Երեկ Երեւանի պետական բժշկական համալսարանում մեկնարկել է Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական եռօրյա համագումարը: Առողջապահության ոլորտի մասնագետները, որոնք ժամանել են Արցախից եւ արտերկրից, հանդես կգան գիտական զեկույցներով: Համագումարին ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
հայտնել է, որ մեր երկրում օնկոլոգիական կենտրոն ստեղծելու համար Բելգիան ֆինանսական միջոցներ է տրամադրելու: Ըստ նրա, ներդրումները կկազմեն շուրջ $50 մլն: Նշենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համաժողովի ընթացքում ներկայացրեց Mobile-Health Solution նորարարական լուծումը, որի հիմքում Ericsson ընկերության M-Health անլար տեխնոլոգիան է: Ըստ ընկերության պատասխանատուների, այդ ամենի նպատակն է ստեղծել նոր կատարելագործված միջոցներ բնակչությանը առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար:
Այսինքն՝ հիվանդը հնարավորություն է ստանում բժշկական հետազոտություն անցնել տնային պայմաններում: Այս լուծումը թույլ է տալիս բժշկին հեռավորության վրա հսկողություն սահմանել հիվանդի առողջության հանդեպ: Հիվանդը ցանկացած պահի բժշկին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցի միջոցով կարող է ուղարկել իր առողջական վիճակի մասին տեղեկությունները՝ բուժաշխատողի կողմից շարժական հատուկ սարքավորումների միջոցով դրանք վերլուծելու համար: Սարքավորումը փորձնական շահագործման մեջ կդրվի սեպտեմբերին: