Հայաստանը լաբորատոր պայմաններ չունի ուրան ստանալու համար
2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ եւ 233-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քաղաքացիներ Սումբատ Տոնոյանի եւ Հրանտ Օհանյանի կողմից 2010 թ. մարտին Երեւանում 90.8% գերհարստացված ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ Գարիկ Դադայանից ձեռք բերելու, Երեւան-Թբիլիսի գնացքով մաքսանենգությամբ Վրաստան տեղափոխելու եւ Թբիլիսի քաղաքում իրացնելու դեպքի առթիվ: Գարիկ Դադայանը 2004թ. ռադիոակտիվ ուրանի մաքսանենգության ու իրացման համար հասցրել էր նախկինում դատապարտվել:
2010 թ. ապրիլի 22-ին Գ. Դադայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով (ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության օժանդակություն) եւ 233-րդ հոդվածի 1-ին մասով (ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառություն)՝ այն բանի համար, որ նա 2010 թ. մարտի սկզբներին գտնվելով Մոսկվայում, Երեւանի բնակիչներ Հրանտ Օհանյանից եւ Սումբատ Տոնոյանից հեռախոսազանգով առաջարկ ստանալով Վրաստանում գերհարստացված ռադիոակտիվ ուրան իրացնելու նպատակով այն հայթայթելու եւ իրենց տրամադրելու վերաբերյալ գործարքից ակնկալվող շահույթը նյութի իրացումից հետո բաշխելու պայմանով, հանցավոր համաձայնության է եկել երկուսի հետ:
Գ. Դադայանը, ըստ մեղադրական եզրակացության, պահանջել եւ Ս. Տոնոյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար ճանապարհածախս՝ «Յունիստրիմ» բանկային փոխանցման համակարգի միջոցով եւ 2010 թ. մարտի 10-ին Մոսկվա-Երեւան չվերթով վերադարձել է Երեւան: Նույն օրը նա Հրանտ Օհանյանին տրամադրել է ապօրինի ձեռք բերված 17 գրամ գերհարստացված ռադիոակտիվ ուրան՝ ծխախոտի տուփի մեջ: Ռադիոակտիվ նյութը մարտի 11-ին ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ Հ. Օհանյանը եւ Ս. Տոնոյանը նույն օրն այն փորձել են իրացնել Վրաստանի քաղաքացի Զազա Կիվկիվաձեին, սակայն հայտնաբերվել են Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
Գ. Դադայանը, ըստ էության, մարտի 11-ին օժանդակել է Ս. Տոնոյանին եւ Հ. Օհանյանին՝ ՀՀ մաքսային հսկողությունից թաքցնելով 17 գրամ ուրանը, տեղափոխել Վրաստան, ինչպես նաեւ ապօրինի ձեռք է բերել եւ պահել վերոնշյալ ռադիոակտիվ նյութը:
Վրաստանում հարուցվել է քրեական գործ: Ս. Տոնոյանը եւ Հ. Օհանյանը Վրաստանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության համար ու դատապարտվել են համապատասխանաբար 14 եւ 13 տարի ազատազրկման:
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործից անջատվել է Գ. Դադայանի վերաբերյալ մասը եւ 2010 թ. դեկտեմբերի 9-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս տարվա մայիսի 25-ի դատավճռով Գ. Դադայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 233-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ: Սակայն մինչ օրս դեռ չի ճշտվել, թե իրականում ո՞րն է եղել Վրաստան տեղափոխված ուրանի ձեռքբերման աղբյուրը, քանի որ գործի քննությամբ պարզվել է, որ Հայաստանում չկան համապատասխան տեխնիկական եւ լաբորատոր պայմաններ՝ 90.8% գերհարստացված ուրան ստանալու համար: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ ներկայումս քրեական գործի անջատված մասը կասեցված է՝ նկատի ունենալով, որ Վրաստանում դատապարտված ՀՀ քաղաքացիներ Ս. Տոնոյանը եւ Հ. Օհանյանը որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ Հայաստանում քննվող վերոհիշյալ քրեական գործով. Վրաստան տեղափոխված ուրանի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ օպերատիվ աշխատանքները շարունակվում են:
Ի դեպ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 25-ի դատավճիռը Գ. Դադայանի պաշտպանների կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
ՀՀ գլխավոր դատախազության գնահատմամբ. «Գ. Դադայանի դատապարտումը առաջխաղացում է 2010 թ. Վաշինգտոնում կայացած Ատոմային անվտանգության գագաթաժողովում ատոմային նյութերի ապօրինի թրաֆիքինգի վերաբերյալ ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում:
Հայաստանը միացել է 46 այլ պետություններին՝ հավաստելով իր աջակցությունը Աշխատանքային ծրագրին, ըստ որի՝ «Մասնակից երկրները կձգտեն անհրաժեշտության դեպքում բարելավել իրենց ազգային քրեական օրենսդրությունը՝ միջուկային նյութերի ապօրինի թրաֆիքինգի եւ միջուկային ահաբեկչության բոլոր տիպի դեպքերը քննելու համար անհրաժեշտ լիազորություններ ունենալու նպատակով, եւ պարտավորություն են ստանձնում նման հանցագործությունները դատապարտելու՝ օրենքի ամենայն խստությամբ»: