Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը «Forbes»-ից հաշիվ է պահանջել

Հուլիս 08,2011 00:00

Էկոնոմիկայի նախարարը մի բան է ասում, ֆինանսների նախարարը՝ մեկ այլ բան

Այն, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է հեղինակավոր «Forbes» ամսագրի վարկանիշային աղյուսակի վերջին տեղում, մտահոգել է ոչ միայն կառավարությանը: Պարզվում է, ոչ պակաս անհանգստացած է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա երեկ հայտարարել է, որ անհամբեր սպասում է կառավարության ղեկավարի պարզաբանմանը. «Վարչապետը պետք է արձագանքի, եթե այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը՝ թող ասի, որ համապատասխանում է, եթե չի համապատասխանում՝ թող հերքի»: Մինչ այդ  պարզաբանումներ են տվել միանգամից երկու նախարար: «Դա ոչ թե «Forbes»-ի գնահատականն է, այլ ամսագրի ինչ-որ պարապ աշխատակցի անձնական հետազոտությունը: Չկան լուրջ հաշվարկներ, հեղինակը վերցրել է մեզ համար խիստ տարօրինակ թվեր ու անհասկանալի մեթոդաբանությամբ ու տրամաբանությամբ մտավոր վարժություններ է արել: Արդյունքում ստացել է մեզ համար անհասկանալի ու անգրագետ ցուցանիշ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է ամերիկյան ամսագրի խմբագրությանը եւ հաշիվ պահանջել. «Խնդրել ենք պարզաբանեն, թե իրենց աշխատակիցը ինչ մեթոդաբանությամբ է մտավոր վարժություններ արել ու բացարձակ անհասկանալի արդյունքներ ստացել: Նույնիսկ այդ հրապարակման հեղինակը չի կարողացել բացատրել իր հաշվարկները, հետո էլ ընդունել է, որ թվային առումով իր հաշվարկները տեղին չեն»: Նախարարը դժվարացավ պատասխանել, թե իրականում Հայաստանի տնտեսությունը վարկանիշային աղյուսակում որ տեղն է զբաղեցնում. «Համենայնդեպս, Զիմբաբվեի տնտեսության կողքին չենք, ու չկա մի մարդ, որ կարող է ապացուցել, որ աշխարհում ամենավատ տնտեսությունը մերն է»:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մեկնաբանությունն է տվել նաեւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ նշելով, որ ամսագրի գնահատականները հիմնված են Հայաստանում վերջին 3 տարիներին արձանագրված տնտեսական աճի, գնաճի ու դեֆիցիտի ցուցանիշների միջինացման վրա. «Չեմ ցանկանում ասել, որ ամսագրի վարկանիշը իրատեսության հետ կապ չունի, պարզապես խիստ ակնթարթային գնահատական է, որը հաջորդ տարի նույնը չի կարող լինել, քանի որ գնաճի նվազող ու տնտեսական աճի միտում ունենք: «Forbes»-ի գնահատականը մեր տնտեսության հատվածային՝ 2009 թվականին է վերաբերում, եւ առանձնապես խորը ուշադրություն դարձնելու կարիք չկա»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ կառավարության երեկվա նիստում անդրադարձավ մի քանի ոլորտներում իրականացված բարեփոխումներին:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում իրավունքների գրանցման ընթացակարգերում կատարված փոփոխությունների շնորհիվ գույքի տեղազննումն ու չափագրումն այլեւս պարտադիր չեն: «Հենց այս փոփոխության արդյունքում էլ մոտ 10000 քաղաքացի ազատվել է այդ ծախսատար ծառայությունից»,- նկատեց վարչապետը՝ հավելելով, որ տարեկան կտրվածքով 120 000 քաղաքացի առք ու վաճառքի գործարքն իրականացնելու է առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում անցկացված մոնիտորինգը ցույց է տալիս, որ ծառայության որակը բարձրացել է, կոռուպցիոն ռիսկերն էլ՝ կտրուկ նվազել:
Վարչապետը անդրադարձավ նաեւ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում կատարված փոփոխություններին: Էլեկտրոնային համակարգով իրավաբանական անձանց գրանցման նոր տարբերակից արդեն օգտվել է 80 քաղաքացի. «Դեռ տեսակարար կշիռը փոքր է, այն չի գերազանցում ընդհանուր ձեռնարկությունների գրանցման 10 տոկոսը, պետք է տեղեկացվածության մակարդակը բարձրացնենք»: Վարչապետի խոսքով, չնայած այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազել են, բայց քաղաքացիները դեռ շարունակում են բողոքել սպասարկման որակից եւ ծառայությունից օգտվելու համար առաջացող հերթերից:
Ինչ վերաբերում է ավտոմեքենաների տեխզննման գործընթացին, վարչապետն ասաց, որ տեխզննման կտրոնները վարորդները ստանալու են բանկերից: Ֆինանսների նախարարությունն արդեն սպասարկման պայմանագրերը կնքել ու 70000 տեխզննման կտրոններն էլ արդեն տրամադրել է առեւտրային բանկերին:
Պետավտոտեսչության ոլորտում իրականացրած բարեփոխումները եւս վարչապետը դրական գնահատեց: «Էապես պարզեցվել են վարորդական վկայականների ստանալու ու ավտոմեքենա գրանցելու ընթացակարգերը»: Մոնիտորինգն այս ոլորտում կոռուպցիոն երեւույթների նվազում է արձանագրել: Փոխարենը մեծացել են քաղաքացիների դժգոհությունները սպասարկման որակից. «Այստեղ դեռ գերիշխում է ֆորմալիզմը, եւ քաղաքացիները մեծ ժամանակ են ծախսում վկայականները ստանալու համար: Կոռուպցիոն ռիսկերը այս պահի դրությամբ միայն առնչվում են, այսպես ասած, դոնորներին, որոնք միջնորդ են հանդիսանում. այս երեւույթը շուտափույթ պետք է վերացվի»: Ոստիկանությանն էլ հանձնարարեց կրճատել ավտոմեքենաների գրանցման ժամանակահատվածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել