Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պայքարում են գնաճի դեմ

Հուլիս 08,2011 00:00

Այս տարվա հունվարից հունիս ժամանակահատվածում պարենային ապրանքների գները 16,2%-ով աճել են: Ճիշտ է, ամռան սեզոնով պայմանավորված, հունիսից սկսած որոշ ապրանքատեսակների՝ կարտոֆիլի, վարունգի, պոմիդորի, ձկնեղենի, կաթնամթերքի շուկաներում գնանկում է նկատվել, սակայն դա գնորդի գրպանի համար էական ազդեցություն չունի:
Հիմնական սպառման ապրանքների՝ ձեթի, կարագի, մսի, ընդեղենի, շաքարավազի գները չեն փոխվել, դեռ մի բան էլ շարունակում են թանկանալ: Այս շարունակական գնաճն է պատճառը, որ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն ակցիա է սկսել եւ բոյկոտում է թանկացած ապրանքները: Ըստ հ/կ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանի, իրենք իրենց պայքարն ու ուսումնասիրությունը սկսել են սուպերմարկետներից, քանի որ մեծ խանութների ցանցերն են գին թելադրում շուկայում. «Մանր խանութները, եթե անգամ թանկ վաճառեն սնունդը, ապա, միեւնույն է, գին թելադրողը մեծ խանութներն են: Բացի այդ, մարդիկ սուպերմարկետներից են գնում իրենց հիմնական սպառման ապրանքները»: Պարոն Չիլինգարյանի խոսքերով, իրենք հետեւում են այն ապրանքների գներին, որոնք ավելի մեծ սպառում ունեն. «Դեռ ուսումնասիրության արդյունքներ չունենք, ընդամենը 2 շաբաթ ենք աշխատում շուկայում, մեկ ամիսը գոնե լրանա՝ նոր կխոսենք արդյունքների մասին, հիմա շատ ահազանգեր ենք ստանում: Օրինակ, զանգել էին եւ ասում էին, որ մի սուպերմարկետում յոգուրտի ժամկետը մոտ է ավարտին եւ այնտեղ այդ ապրանքի գինն էժանացրել են: Դա նորմալ է, եթե կոնկրետ յոգուրտի համար անհրաժեշտ պահպանման ժամկետները պահվել են, այլ ոչ թե արեւի տակ են դրել եւ երբ ժամկետը մոտեցել է ավարտին՝ գինն իջեցրել են: Ամեն ապրանք ունի իր համար յուրահատուկ պահպանման պայմանները եւ դրանք պետք է պահպանվեն: Մենք դրան էլ ենք հետեւում»:
Մեր այն հարցին՝ իրենց կազմակերպությունն այս ուսումնասիրության ժամանակ հաշվի առնո՞ւմ է, որ Հայաստանում էժան են վաճառվում հատկապես այն ապրանքները, որոնք ներկրված են Թուրքիայից կամ Իրանից եւ անորակ են կամ ժամկետանց, պարոն Չիլինգարյանը պատասխանեց. «Մենք ժամկետանց սնունդի վերաբերյալ ուսումնասիրություններ պարբերաբար կատարում ենք, հիմա էլ ենք դրան հետեւում: Նման աշխատանք է անում նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Նշեմ, որ վերջերս ժամկետանց ապրանքներ հիմնականում մեր խանութներում չեն վաճառվում, եթե լինում են՝ 1-2 դեպք է լինում, որովհետեւ եւ խանութները, եւ մեր քաղաքացիները ուշադիր են այդ հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել