Լռե՞լ, թե՞ ստորագրությունը (պատվիրակությանը) հետ կանչել
Ամիսներ առաջ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից մինչ այսօր նրանց երկխոսության մեջ որեւէ տեղաշարժ չկա եւ հավանաբար չի էլ սպասվում։ Հայկական իշխանությունները կարծես դեմ են առել պատի, որից ոչ մի ռեալ շարունակություն չի երեւում։ Նրանք ոչ այն է՝ լռեն, ոչ այն է՝ ետ կանչեն արձանագրությունները։ Երկու դեպքում էլ հարցը մեզ համար շահեկան լուծում չի ստանա, որի պատճառով իշխանությունները պարտադրված են մնալ սպասողի կարգավիճակում։ Հետաքրքիր է, արդեն որերորդ անգամ էինք ուզում աշխարհին ցույց տալ, որ տեսեք-տեսեք, մենք միշտ սրբորեն տեր ենք կանգնում մեր խոսքին, իսկ թուրքերը՝ մշտապես դրժում։ Իսկ դաժան աշխարհը, ինչպես միշտ, այս անգամ եւս չգնահատեց մեր անկեղծությունը եւ հայ-թուրքական արձանագրությունների հարցում այսօր ունենք այն, ինչ ունենք։
Վերջին ամիսներին Հայաստանի քաղաքական շրջանակներում ամենահաճախ քննարկվող հարցերից մեկն էլ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն է, որը բազմաթիվ լսարաններում ամենատարբեր մեկնաբանությունների եւ ասեկոսեների առիթներ տվեց։ Արդեն տեւական ժամանակ է, ինչ իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ ընթանում է որոշակի երկխոսություն, որին եւ քաղաքական ուժերը, եւ լրատվամիջոցները այլաբանորեն որակեցին որպես բաց դուռ, կիսաբաց դուռ եւ այլն։ Ինչպես հայ-թուրքական, այնպես էլ իշխանություն-ՀԱԿ երկխոսության շարունակության վեկտորը եւս բավականին մշուշոտ եւ դժվար կանխագուշակելի է։ ՀԱԿ-ը իշխանություններին ներկայացրած 15 պահանջներից առաջին փուլում՝ ըստ առաջնության, առանձնացրեց 3-ը, որոնք բավարարվեցին իշխանությունների կողմից (ՀԱԿ-ի պնդմամբ՝ դա ժողովրդի ճնշման արդյունք էր, իշխանությունների պնդմամբ՝ դա իրենց բարի կամքի դրսեւորումն էր, իսկ որոշ ուժերի պնդմամբ՝ եվրակառույցների ճնշման արդյունք էր)։ Ըստ ՀԱԿ-ի հայտարարությունների, մնացած պահանջները եւս ուժի մեջ են, ուղղակի նրանք առաջ կքաշվեն հետագայում՝ Կոնգրեսի կողմից նախանշվող ժամկետներում։ Այդ պահանջների կատարումից ՀԱԿ-ը կարծես ոգեւորվեց եւ փորձեց երկխոսությունը շարունակել բանակցային ֆորմատով, որն արտահայտվեց Կոնգրեսի կողմից 5 հոգանոց պատվիրակության առաջադրմամբ՝ իշխանություններին։ Սակայն, ինչպես եւ կանխատեսելի էր, Կոնգրեսի այս քայլն իշխանությունների կողմից չարժանացավ համարժեք արձագանքի եւ իրականում՝ այդ հանձնախումբը մնաց առկախված վիճակում։ Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն այս փուլում շատ ավելի նմանվում է շախմատային մրցամարտի եւ ՀԱԿ-ի կողմից այդ հանձնախմբի ձեւավորումը՝ նույն շախմատային լեզվով ասած, ավելի շատ զոհաբերության էր նման, որին իշխանությունը պատասխանեց սառնասրտորեն։ Իհարկե, զոհաբերությունն այս պարագայում ոչ այնքան ֆիզիկական, որքան՝ հոգեբանական էր։ ՀԱԿ-ի այդ քայլը չափազանց ռիսկային էր, ինչու չէ՝ նաեւ ստուգողական, որի ոչ ճիշտ շարունակությունը նրան ուղիղ գծով կտանի պարտության:
ՀՀ նախագահը հունիսի 17-ի հայտարարությամբ՝ ՀԱԿ-ին ուղղակի, իսկ մնացած ուժերին անուղղակի ասաց, որ իշխանությունը չի պատրաստվում բանակցել որեւէ քաղաքական ուժի հետ եւ ընդամենը՝ իրեն թույլ կտա երկխոսել կամ լսել ցանկացած քաղաքական ուժի, որը կունենա կառուցողական առաջարկություններ կամ մտահոգություններ։ Այս հայտարարությունը՝ որպես ՀԱԿ-ին արված պատասխան քայլ, բնավ պարզունակ չէր, քանզի այն եւս պարունակում էր զոհաբերության որոշակի տարրեր, որի շարունակությունը նույնպես լուսավոր չէ։ Այլ խոսքով, նախագահը դիվանագիտորեն օգտվելով ՀԱԿ-ի քայլի ռիսկայնությունից, նրան պարզորոշ ասաց, ընկեր ՀԱԿ, դու ոչ ավելի, ոչ պակաս՝ ընդամենը Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերից մեկն ես եւ փորձիր տեղավորվել այն նույն ձեւաչափի մեջ, որի մեջ մնացած բոլորն են։ Չնայած ՀԱԿ-ի «փոքր տարիքին», այդ պատասխանը պետք է որ անակնկալ չլիներ նրա համար եւ, կարծում եմ, Կոնգրեսը խոր վերլուծությունների արդյունքում կփորձի ստեղծված վիճակից ճիշտ շարունակություն գտնել։ Կարծում եմ, այս իրավիճակում ՀԱԿ-ն ունի չորս հնարավոր շարունակություն։ Առաջին. լռել եւ նախագահի հայտարարությունը թողնել անարձագանք։ Երկրորդ. այդ հայտարարության վերաբերյալ կատարել համապատասխան վերլուծություններ, ժողովրդին եւ իշխանություններին տալ որոշակի բացատրություններ եւ եւս մեկ անգամ ողջախոհության կոչ անել իշխանություններին՝ այդ «չարաբաստիկ» բանակցությունների մասով։ Երրորդ. կազմակերպել հզոր նստացույցեր՝ հստակ նպատակներով եւ անխոցելի հեռանկարով։ Չորրորդ. հեղափոխություն, որն այս իրավիճակում անթույլատրելի է։ Ազատության հրապարակում հունիսի 30-ին կայացած հանրահավաքում ՀԱԿ-ն ընտրեց երկրորդ տարբերակը եւ գլխավոր հռետոր Լ. Տեր- Պետրոսյանը իշխանություններին բացատրեց, որ երկխոսությունը եւ բանակցությունը առանձնապես չեն տարբերվում իրարից։ Ապա ավելացրեց, երկխոսությունը դա երեւույթի բովանդակությունն է, իսկ բանակցությունը՝ ձեւը։ Ըստ բանախոսի, իշխանությունն այս պարզ բանը չհասկացավ եւ սկսեց ամբիցիաներ հանդես բերել։ Նա նշեց, որ Կոնգրեսն ամեն ինչ ճիշտ է արել՝ հիմնականում երկրի ներքին կայունությունը չխաթարելու համար եւ հուսով է, որ իշխանությունները կհասկանան սա, պարտադրված կլինեն Կոնգրեսի հետ գնալ նման բանակցությունների եւ համատեղ կորոշեն արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված հարցերը։ Իրականում, այս պահին ՀԱԿ-իշխանություն եւ հայ-թուրքական երկխոսությունները՝ այնպիսի իրավիճակում են, որ, ինչպես իշխանությունների, այնպես էլ ՀԱԿ-ի համար շատ դժվար է գտնել խելամիտ շարունակություն, որի պարագայում ապահովվի այդ երկխոսության անցնցում ընթացքը։ Այլ խոսքով, իշխանությունն արդեն սեղմել է իր ժամացույցը, որին, որպես պատասխան, ՀԱԿ-ը կամ պետք է լռի, որն այս իրավիճակում քաղաքականապես անընդունելի է եւ որի դեպքում կընկնի իր ժամացույցի սլաքը, կամ պետք է հետ կանչի իր իսկ կազմավորած հանձնախումբը եւ որդեգրի այլ մարտավարություն՝ գոնե եղածը պահպանելու համար։