«Գիտությունով կչալե» սերենադների կազմակերպությունը հուլիսի 11-ին սերենադի սիրահարներին հրավիրում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ սերենադի միջոցով դասական երաժշտություն ունկնդրելու: Համերգը կրում է «Սերենադը միջոց է…» խորագիրը: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրոս, «Գիտությունով կչալե» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Տարոն Գասպարյանի խոսքով՝ կայանալիք համերգին երիտասարդ երաժիշտները սերենադի միջոցով փորձելու են հնչեցնել բարձրակարգ երաժշտություն. «Մեր նպատակն է՝ բոլորին ցույց տալ, որ դասական, բարձրակարգ երաժշտությունը միայն մշակութային օջախներում չի հնչում: Սերենադի միջոցով դասական երաժշտությունը կարող է հնչել նաեւ մշակութային օջախներից դուրս: Փողոցով քայլելիս՝ ռաբիս ես լսում, երթուղայինում ռաբիս է… Դասականը հանրամատչելի չէ եւ գոնե սերենադը կօգնի մարդկանց մի պահ ուշադրություն դարձնել դասականին: Մեր գերխնդիրն է՝ բարձրակարգ երաժշտության համար ունկնդիրների ավելի մեծ լսարան ապահովել»: Հուլիսի 11-ին կայանալիք համերգին մասնակցելու են միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը, ավստրիացի կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Յոնաս Կուբլիկասը: Տ. Գասպարյանի խոսքով՝ Հայաստանում սերենադների միջոցով սիրո խոստովանություններ, սերենադներ երգելու մշակույթն արդեն զարգացել է: Իսկ սերենադ երգողների երկացանկում հիմնականում դասական իտալերեն երգեր են, քաղաքային ֆոլկլոր: Տ. Գասպարյանը շեշտեց՝ ռաբիսը բացառվում է, քանի որ դա դեմ է իրենց սկզբունքներին:
«Սերենադը միջոց է…» համերգից հետո երիտասարդ երաժիշտները կշրջեն հանրապետության մարզերում՝ դասական երաժշտական բացօթյա անվճար համերգներով: