Խորհրդարանական ընտրությունների առնչությամբ համոզմունք է հայտնում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը :
– ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովում ընդունված փաստաթղթերից առայժմ հայտնի է միայն հայտարարությունը: Սակայն ենթադրելի է, որ եղել են նաեւ առանձին բանաձեւեր: Դրանք հրապարակվելո՞ւ են:
– Բնականաբար: Բանաձեւերի մեծ փաթեթ կա՝ ամեն հարցի վե
րաբերյալ: Ընդհանուր ժողովը 4 տարին մեկ որոշում է սկսած միջազգային քաղաքականությունից՝ տարածաշրջանի, տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների եւ այլ հարցերի նկատմամբ կուսակցության ընդհանուր ուղեգիծը 4 տարվա համար: Հրապարակվելու է որոշումների այն մասը, որ հանրության համար կարեւորություն ունի: 7-օրյա ժողովը բանաձեւերի բավական ծավալուն փաթեթ ունի, որը միանգամից հրապարակելն է նույնիսկ դժվար: Մի գրքույկի չափ բանաձեւեր են:
– Հայաստանի վերաբերյալ բանաձեւն արտացոլո՞ւմ է արդեն իսկ հրապարակված հայտարարության մեջ առկա այն գնահատականը, ըստ որի՝ մեր պետությունը տակավին ժողովրդավար, իրավական եւ սոցիալական չէ:
– Այո, դա ամբողջությամբ այդպես է: Ընդհանուր ժողովը նախ եկավ հաստատելու մեր նախորդ եռամյակի քաղաքական ուղեգիծը, նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից որդեգրված քաղաքական ուղղությունը: Եվ այդ հաստատումը բխում է հենց այդ տրամաբանությունից, որ իսկապես՝ Հայաստանի ներքին թե՛ ժողովրդավարական, թե՛ սոցիալական, թե՛ իրավական առումով մենք տեսնում ենք լուրջ թերություններ ու բացթողումներ: Այդ առումով՝ մեր կեցվածքի շեշտադրումներն ավելի հզորացել են…
– Այսինքն՝ ավելի կո՞շտ են լինելու գնահատականները:
– Ե՛վ ավելի են կոշտանալու, ե՛ւ դարձել են ավելի համակուսակցական կեցվածք: Եթե նախապես դա միայն Հայաստանի կազմակերպության որդեգրած ուղղությունն էր՝ այն այսօր արդեն համակուսակցական ուղղություն է: Կարծում եմ, Հայաստանի ներքին՝ հիմնականում սոցիալ-տնտեսական իրավիճակն ավելի ծանրացել է, եւ բնական է, որ այդ որոշումները նաեւ կրել են այսօրվա պայմանների դրոշմը: Դիրքորոշումներն ավելի են խստացել շեշտադրումների առումով:
– Թվում է, թե ճգնաժամն արդեն հետեւում է, ուրեմն ինչո՞ւ եք գտնում, թե ավելի է ծանրացել իրավիճակը:
– Ճգնաժամի նկատմամբ սխալ քաղաքականության եւ ընդհանրապես՝ սոցիալ-տնտեսական սխալ քաղաքականության պատճառով մենք երկրի վիճակը գնահատում ենք ծանր ու դժվարին: Եվ կարծում ենք՝ սրա մեջ չկա չափազանցություն: Ամեն մի սովորական քաղաքացի կարող է վկայել դրա մասին: Մեր այսօրվա կյանքը շատ ավելի ծանր է, քան մի քանի տարի առաջ: Եվ սա չի՛ կարող պատահական լինել, չի՛ կարող լինել միայն արտաքին գործոնների պատճառով: Կարող են այդ արտաքին գործոններն էլ դերակատար եղած լինեն, բայց երկիրն այս իրավիճակի է մատնված հիմնականում սոցիալ-տնտեսական քաղաքականության պատճառով:
– Հայտարարության մեջ նշված է, թե ՀՅԴ «քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունն ու համակուսակցական խնդիրը առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստությունն է»: Խնդրեմ մանրամասնեք, թե ինչ քայլեր է սա ենթադրում առաջիկայում: Թե՞ գուցե սպասելու եք քարոզարշավի համար օրենքով սահմանված ժամկետներին:
– Ոչ: Մենք գտնում ենք, որ ընտրությունը քաղաքական երեւույթ է, եւ կուսակցություններն այդտեղ շատ ավելի մեծ աշխատանք ունեն տանելու, քան բուն քվեարկության օրը: Այսինքն՝ ժողովրդին քաղաքականացնելու, մեր ծրագիրը եւ գնահատումների տրամաբանությունը ներկայացնելու եւ քաղաքականապես կազմակերպելու առումով մեծ աշխատանք կա մեր առջեւ, որն իրականացվելու է անմիջապես՝ ընդհանուր ժողովի այդ որոշման պահից սկսյալ: Մեր ընտրապայքարի իմաստը, էությունը պայմանավորված չէ մեր քվեների չափով: Ընտրապայքարը մեզ համար միջոց է մեր գաղափարները տարածելու, ժողովրդին կազմակերպելու ու քաղաքականացնելու, մեր ծրագրերի շուրջ համախմբելու: Եվ այդ առումով՝ մեզ համար դա երկարատեւ պայքարի միջոց է ու հնարավորություն:
– Ըստ այդմ՝ ենթադրվում է, որ արդեն ամռանը ՀՅԴ-ն սկսելու է քայլե՞ր ձեռնարկել ժողովրդին ակտիվացնելու ուղղությամբ:
– Այո, մենք արդեն դա սկսել ենք, ուղղակի շեշտադրումներն են ավելի մեծանալու: «Քվեն ուժ է» նախաձեռնության միջոցով մենք փորձել ենք սկսել մի շարժում, որ ժողովուրդն արժեւորի իր քվեի գինը եւ ակտիվ լինի, մասնակցի ընտրությանը, դերակատար լինի, չմտածի, որ անպայման կեղծվելու է, ինքը չի հաջողելու: Մենք ուզում ենք ժողովրդին համոզել, որ եթե ինքն ուզի՝ կարող է խախտումների դեմն առնել, իշխանության բերել այն քաղաքական ուժին, որին ցանկանում է: Բայց դրա համար պայմանն այն է, որ պետք է գնա ընտրությունների, համոզմունքով քվեարկի եւ ոչ թե փողով:
– Սակայն ՀՅԴ ընդհանուր ժողովն արդեն իբրեւ առկա իրողություն է արձանագրել, որ հայտարարված սկզբունքների եւ իրական կյանքի անհամապատասխանությունը հանգեցրել է «ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձեւավորելու հանդեպ անվստահության»:
– Այո՛, կա անվստահություն, բայց այս վիճակը պետք է փոխենք, քանի որ ուրիշ ելք չկա: Ուրիշ ելքն արդեն նշանակում է առճակատում, զինյալ պայքար, որին մենք հակված չենք: Միակ ձեւը, որով մենք կարող ենք Հայաստանում գալ իշխանության՝ ժողովրդի վստահությունը շահելն է: Եվ որովհետեւ այդպես է՝ մենք գուցե քիչ արդյունք ստանանք, բայց ավելի լավ է՝ տքնաջան աշխատանքի լծվենք ու այս նպատակն իրագործելու առումով հաջողենք, քան թե մտածենք խաբելով, ամբոխավարությամբ ինչ-որ ալիք բարձրացնելու մասին: Մենք մնայունի կողմնակից ենք՝ ոչ թե պահի ազդեցությամբ ինչ-որ դասավորության հասնելու:
– Գիտեմ, որ իմ այս հարցի վերջնական պատասխանը պետք է տա ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն, սակայն քանի որ ընդհանուր ժողովը եւս քննարկել է ընտրական թեման՝ կա՞ն արդյոք որոշված ուղենիշներ, արդեն ակնհա՞յտ է, թե 2012-ի ընտրություններին Դաշնակցությունը մասնակցելու է առանձի՞ն, թե՞ փորձ է արվելու ձեւավորել դաշինք, մի նոր բեւեռ:
– Առաջին հերթին, իրոք դա որոշելու իրավունքը վերապահված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովին եւ մարմնին: Բայց տեսականորեն՝ մենք ոչ մի դուռ չենք փակում: Մենք նախ հավատացած ենք, որ համենայնդեպս՝ անհրաժեշտ է, որ ձեւավորվի մի բեւեռ: Դա անպայման կազմակերպական բնույթի առումով չենք ասում՝ միացյալ ցանկ ձեւավորելու իմաստով եւ այլն: Սա ասում ենք այն առումով, թե ինչպես պետք է տեղի ունենան ընտրությունները, ինչպես պետք է վերաբերվենք ժողովրդին, ընտրությունների փիլիսոփայությանը, բարոյական մի նորմի ձեւավորմանը, որ, դարձյալ եմ ընդգծում՝ մարդիկ քվեարկեն համոզմունքով, այլ ոչ թե ընտրակաշառքով կամ վախով: Այս հարցի շուրջ անհրաժեշտ է ձեւավորել բեւեռ՝ դրա կողմնակիցն ենք: Իսկ այլապես՝ միացյալ ցուցակ ունենալ-չունենալը, ճակատ կազմել-չկազմելը խնդիրներ են, որոնք ընթացքը ցույց կտա՝ մենք չունենք կարծրացած տեսակետ, թե անպայման պետք է մենակ գնանք կամ անպայման պետք է ընտրություններին մասնակցենք միացյալ ճակատով: