Աշխատանքի վետերանը առաջարկում է վերագործարկել ձեռնարկությունը, աշխատողները ահազանգում են թալանի մասին:
Վանաձոր քաղաքի բնակիչ, աշխատանքի վետերան Գարուշ Խաչատրյանը ՀՀ անկախության 20-ամյակին ընդառաջ, համադրելով Երկրորդ եւ Երրորդ հանրապետությունները, եկել է այն եզրահանգման, որ առանց պետության միջնորդության ու անմիջական հետեւողականության՝ Վանաձորի քիմգործարանի վերագործարկումն անհնար է: Իսկ գործարանը ոտքի կկանգնի, եթե աշխատի պարարտանյութի արտադրամասը: Գարուշ Խաչատրյանը կարծում է, որ պատմական զարգացման յուրաքանչյուր ժամանակահատված հրամայական պահանջ է ժողովրդի կառավարիչների առաջ՝ պահպանել եւ ըստ ժամանակի պահանջի՝ հնարավորինս զարգացնել նախորդ սերունդների նվաճումները:
Գարուշ Խաչատրյանը գիտի, որ գյուղաքաղաք Ղարաքիլիսայում գործում էր կղմինդրի 3 գործարան, 9 փուռ, 3 թոնիր, 1929 թվականին սկսվեց ցիանիմիդի գործարանի, կրի եւ կարբամիտի արտադրամասերի կառուցումը, 1933-ի մարտին ձեռնարկությունը տվեց առաջին արտադրանքը՝ 25 տոննա կիր, հոկտեմբերին գործարկվեց կարբիտի առաջին վառարանը, 1936 թ.-ին գործարանին կից կառուցվեցին բնակելի շենքեր, ստեղծվեց բանվորական փոքրիկ քաղաք, 1940-ին ձեռնարկությունը 12 միլիոն ռուբլու արտադրանք է տվել, միայն 1984-87-ին արտադրվել է 322 հազար տոննա կարբամիտ: «Առաջին 20 տարիները դարձան վերակառուցման ու քիմիական արտադրության զարգացման ժամանակահատված, Երրորդ հանրապետության 20 տարիները քիմիական հսկայի ժամանակի հետ քայլող, տնտեսական նվաճումների փոշիացման, ծրագրված չարագործությունների կազմակերպման ու կիրառման ժամանակահատված էին»,-համոզված է աշխատանքի վետերանը:
Ըստ Գարուշ Խաչատրյանի, ՀՀ կառավարությունը խոստացել է դեմքով դեպի գյուղը շրջվել, ուստի ճիշտ ժամանակն է գյուղացուն ռեալ օգնություն ցույց տալու՝ ֆերմերային տնտեսությունները կոոպերացնելու, տեխնիկական բազան կենտրոնացնելու, պարարտանյութերով ապահովելու, վարկերի տոկոսադրույքները իջեցնելու:
Գարուշ Խաչատրյանը կառավարության ուշադրությունն է հրավիրում Վանաձորի «Քիմարդ» միավորման հզորությունների՝ առաջավոր տեխնոլոգիաներով վերակառուցման վրա: «Սա հրատապ խնդիր է, ինչպես այդ նպատակով 30-ականներին ցիանիմիդի գործարանի շահագործումը: Ժողովրդական տնտեսությունը իրենց չարագործություններով փոշիացնողների փոշու մեջ կթաղի նրանց անփառունակ գործերը, կբացի հազարավոր աշխատատեղեր, կկանխի արտագաղթը, կնպաստի հայրենադարձությանը, լայն ճանապարհ կտա ներկա պահանջներով ապրելու եւ արարելու համար: Սա ազգային արժանապատվության վերականգնման, հայապահպանությանը նպաստող ազգանվեր գործ է»,- վստահ է Գարուշ Խաչատրյանը:
Աշխատանքի վետերանը փորձել է հանդիպել Վանաձորի «Քիմարդի» տնօրեն Ալեքսանդր Սնիգիրյովի հետ: Չի հաջողել: Նրան հանդիպել են փոխտնօրենները եւ ասել, որ մեծ քանակի պարարտանյութ չեն կարող արտահանել Հայաստանից, իսկ փոքր քանակն էլ ձեռնտու չէ: Գարուշ Խաչատրյանը զարմանում է ու հիշեցնում, որ խորհրդային տարիներին քիմգործարանի արտադրանքը առաքվում էր Անգլիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Հնդկաստան, Վիետնամ, Կուբա, Բելգիա, Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, Լեհաստան, Չեխոսլովակիա: Նրա կարծիքով՝ պետք է օգտագործել այս շուկաները:
2009 թ. հունվարին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եկել էր ծանոթանալու կալիումական եւ ազոտական պարարտանյութերի արտադրության կազմակերպչական աշխատանքներին: Պատասխանատուները խոստացան, թե կալիումական պարարտանյութի արտադրամասը կգործի փետրվարից, իսկ ազոտական պարարտանյութեր կարտադրեն հունիսից: Խոստացված ժամկետներում արտադրամասերն աշխատեցին, բայց «այնպես ստացվեց, որ ազոտական պարարտանյութի արտադրամասի բացվելն ու փակվելը մեկ եղավ, մոտ մի ամիս աշխատեցինք»,- ասում են արտադրամասի աշխատակիցները: Ու մինչ աշխատանքի վետերանը պահանջում է վերագործարկել «Քիմարդը», ձեռնարկության աշխատակիցները ահազանգում են, թե գործարանը թալանվում է: Ամեն Աստծո օր զանգում ու տեղեկացնում են, թե ինչ են հանել, որ վաճառեն, բայց 7 ամիս չստացած աշխատավարձի ու ներսում տիրող իրավիճակի մասին խուսափում էին բարձրաձայնել՝ ներկայանալով: