Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Օրերս ելույթ ունենալով աշխարհի ադրբեջանցիների 3-րդ համագումարում, Իլհամ Ալիեւը հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել՝ ասելով, որ «Ադրբեջանը ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով, այդ թվում՝ բանակի գործոնի կիրառմամբ»: Նա նաեւ հայտարարել է, որ «Հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական տարածքների վրա՝ Իրեւանի եւ Զանգեզուրի», իսկ «Լեռնային Ղարաբաղ հայերը եկել են որպես հյուր»:
Նման ռազմաշունչ եւ էքսպանսիոնիստական հայտարարությունները մի պետության ղեկավարի կողմից, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել՝ համաձայնելով արցախյան հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով եւ առանց ուժի ու դրա սպառնալիքի կիրառման, բացի նրանից, որ այլեւս ոչ մի պատրանք չեն թողնում ՄԽ հեղինակության, գործունակության եւ Բաքվի իրական մտադրությունների վերաբերյալ, նաեւ հայկական կողմին ազատում են կաշկանդող որեւէ հանգամանքից՝ սկսելու համար ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացը:
«Ժառանգությունը» կոչ է անում Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անմիջապես եւ համագործակցաբար ձեռնամուխ լինել Արցախի հանրապետության ազատագրված եւ նրան վերամիավորված տարածքների զանգվածային վերաբնակեցման գործընթացին: Հատկապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բազմաթիվ են ընտանիքները, այդ թվում՝ նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքից մազապուրծ փախստականներ, ովքեր չկարողանալով վաստակել ապրուստի միջոցներ, զանգվածաբար՝ երբեմն գրեթե ամբողջ գյուղերով, հեռանում են Հայաստանից: Նրանց համար պետք է ապահովել բարենպաստ պայմաններ ազատագրված տարածքներում՝ ստեղծել ենթակառույցներ, տրամադրել անասուններ, գյուղատնտեսական տեխնիկա եւ մեծ հողակտորներ, անգամ եթե դրա համար կարիք կա, վերաբաշխել նորաթուխ «լատիֆունդիստների» տնօրինության տակ հայտնված տասնյակ քառակուսի կիլոմետրանոց հողակտորները: Ընդ որում՝ անհրաժեշտ է իրականացնել տարեկան առնվազն 10 հազար հոգու վերաբնակեցում:
Մենք միաժամանակ հորդորում ենք ադրբեջանական կողմից ստորագրված փաստաթղթերի որեւէ դրույթի հերթական խախտման՝ այդ թվում ռազմատենչ հայտարարությունների (ուժի կիրառման սպառնալիքի) հնչեցման, շփման գծում դիպուկահարների գործողությունների դեպքում՝ էլ ավելի արագացնել վերաբնակեցման գործընթացը: Այսօրինակ գործողությունները, որոնք չեն խախտում հայկական կողմերի ստանձնած որեւէ գրավոր պարտավորություն, լավագույն միջոց են տարածաշրջանում Բաքվի կողմից լարվածության սրմանը միտված քայլերը չեզոքացնելու համար»: