«Զարմանում եմ, թե ինչպես է հանքերի փորձաքննության արդյունքում ստացվել դրական եզրակացություն: Չինացիները զարմացել էին՝ այդ տարածքներում ջրաղբյուրներ տեսնելով: Բոլորը զարմանում են, բացի մեր պաշտոնյաներից»,- երեկ ասուլիսում նման կարծիք է հայտնել «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը: Panorama.am-ի փոխանցմամբ, բնապահպանը խիստ մտահոգություն է հայտնել, որ այս փոքր Հայաստանում բոլորը հանքավայրեր են որոնում. «Սա ԱՄՆ-ի հսկայական տարածքները չեն, սա փոքր Հայաստանն է»: Ըստ նրա, բնական պաշարների եւ էներգետիկայի նախարարությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն, Հայաստանում կա 706 ոչ մետաղական եւ 30 մետաղական հանքավայր, որից 22-ն արդեն շահագործվում է: Ի. Զարաֆյանի խոսքերով՝ «Մեր երկրում եղած հանքային հարստությունը մի քանի ընկերությունների ձեռքում է, այդ ցանկը դուք էլ կարող եք նայել: Հանքերը շահագործող խոշոր ընկերություններից են «Վալեքս գրուպը», «ԳեոՊրոՄայնինգը»: Նա անդրադարձել է նաեւ Հրազդանի երկաթի հանքի շահագործմանը. «Վտանգը սպառնում է ոչ միայն Հրազդանին, որը հիմա ծածկվում է տարբեր վտանգավոր օբյեկտներով: Այնտեղ կառուցվում է նաեւ ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որը պետք է ունենա պոչամբար, ինչը եւս վտանգավոր է»: