Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀՐՈՒՄ Է ԶԻՋՈՒՄՆԵՐԻ

Հուլիս 08,2011 00:00

Չնայած Կազանում արձանագրված ձախողմանը՝ Եվրոպական խորհրդարանի հուլիսի 7-ի նիստում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը հայտարարեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը «պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը՝ համաձայնության հասնելու մինչեւ այս տարեվերջ»: Մեր հարցին, թե հավանական համարո՞ւմ է դա՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Հավանական համարում եմ՝ առանց համաձայն լինելու այդ համաձայնությանը եւ կարծելով, որ այն մեզ լավ տեղ չի տանելու: Այն, ինչ այսօր կա հրապարակի վրա՝ չի կարող դառնալ համաձայնության հիմք: Բայց ցավով ու մտահոգությամբ եմ ասում, որ հավանական համարում եմ, թե կարող է նման դեպք պատահի, քանի որ դրսի ճնշումը մեծ է առնվազն սկզբունքային հարցերում համաձայնություն կայացնելու: Մեր պետությունը 17 տարի է՝ չի կարողանում վերանայել իր որդեգրած ուղղությունը, վերադառնալ զրո կետին: Իսկ 17 տարի առաջ սկսվեց սխալ տեղից՝ բանակցության հիմք դարձավ ԼՂԻՄ-ը, այնինչ պետք է լիներ ԼՂՀ-ն: Այս սխալը ՀՀ իշխանությունը դժվարանում է ուղղել: Հավատում եմ նաեւ, որ եթե մեր ներքին սոցիալ-տնտեսական վիճակը, ներքաղաքական ու ժողովրդի բարոյահոգեբանական մթնոլորտը լիներ լավ, առողջ՝ մեր իշխանություններն այդքան պարտավորված չէին զգա զիջելու»: Մեր ճշտմանը՝ մի՞թե ներքաղաքական մթնոլորտի բարելավում չկա, Հրանտ Մարգարյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում: Այն ուժը, որը փորձում է դրական մթնոլորտ ստեղծել այդ իմաստով՝ այս իշխանությանը հրում է դեպի զիջումների քաղաքականություն: Այս կտրվածքով՝ դա չի կարելի դրական համարել. վտանգավոր երեւույթ է: Դրսի ճնշմանը եկել է միանալու ներքին ճնշումը, թե շուտ արեք՝ այս հարցով հասեք եզրակացության: Եվ հոգ չէ, թե համաձայնության հիմքում ինչ է դրված»:
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչն առանձնացրեց նաեւ, իր ձեւակերպմամբ՝ երկրորդ մեծ վտանգը. «Այս փաստաթղթում ԼՂ կարգավիճակի մասին խոսվում է իբրեւ ինքնակառավարում, որը, կարծում եմ, նահանջ է: Եվ սա անընդունելի է, կարծում եմ, առաջին հերթին՝ ԼՂՀ համար, բայց անպայման նաեւ մեզ համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել