Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՂՎԱՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հուլիս 08,2011 00:00

Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղում հնագիտական պեղումներ սկսվեցին իրականացվել այն բանից հետո, երբ գյուղապետ Սպարտակ Զաքարյանը գարնան սելավներից հետո՝  դաշտ տանող ճանապարհով անցնելիս հողերում բացված կարաս էր նկատել:
Գյուղապետի պատմելով, իր տեսած կարասի վերին շերտը չկար, բայց, այնուամենայնիվ, պարզ երեւում էր, որ կարաս է, իսկ տեսքն էլ շատ հին էր երեւում: Գյուղապետը միանգամից տեղյակ է պահել ՀՀ մշակույթի նախարարությանը: Գյուղ հնագետներ ժամանեցին եւ արդեն 2 շաբաթ է՝ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի 2 հնագետներ` Տիգրան Ալեքսանյանն ու Արման Նալբանդյանը հետախուզական աշխատանքների արդյունքում հելլենիստական ժամանակաշրջանին վերագրվող հին իրեր են գտել: «Երկու կարասային թաղում է բացվել՝ իր պարագաներով. ոսկեզօծ մատանի, ոսկե ականջօղեր, ձիու հարդարանքի պարագաներ եւ այլն: Դրանք Քրիստոսից առաջ առաջին դարի գտածոներ են: Գտել ենք նաեւ պղնձից մեկ մետաղադրամ, որը Տիգրան Մեծի ժամանակաշրջանից է պահպանվել: Դա ամենալավ նմուշն էր, որից մենք հասկացանք, որ գործ ունենք այդ ժամանակաշրջանի իրերի հետ», – «Առավոտի» հետ զրույցում նշեց գիտահետազոտական կենտրոնի հնագետ Տիգրան Ալեքսանյանը:
Գյուղից 3 կմ արեւելք գտնվող տարածքում պեղումներն ու ուսումնասիրությունները դեռ շարունակվում են: Ինչպես պատասխանատուներն են ասում՝ հնագիտական խումբն ընդլայնվելու է, քանի որ արդյունքները սպասելիքներից ավելի են:
Մինչ այդ, գյուղում աշխատող 2 հնագետներին օգնում է Եղվարդ գյուղի 10 երիտասարդ, ովքեր աշխատանքի դիմաց վարձատրվում են:
Ինչպես Տիգրան Ալեքսանյանը նշեց, խմբում ընդգրկված են բարեխիղճ ու հնությունների արժեքը գնահատող գյուղաբնակներ, որոնց ամեն ինչ նախապես բացատրվել է, թե ինչպես պետք է աշխատել` հին, արժեքավոր իրերը չվնասելու ու չփչացնելու համար:
Հ.Գ. Եղվարդը մարզկենտրոն Կապանից մոտ 17 կմ է հեռու: Ավելի քան մեկ տարի առաջ՝ 2010 թվականի ապրիլին «Առավոտը» գրել է, որ հազիվ 300 բնակիչ ունեցող գյուղը Սյունիքի շատ այլ գյուղերի նման կարող է դատարկվել, քանի որ խմելու եւ ոռոգման ջրի խնդիր երբեւէ չունեցած գյուղում այժմ այս երկու ջրերի հարցը լուրջ պրոբլեմ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել