Ազատան գյուղի խաբված գյուղացիներին խորհուրդ է տալիս ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
– Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչները շարունակում են բողոքել, որ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է վճարում կատարել 2007 թվականին մթերած կարտոֆիլի դիմաց: Համայնքի ղեկավար Վ. Իկիլիկչյանը մամուլում վերջերս հայտարարել է, որ ՊՆ-ն գյուղացիներին պարտք է մնում շուրջ 3 միլիոն դրամ: Իրականում ո՞րն է խնդիրը, եւ ո՞րն է պաշտպանության նախարարության պատասխանատվության չափը:
– Արդեն երեք տարի է՝ այդ հարցը չարչրկվում ու շահարկվում է մամուլում: Պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ արձագանքել է այդ հրապարակումներին, իսկ 2011թ. մարտի 3-ին Ազատան համայնքի ղեկավար Վ. Իկիլիկչյանին հիմնավոր եւ սպառիչ կերպով գրավոր հայտնել է, որ նախարարությունը որեւէ կապ չունի Ազատան համայնքի բնակիչների կարտոֆիլի վաճառքի հետ: Զարմանալի է, որ անգամ այդ պատասխանից հետո համայնքի ղեկավարը շարունակում է խնդիրը կապել պաշտպանության նախարարության հետ:
Կարծում եմ, ողջամիտ անձանց համար կասկածից վեր է, որ պաշտպանության նախարարությունը ի վիճակի է կատարել 3 միլիոն դրամի ֆինանսական պարտավորություն: Սակայն այստեղ խնդիրն այլ է. պաշտպանության նախարարությունը որեւէ կապ չունի այն կարտոֆիլի հետ, որը Ազատան համայնքի բնակիչները վաճառել են Կարեն Պապիկյան անունով քաղաքացուն: Կ. Պապիկյանը պաշտպանության նախարարության մատակարար չի հանդիսանում, հետեւաբար նախարարությունը ֆինանսական որեւէ պարտավորություն չունի ինչպես այդ անձի, այնպես էլ Ազատան համայնքի բնակիչների նկատմամբ: Այդ մասին վկայում է նաեւ Կ. Պապիկյանը 2010թ. փետրվարի 18-ին պաշտպանության նախարարությանը հասցեագրած իր նամակում, որտեղ նշում է, որ Ազատան համայնքի բնակիչներից իր գնած կարտոֆիլը եւ առաջացած ֆինանսական խնդիրները որեւէ կապ չունեն պաշտպանության նախարարության հետ: Այս բոլոր փաստաթղթերը կան, եւ այս ամենի մասին տեղյակ է Ազատան համայնքի ղեկավարը:
– Այդ դեպքում ումի՞ց պետք է գյուղացիները պահանջեն իրենց գումարը:
– Նրանից, ում վաճառել են իրենց բերքը: Տուժած կողմը կարող է իր իրավունքները պաշտպանել դատական ճանապարհով: Կարծում եմ՝ համայնքի ղեկավարը պետք է ոչ թե անիմաստ աղմուկ բարձրացնելով իր համայնքի բնակիչներին անորոշության մատնի, այլ քաղաքակիրթ ճանապարհով նրանց իրավունքների պաշտպանությանը օժանդակի: Համայնքի բնակիչների շահերը գրագետ պաշտպանելու փոխարեն պարոն Իկիլիկչյանը անհեռատես ու անհասցե բողոքավորությամբ իր համայնքի փոքրիկ խնդրին տվել է համապետական հնչեղություն եւ արդեն 3 տարի է՝ չի կարողանում ապահովել իր ղեկավարած համայնքի բնակիչների կրած նյութական վնասի վերականգնումը: