Եթե ձեզնից գերեզմանատանը տեղի համար գումար են պահանջում
Միայն Երեւանում տարեկան մահանում է մոտ 7000 մարդ: Նրանց հուղարկավորությունը փոքր-ինչ վայելուչ կազմակերպելու համար մահացածների հարազատները պետք է ծախսեն առնվազն 62 հազար դրամ՝ դագաղի, երաժշտության, դիակի տեղափոխման եւ այլ ծախսերի համար: Սակայն դա ամենը չէ, մահացածի հարազատներն իրենց հանգուցյալին թաղելու համար հաճախ ստիպված են լինում հսկայական ծախսեր անել՝ բոլոր ծառայությունների համար վճարելով շատ ավելի ուռճացված գումարներ, քան անհրաժեշտ է: Ցավալին այն է, որ մահացածի հարազատները ամենամեծ ծախսերն անում են գերեզմանատնից հողատարածք ստանալու համար, այն դեպքում, երբ այդ ծառայությունը, կառավարության որոշմամբ, տրամադրվում է անվճար:
Այն, որ այս ոլորտում շատ է կոռուպցիան եւ հսկայական գումարների շրջանառությունը, որը չգիտես՝ ի վերջո ում գրպանն է մտնում, «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ «Թաղման բյուրո» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ռազմիկ Հարությունյանը եւ հայտարարեց. «Երեւան քաղաքում ավանդական հուղարկավորություն կատարելու՝ ընտանեկան գերեզմանատան համար մինչեւ 12 քմ հողատարածքը տրամադրվում է անվճար: Հողհատկացումն անում է տվյալ գերեզմանատան վարիչը: Մնացած բոլոր ծառայությունները կամավոր սկզբունքով են՝ փոս փորելը, դագաղ տրամադրելը, երաժշտությունը, կա հատուկ 15 կետից բաղկացած ցուցակ, որտեղ նշված են այդ ծառայությունները եւ դրանց գնացուցակները: Ինչ վերաբերում է գերեզմանատանը տեղի համար գումար պահանջելուն, ապա նշեմ, որ մենք հիմքեր չունենք մարդկանց պատժելու՝ գումար պահանջելու համար, քանի որ դրա մասին միայն խոսում են, ապացույցներ կամ փաստացի դժգոհություններ չկան: Եթե մեկը գա ասի, որ իրենից որեւէ գերեզմանատանը գումար են ուզել, ես խոստանում եմ, որ կապահովենք եւ նրա անվտանգությունը, եւ անձի գաղտնիությունը, թող մեկ անգամ գա ասի, այդ ժամանակ ձեռքից կբռնենք եւ կդատենք: Եթե ձեզնից գումար են ուզում, քարը վերցրեք եւ խփեք այդ գումարն ուզողի գլխին, հետո էլ եկեք մեզ մոտ՝ դժգոհեք, որ ձեզնից գումար են ուզել: Եկեք միասին պայքարենք դրա դեմ, մեր լծակները քիչ են: Վերահսկողությամբ եւ գումարների շրջանառությամբ պետք է զբաղվեն նաեւ ոստիկանները: Ավելորդ գումար ունե՞ք, որ տանում-տալիս եք, ինչի՞ համար եք տալիս»:
Մեր այն հարցին՝ կարո՞ղ է, արդյոք, «Թաղման բյուրոն» մրցակցել թաղման ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների հետ՝ տրամադրելով բոլոր ծառայությունները, այն էլ՝ անվճար, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Մենք չունենք բոլոր ծառայությունները մեզ մոտ, բայց կարող ենք ձեռք բերել: Ասում ենք՝ բերում են: Բացի այդ էլ, անվճար է միայն գերեզմանատանը տրվող հողակտորը, մնացածը վճարովի է. դիակ տեղափոխող մեքենան դարձել է անձնական սեփականություն, որը ծառայություններ է մատուցում վճարովի, դագաղը նույնպես տրվում է մասնավոր կազմակերպությունից, ինչպես նաեւ երաժշտությունը: Եթե հանգուցյալն անապահով ընտանիքի անդամ է, ապա համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում այս ամենն իրականացվում է պետության հաշվին: Նման ընտանիքների թիվը մեծ չէ, տարեկան մահացածների 5%-ն է կազմում: Մի բան էլ նշեմ. հանգուցյալին տեղ են տալիս իր հարազատի բնակվելու վայրին մոտիկ որեւէ բաց գերեզմանատանը: Եթե ցանկություն կա այլ տեղ հուղարկավորությունը կազմակերպելու, ապա փաստաթղթային ձեւակերպում պետք է լինի, չնայած հիմնականում մոտիկ տեղ են հատկացնում եւ էլի անվճար»:
Զարմանալի չէ, որ այս կառույցում նման կոռուպցիա կա, քանի որ կառույցն ինքնաֆինանսավորվող է, եւ 155 աշխատակցից ամեն մեկը ստանում է 50-90 հազար դրամ աշխատավարձ եւ չի ցանկանում հրաժարվել տարիներ շարունակ եկած «ավանդույթներից»:
Գերեզմանատներում անօրինական շրջանառվող գումարների հարցով անհանգստացած է նաեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ գերեզմանատների եւ «Թաղման բյուրոյի» աշխատակիցներին խստիվ զգուշացում է արել, որ որեւէ մեկը չփորձի գումար աշխատել հանգուցյալի հարազատների վրա ճնշում գործադրելով՝ հայտարարելով, որ մարդկանց դժբախտության վրա գումար աշխատելը անբարոյականություն է, եւ եթե որեւէ մեկի նման արարքի մասին ինքը տեղեկանա, ապա անպայման կմիջնորդի, որպեսզի վերջինս արժանի պատիժ ստանա:
Իսկ մինչ այդ, մեր քաղաքացիները հարազատի մահվան դեպքում ավելորդ գումարներ չծախսելու համար ամենատարբեր մեթոդների են դիմում, օրինակ՝ իրենց մահացած հարազատի դին տանում են գյուղ, որտեղ գերեզմանատանը հողակտոր ստանալու համար կամ չեն վճարում, կամ էլ քիչ են վճարում, որի սահմանը չի հասնում երեւանյան $1000-2000-ի:
Երեկ «Թաղման բյուրոյի» ներկայացուցիչը նաեւ ասուլիսի էր հրավիրվել, որի ժամանակ հայտնեց, որ Երեւանում գործում է 20 գերեզմանատուն, որոնցում արդեն տեղ չկա. «Երեւանը փոքր քաղաք է, որի 5 հեկտարն արդեն գերեզմաններ են: Դրա համար էլ ես առաջարկում եմ կառուցել դիակիզարան: Եթե հիմա ընտանեկան գերեզմանատան համար տրամադրվող 12 քմ տարածքի մեջ հուղարկավորվում է 5 հանգուցյալ, ապա այդ դեպքում կտեղադրվի 18 սափոր, եւ ընտանեկանը կդառնա տոհմական գերեզմանատուն: Գերեզմանատների 70-80%-ը կնվազի»: Ասուլիսին ներկա հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, սակայն, դեմ արտահայտվեց դիակիզարանի ստեղծմանը եւ ասաց, որ դա դեմ է Հայ առաքելական եկեղեցուն: