարեն: Նշենք, որ միասնական քննությունների լրացուցիչ փուլում ԳԹԿ-ն, հօգուտ դիմորդների, երկարացրել է բողոքարկումների օրերը՝ նախկին մեկ օրվա փոխարեն այժմ երեք օր է՝ առավոտյան ժամը 10-16-ը:
Հայոց պատմության առարկայից քննություն հանձնած մի դիմորդ վաղ առավոտ ներկայացել էր ԳԹԿ եւ հանձնաժողովին խնդրել 2 բալ իրեն «նվիրել»: Այս մասին «Առավոտին» պատմեց ԳԹԿ աշխատակից, դիմումներ ընդունող Վահան Գառգալոյանը. «Ասում է՝ ի՞նչ կլինի, իմ միավորները երկու բալով ավելացրեք, հա՞…»:
Այն պահին, երբ ԳԹԿ-ում էինք, երկու բալ «խնդրող» դիմորդ Սեդա Տոնոյանը կրկին վերադարձավ: Նա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող կդառնար, եթե «չկտրվեր» հայոց պատմություն առարկայից՝ ստացել էր ընդամենը 5,75 միավոր:
Նա ԳԹԿ աշխատակիցներին հայտնեց, թե բողոք ունի:
Ի՞նչն էր բողոքարկում, ինքն էլ չգիտեր: Երբ Վ. Գառգալոնյանը հետաքրքրվեց՝ ըստ իրեն, կոնկրետ ի՞նչն է սխալ կամ անբավարար թեստում, դիմորդը ուսերը թոթվելով շփոթված նայեց Վ. Գառգալոյանին եւ ասաց. «Չգիտեմ, մի բան գրեք»:
Մինչ Ս. Տոնոյանը կորոշեր ինչից բողոքել, ԳԹԿ բողոքարկման սենյակի դուռը բացեց սպորտային համազգեստով մի պարոն եւ ասաց. «Ես եկել եմ բողոքեմ, երեխու հարցերի մեջ դժվար հարցեր են եղել»:
Սպորտային համազգեստով պարոնը ներկայացավ որպես դիմորդի «հոպար»: «Առավոտի» հարցին, թե քանի՞ միավոր է ստացել իրենց աղջիկը, դիմորդը, որը լուռ ու մունջ կանգնած էր հորեղբոր կողքին, ասաց. «Ի՞նչ կարեւոր ա…»: Բանն այն է՝ «հոպարի» աղջիկը բողոքում էր հայոց պատմության քննության թեստերի Ա մակարդակի 48, 49, 50, 65, 66, 70, 71 հարցերից: Ըստ նրա, վերոնշյալ հարցերը Ա մակարդակի համար բարդ էին:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հարցերը վերաբերում են 1905 թվականի փետրվարի 6-9-ը Բաքվում տեղի ունեցած դեպքերին առնչվող Բաքվի քաղաքագլուխ Նովիկովի հայտնի նամակին, Մծուրք քաղաքի հիմնադրմանը, Պավլիկյան առաջին խոշոր համայնքին՝ Փոքր Հայքում, Անիի մայր տաճարին, մարշալ Բաղրամյանին եւ այլն:
Բողոք-դիմումներն ընդունող ԳԹԿ մյուս աշխատակից Արմեն Ղազանչյանը զայրացավ, երբ լսեց, թե ո՞ր հարցերից են բողոքարկումները: «Չգիտեն՝ ո՞վ է մարշալ Բաղրամյանն ու ուզում են իրավաբան դառնալ…Ես, որ դպրոցն ավարտել եմ 10 տարի առաջ, դպրոցից գիտեմ, թե ով է հիմնադրել Անիի մայր տաճարը…»:
Վ. Գառգալոյանն էլ Ա. Ղազանչյանի ասածին հավելեց. «Ավելի լավ էր այս տարի ընդհանրապես դիմորդ չունենայինք, քան նման անգրագիտության ակատես լինեինք: Մի տղա է եկել, ասում է՝ ուզում եմ բողոքարկեմ: Ասում եմ՝ գոնե գիտե՞ս երբ է եղել Հայրենական մեծ պատերազմը, լռում է: Ասում եմ՝ լավ, վերջին 20 տարիների ընթացքում ինչ պատմական իրադարձություն կարող ես նշել, նայում է առաստաղին: Սա էլ մեր ապագա պատմաբաններն ու իրավաբաններն են: Նույնիսկ Շուշիի ազատագրման օրը չգիտեն, անգամ չեն էլ հիշում, որ տարիներ շարունակ այդ օրը՝ մայիսի 9-ին դպրոց չեն գնացել…գոնե այդպես հիշեին: Ասում եմ՝ ի՞նչ ես բողոքարկում՝ ասում է՝ չգիտեմ, մի բան գրեք, էլի…»:
Դիմորդ Էդուարդ Մելիքջանյանը 7 միավոր էր ստացել եւ բողոքում էր Բ տարբերակի 79 եւ 80 հարցերից: Ըստ նրա, դասագրքում դրանց չի հանդիպել: «Դիմում եմ Եվրոպական համալսարան: Այդ երկու հարցերը աչքովս չեն ընկել: Հույս ունեմ՝ գոնե 0,5 միավոր շահել: Չեմ ժխտում, որ գուցե իմ վրիպումը եղած լինի…»: 
Կապվեցինք նաեւ Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հայտնեց ԳԹԿ Արցախի մասնաճյուղի փոխտնօրեն Արմինե Սարգսյանը, իրենց մոտ վիճակը «ողբալի» է. «Պատմության քննությանը մասնակցել է 6 դիմորդ, դրական շեմը հաղթահարել է միայն մեկը»: Ընդհանուր հաշվով բողոքարկումների առաջին օրը, ժամը 16:00-ի տվյալներով՝ դեռեւս 6 բողոքարկող է եղել:
Պարզ են նաեւ հուլիսի 6-ին կայացած մաթեմատիկա առարկայի քննության արդյունքները: Ըստ ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի, դիմորդների 67 տոկոսը չեն հաղթահարել դրականի շեմը: Պատկերը նույնն է նաեւ Լեռնային Ղարաբաղում. քննություն հանձնած 14 դիմորդն էլ կտրվել են մաթեմատիկայից: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել