Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԽՈՍԵԼԸ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ»

Հուլիս 08,2011 00:00

\"\"ՀԱԿ-ի լիդերներին խորհուրդ է տալիս ԱԺ նախագահը

Երկարատեւ դադարից հետո երեկ աշխատանքային այցով Գյումրի էր եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ մի խումբ կարկառուն հանրապետականների ու ԲՀԿ-ականների ուղեկցությամբ: Նրան ուղեկցում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԲՀԿ Շիրակի մարզային կառուցի պատասխանատու, երիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ այլք: Նշենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ԱԺ նախագահի պատվին մեծ պատրաստություն էր տեսել. անգամ 1 գիշերվա մեջ ասֆալտապատել էր կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ կարկատել էր այն բոլոր փողոցների փոսերը, որոնցով պիտի անցներ հյուրը: Քանի որ ԱԺ նախագահը երկար ժամանակ չէր երեւացել Գյումրիում, ուստի որոշեց Գյումրի ոտք դնելուն պես լինել մարզպետարանի ու քաղաքապետարանի նորակառույց շենքերում: Քաղաքապետարանում նրան դիմավորեցին հոտնկայս. ամբողջ անձնակազմը մի մարդու պես շարվել էր առաջին հարկում, եւ երբ ներս մտավ պատվիրակությունը, քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը ձեռքի շարժումով նշան տվեց, որ ծափահարեն: Հովիկ Աբրահամյանի գրաֆիկը բավականին ընդգրկուն էր, նա ըստ էության եկել էր Հովհաննես Շիրազի ծննդյան 85-ամյակին նվիրված հանրապետական ասմունքի մրցույթ-փառատոնի փակմանը մասնակցելու, որը մեկնարկել էր նախորդ օրը: ԱԺ նախագահը եղավ «Թռչունյաց տուն» գիշերօթիկ դպրոցում, շորեր նվիրեց երեխաներին, խոստացավ ԱԺ նախագահի ֆոնդից 3 մլն դրամ փոխանցել այս կառույցին, 2012-ի բյուջեն քննարկելիս էլ որոշակի գումար ներդնել մանկատան ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար: Այնուհետեւ այցելեց Հովհաննես Շիրազի տուն–թանգարան, որի բակում էլ զրույցի բռնվեց լրագրողների հետ: ԱԺ նախագահը պատասխանեց լրագրողներին հուզող թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական հարցերին՝ արտագաղթի ու օտարալեզու դպրոցների թեմային, խոսեց իշխանություն-ՀԱԿ երկխոսությունից, նույնիսկ անդրադարձավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսումներին ու պաշտպան կանգնեց վարչապետին: Մտավորականների՝ ԱԺ նախագահին ու վարչապետին ուղղված այն ահազանգին էլ, որ երկիրը դատարկվում է, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. «Ստացել եմ այդ մտահոգությունը՝ գրավոր տեսքով, մենք մտածում ենք, որ առաջիկայում կկազմակերպենք լսումներ եւ կփորձենք մեր հնարավորությունները մեր կառավարության հետ միասին, եթե հնարավոր է՝ ինչ-որ քայլեր կատարել, որ արտագաղթը դադարեցնենք: Դա չեմ կարծում, որ կհաջողվի լիովին կամ ամեն ինչ պետք է որ արվի դա կանխելու համար, բայց մարդկանց նաեւ պետք է հնարավորություն տրվի աշխատատեղ, աշխատանք ապահովել, որպեսզի իրենց սոցիալական խնդիրները լուծեն: Արտագաղթը զուտ սոցիալական խնդիրների առկայության արտահայտումն է, իրոք մտահոգիչ խնդիր է, մտահոգված ենք բոլորս»: ՀԱԿ-իշխանության երկխոսության մասին էլ գրեթե նորություն չասաց, կրկնեց իր հին մտքերը: «Մենք պատրաստ ենք երկխոսելու, ՀԱԿ-ի սպառնալիքներն էլ ի սկզբանե դատապարտված են անհաջողության, ես գտնում եմ, որ այդ երկխոսության ֆորմատը որ կա՝ համերաշխ, հանդուրժող գնանք առաջ, մենք առաջիկայում նաեւ մեր մոտեցումները, պատկերացումները, երկխոսության ձեւաչափը կարտահայտենք, կհնչեցնենք: Երկխոսությունն է լուծելու այն բոլոր խնդիրները, մտահոգությունները, որն ունի ՀԱԿ-ը, նաեւ ունենք մենք՝ իշխանությունները, բոլորս էլ ուզում ենք, որ մեր ժողովուրդը լավ ապրի, ուզում ենք, որ երկրում լինի համերաշխություն, հանդուրժողականություն: Այս մթնոլորտը պատրաստ ենք ձեւավորելու, պատրաստ ենք զիջումների գնալ, քննարկել, յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն պատրաստ ենք քննարկել յուրաքանչյուրի հետ, դա կլինի ՀԱԿ-ի, թե այլ կուսակցության կամ հ/կ ներկայացուցիչ, նույնիսկ քաղաքացի»,- իր մտքերն այսպես շարադրեց ԱԺ նախագահը՝ հիշեցնելով, որ ինքն արդեն իսկ առաջարկել է ԱԺ ամբիոնը դարձնել բազմակարծության ամբիոն: «Իրոք, ազգային ժողովն այն ամբիոնն է, որտեղ պիտի քննարկվեն պրոբլեմները, խնդիրները, փողոցներում խոսելը արդյունք չի տալիս, եթե դուք մտահոգ եք ժողովրդի, պետության խնդիրները լուծելու համար, եկեք ձեր մտահոգությունները հնչեցրեք ամբիոնից, որ բոլորը լսեն: Եվ ես կարծում եմ, որ այս ձեւաչափը մեզ համար ընդունելի է, գնանք քննարկումների, երկխոսենք բարձրաձայնենք խնդիրները»,- խորհուրդ տվեց պարոն Աբրահամյանը: Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե Ահարոն Ադիբեկյանի վերջին հարցումների համաձայն ԲՀԿ առաջնորդը ճանաչվել է նախագահի ամենավարկանիշային թեկնածուն, Հ. Աբրահամյանը հակադարձեց. «Եթե ուշադիր եք, պարոն Ադիբեկյանի հարցումների ցանկում չկան երկրի նախագահն ու վարչապետը, ես էլ չկայի, որ ես լինեի, կարող է ես էլ առաջինը լինեի»,- կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց ԱԺ նախագահը: Վերջում էլ անդրադառնալով վարչապետի՝ արտագաղթի մասին մեծ աղմուկ հանած հարազրույցին, պարոն Աբրահամյանը մեղադրեց լրագրողներին, որոնք աղճատել են վարչապետի խոսքը: «Ո՞նց կարող է երկրի վարչապետը նպաստի, որ մարդիկ արտագաղթեն երկրից»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը, սակայն լրագրողներից մեկի այն պնդմանը, թե վարչապետը հենց էլ այդպես է ասել, քանի որ կա նրա հետ հարցազրույցի ձայնագրությունը, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. «Ասել է, թող պատասխան տա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել