Վստահ է ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը
– Արտախորհրդարանական ընդդիմությունը դրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ, Դուք արտահերթը հավանական համարո՞ւմ եք:
– Վստահ եմ, որ կլինեն հերթական ընտրություններ, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական պահանջի հիմքում պետք է ընկած լինեն ամուր փաստարկներ: Ընտրություններին մնացել է մի քանի ամիս, սեպտեմբեր ամսին, ԸՕ-ի համաձայն, պաշտոնական ընթացակարգեր կսկսվեն, այսինքն՝ հանձնաժողովների ձեւավորում, հանձնաժողովների անդամների վերապատրաստում եւ բազմաթիվ այլ գործառույթներ: Եվ այս իրավիճակում արտահերթ ընտրությունների մասին խոսելու քաղաքական եւ իրավական հիմքեր չկան, կա սոսկ որոշ ուժերի կողմից ցանկություն, որը չի կարող նման գործընթացի համար բավարար հիմք հանդիսանալ: Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է պատրաստվեն հերթական ընտրությունների, որին ընդամենը մի քանի ամիս է մնացել:
– Ինչպե՞ս է իշխող կոալիցիան գնալու խորհրդարանական ընտրությունների՝ մեկ ընդհանուր ցուցակո՞վ, թե՞ առանձին-առանձին, կա՞ որոշում:
– Այդ հարցի քննարկումներ կոալիցիայի ներսում դեռ չկան: Ես կարող եմ ասել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի առանձին: Մենք չենք բացառում նաեւ միասնական ցուցակով մասնակցելու հնարավորությունը, եթե դա կբխի իշխանության միասնական թիմի քաղաքական պայքարի մարտավարությունից: Եթե մեր քաղաքական ընդհանուր թիմի շահերից եւ նպատակներից կբխի միասնաբար գնալու հարցը, ապա այդ շրջանակներում կքննարկենք եւ որոշում կկայացնենք: Կոալիցիոն կուսակցությունների ընտրություններին մասնակցության ձեւաչափը կճշգրտվի թերեւս սեպտեմբերին:
– ՕԵԿ-ում վերջին շրջանում սկսվեց համալրման նոր գործընթաց, եւ այդ պատճառով կարծես Դուք պետք է խնդիր ունենաք համամասնական ցուցակը կազմելիս. այդ նոր մարդիկ, հավանաբար, կձգտեն հայտնվել խորհրդարանում, ինչպե՞ս եք բոլորին բավարարելու:
– Մեզ մոտ ամեն ինչ ճշգրտորեն պլանավորված է: Դժվար է ասել՝ ով ինչի է հավակնում, մարդիկ սոսկ հավակնությունների համար չէ, որ եկել են: Շատերը կյանքում կայացած մարդիկ են, նրանց մի մասը ունեն ֆինանսական հնարավորություններ, անդամակցել են ՕԵԿ-ին եւ ոչ մի ձգտում չունեն, ուղղակի ուզում են լինել թիմի անդամ, ընտրել են մեր թիմը, եւ մենք բարեկամություն ենք անում, միասին ճանապարհ ենք գնում: Եվ այնպես չի, որ բոլոր գործարար մարդիկ ձգտում են խորհրդարան:
– ՀԱԿ-ը իր հանրահավաքների շարքով ձգտում է հասնել իր կողմից առաջ քաշած հարցերի շուրջ երկխոսության, ըստ Ձեզ՝ դա իրո՞ք լուրջ պահանջ է, թե՞ պարզապես նախընտրական ակցիա:
– Մենք կողմ ենք երկխոսությանը եւ ուզում ենք, որ այդ երկխոսությունը լինի, եւ այդ մասին հրապարակային ելույթներ ունեցել են իշխանության առանցքային դեմքերը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, որոնք իրենց հստակ տեսակետն ասել են: Մենք գտնում ենք, որ երկխոսությունը իր դրական արդյունքները տվել է, եւ այն պետք է շարունակել, մենք չենք էլ բացառում, որ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կարող են տեղի ունենալ քննարկումներ կոնկրետ օրակարգային խնդիրների շուրջ: Կարծում եմ, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը հստակ էր, նա առաջարկեց երկխոսություն թե խորհրդարանի, թե կառավարության, թե կոալիցիոն կուսակցությունների մասնակցությամբ:
– Համաձայն չե՞ք, որ այսօր ՀԱԿ-ը իշխանությունների համար շատ շահեկան ընդդիմություն է, որովհետեւ այն հարաբերությունները, որ այսօր կան իշխանության եւ Կոնգրեսի միջեւ, զուտ շահեկան կարող են լինել ցանկացած իշխանության համար:
– Ինձ թվում է՝ այդ հարաբերությունները շահեկան են ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմության համար, որովհետեւ անհրաժեշտ է դուրս գալ ծայրահեղության փոսից, որովհետեւ ծայրահեղությունը նման է ծանր հիվանդության: Մենք պետք է փորձենք իրար հետ խոսել ոչ թե վերջնագրերի լեզվով, այլ երկխոսության բանաձեւի տրամաբանությամբ: Նույն ՀԱԿ-ի համար ձեռնտու է, որ ի դեմս իշխանության՝ ունի ոչ թե ինչ-որ մի ուժ, որը փորձում է ծայրահեղական գործիքներ կյանքի կոչել, այլ պատրաստակամություն է հայտնում կառուցողական երկխոսության: Նույնն էլ՝ իշխանության համար, շատ լավ է, որ արտախորհրդարանական ընդդիմության կողմից հնչում են ոչ թե ծայրահեղական, այլ կառուցողական աշխատանքի կոչեր: Սա պետք է անպայման ողջունել, որովհետեւ սա է ապագայի մեր ճանապարհը, եւ այդ ճանապարհի ուղեկիցը պետք է լինի ոչ թե քաղաքական պատերազմը, այլ քաղաքական մրցակցությունը:
– Այսինքն՝ այսօր մեր հանրապետությունում չկա՞ հեղափոխական իրավիճակ, եւ չկա՞ հեղափոխության հասարակական պահանջ:
– Հեղափոխության հասարակական պահանջ չկա, կա կուտակված խնդիրներն առավել ակտիվ լուծելու հասարակական պահանջ: Այդ խնդիրների լուծմամբ այսօր իշխանությունը զբաղված է, մի մասը լավ է լուծվում, մի մասը դեռ ընթացքի մեջ է: Մենք եւս տեսնում ենք այդ խնդիրները եւ վճռական ենք դրանք լուծել: Ինքս կողմնակից եմ առավել ակտիվ ու նախաձեռնողական ներքին տնտեսական քաղաքականության, քանզի արտաքին քաղաքական ճակատում նախաձեռնողականության պակաս չկա: Ավելին՝ կա Հայաստանի դիրքորոշումների հստակ ընկալում միջազգային հանրության կողմից: Բացի այդ, տեսեք, թե ինչ դրական արդյունքներ ունենք նաեւ Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ձեւաչափերում, կարդացեք նրանց զեկույցները, բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները:
– Ի՞նչ վիճակում է այսօր ՕԵԿ-ը, կա՞ հոսք, թե՞ այլեւս նոր մարդիկ չեն համալրում Ձեր շարքերը:
– Իհարկե, հոսք կա, վերջին մեկուկես ամսվա ընթացքում աննախադեպ նոր հոսք է սկսվել, եւ դա ունի իր բացատրությունը: Երեքուկես տարի մեզ դատապարտեցին նրա համար, որ մենք ընտրություններից հետո կազմեցինք քաղաքական կոալիցիա, մոռանալով, որ կոալիցիա կազմվում է հենց ընտրություններից հետո: Ընդհանրապես աշխարհում քաղաքական իշխանությունը ձեւավորվում է ընտրություններից հետո: Օրինակ, վերջերս Հոլանդիայում ձեւավորվել է փոքրամասնության կառավարություն, որովհետեւ այնտեղ գործող կուսակցություններից ոչ մեկը չի կարողացել վերցնել 50+1 ձայներ, եւ երեք կուսակցություն կազմել են քաղաքական կոալիցիա, ընդ որում՝ տարիներ շարունակ իրար դեմ պայքարողները: Նույնը տեղի ունեցավ Գերմանիայում: Օրինակները շատ են: Մենք նույնպես ընտրությունների արդյունքում ձեւավորել ենք կոալիցիա: Ես գրավել էի երրորդ տեղը, երկրում ստեղծված էր իրոք հեղափոխական իրավիճակ, մեզ հրապարակային առաջարկ արվեց, եւ մենք ընդունեցինք այդ առաջարկը, ու ընտրությունների արդյունքում կազմվեց քաղաքական կոալիցիա: Սա ակնհայտ է: ՀԱԿ-ն այսօր խոսում է քաղաքական երկխոսության մասին, մինչդեռ երեքուկես տարի դատապարտեց ինձ եւ ՕԵԿ-ին՝ իշխանությունների հետ երկխոսելու եւ երկրի նախագահի առաջարկով կոալիցիա կազմելու համար: Մինչդեռ այսօր արդեն մարդիկ տեսնում են մեր կատարած քայլի խոհեմությունը, որը երկիրը հետ պահեց թե քաղաքացիական պատերազմից եւ թե արտաքին թշնամու հնարավոր ագրեսիայից: Եթե ՀԱԿ-ը ընտրություններից առաջ է խոսում երկխոսության մասին, ապա մենք երկխոսության գաղափարը ընդունեցինք եւ քաղաքական դաշինք կնքեցինք ընտրություններից հետո մեր հավաքած քվեների արդյունքում: Սա է ճշմարտությունը:
– Այն պահին, երբ Դուք թողեցիք ԱԺ նախագահի պաշտոնը, Ձեր անվան շուրջ ծագեցին խոսակցություններ, թե Դուք նախապես պայմանավորվածության արդյունքում եք հեռանում՝ որոշ ժամանակ ընդդիմություն աշխատելու եւ ընդդիմադիրի կերպարում առավել ձայներ հավաքելու նպատակով: Եվ այս դեպքում եւս «Օրինաց երկիրը» վարկաբեկվեց:
– Եղան այդպիսի խոսակցություններ, բայց դա եւս հօդս ցնդեց: Ես ԱԺ նախագահ էի, իմ գլխավորած կուսակցությունն ավելի մեծ իշխանություն ուներ այն ժամանակվա կոալիցիայում, քան այսօր: Մենք ավելի շատ լծակներ, դիրքեր եւ պաշտոններ ունեինք թե օրենսդիր եւ թե գործադիր իշխանությունում: Այսինքն ի՞նչ՝ մենք թողեցինք մեր մեծ իշխանությունը, մեծ ներգրավվածությունը, տարիուկես ընկանք քաղաքական ծանր պայքարի մեջ, որ հետո ի՞նչ լիներ: Հասկանո՞ւմ եք, որ սա առնվազն քաղաքական զառանցանք է: Եվ եթե ես այս մասին խոսում էի երեքուկես տարի առաջ, որոշները չէին հավատում: Այսօր ամեն ինչ ընկավ իր տեղը, քանի որ տեսնում են, որ թե ՕԵԿ-ը եւ թե ես՝ որպես կուսակցության նախագահ, միշտ ազնիվ ենք եղել, եւ սա է պատճառը, որ այսօր գաղափարական հոսք է սկսվել դեպի մեր կուսակցություն: Ի վերջո, վերջին ընտրությունների արդյունքում ԿԸՀ-ն իմ անվան դիմաց արձանագրել է մոտ 20 տոկոս քվե, այն դեպքում, երբ ես մենակ էի՝ ՕԵԿ-ի հետ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանում էին տասնյակ կուսակցություններ, լրատվամիջոցներ, իսկ հավաքած քվեների տարբերությունը չէր գերազանցում նույնիսկ 3 տոկոսը: Եթե այս ամենին գումարենք մեր դեմ ուղղված սեւ քարոզչությունը, ապա իրավամբ՝ այդ ամենի հաշվառմամբ վատ արդյունքներ չենք ունեցել, քանի որ մեր շատ հայրենակիցների լայնածավալ սեւ քարոզչությունն ապակողմնորոշեց:
– Դուք շարունակ շեշտում եք, թե նոր մարդիկ են գալիս դեպի «Օրինաց երկիր», ուրեմն ինչո՞ւ են գալիս:
– Պատասխանը շատ պարզ է՝ գալիս են ՕԵԿ, որովհետեւ ինձ ընտրողների քվեները հավատքով քվեներ են, եւ հիմա մարդիկ տեսնում են, որ ես ճիշտ եմ եղել: Ես ունեցել եմ քաղաքական տարաձայնություններ Ռոբերտ Քոչարյանի հետ, հեռացել եմ, դիմում եմ գրել, դուրս եմ եկել՝ ի տարբերություն ոմանց՝ կամովին, այլ ոչ թե պարտադրանքով, հարցը չեմ դրել քվեարկության, Աստված չեմ կանչել, թե տեսնեք ոնց կլինի այդ քվեարկությունը: Այսինքն՝ ես կամովին, իմ ամբողջ քաղաքական թիմը ինձ հետ վայր է դրել պաշտոնները եւ դուրս է եկել: Իսկ ի՞նչ է, պայմանավորվածության դեպքում 9 մեծամասնականով ընտրված պատգամավոր ստիպողաբար դուրս կգա՞ր ՕԵԿ-ից, ամբողջ գործարար թեւը դուրս կգա՞ր: Ես միշտ ասել եմ եւ հիմա էլ կասեմ՝ ճշմարտությունը սկզբում ծիծաղելի է թվում, հետո դառնում է վիճարկելի, վերջում՝ անբեկանելի: Դուք ինձ հարցնում եք, թե ինչու են մարդիկ գալիս ՕԵԿ, այն պարզ պատճառով, որ հավատում են մեզ, մեր գաղափարներին, մեր տեսակին, որ անընդհատ ակտիվ ընթացքի մեջ է եւ իր ռեֆորմիստական կեցվածքով բազմաթիվ լուսավոր փոփոխություններ է բերել մեր իրականության մեջ, եւ դրանք վերաբերել են հարյուր հազարավոր մարդկանց: Հենց սա է պատճառը, որ ՕԵԿ-ը ավելի ու ավելի է ուժեղանում, եւ մեր համախոհների թիվը շատանում է: Եվ սա պայմանավորված է մեր տեսակի ճիշտ ընկալմամբ եւ մեր արած գործերով:
– Ի դեպ, Ձեր արած գործերի մասին, վերջին շրջանում վերլուծություններ են արվում, թե ՕԵԿ-ի ներկայացրած օրինագծերը դարձյալ պոպուլիստական են եւ ոչինչ չտվող:
– Երբ մենք ավանդների վերադարձման մասին էինք խոսում, դարձյալ մեզ մեղադրում էին պոպուլիզմի մեջ, մեր գրադարանում այդ թեմայով 100-ից ավելի հոդված կա, մինչդեռ այսօր տասնյակ հազարավոր մարդիկ արդեն ստացել են իրենց ավանդները: Երբ Հայաստանում ծննդօգնությունը օրենքի ուժով դարձրեցինք անվճար, որի արդյունքում 2009-2010-ին մեր երկրում բնական աճ արձանագրվեց, մեզ դարձյալ սկզբում մեղադրեցին պոպուլիզմի մեջ: Այստեղ արդյունքները նույնպես ակնհայտ են, որովհետեւ տեսանելի բնական աճ ունեցանք: Երբ մենք օրենքի ուժով վերջ դրեցինք դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների, ուսումնարանների շենքերի վաճառքին, նորից մեզ մեղադրեցին պոպուլիզմի մեջ, բայց այսօր երբ մանկապարտեզները դարձել են անվճար, տեղ չկա, որ երեխաներին տանեն, որովհետեւ մինչ այդ 1300 շենքերից 600-ը ծախել էին կոպեկներով, եւ մենք դրան եւս վերջ դրեցինք: Երբ մենք առաջարկում էինք երկրում ներդնել մրցակցային կրթության սկզբունքը՝ ասելով, որ նախապատվությունը պետք է տալ երեխայի գլխի պարունակությանը, այլ ոչ թե ծնողի գրպանին կամ սոցիալական կարգավիճակին, մեզ դարձյալ մեղադրում էին, բայց մենք օրենքը անցկացրեցինք եւ վերացրեցինք մինչ այդ գործող պետպատվերի արատավոր կարգը, եւ այսօր հազարավոր երիտասարդներ կրթություն են ստանում անվճար՝ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքներով, եւ մարդիկ շնորհակալ են մեզանից: Հիմա նույնը կատարվում է նոր նախաձեռնությունների հետ: Հիմա մենք առաջարկում ենք, որ նոր ամուսնացող սոցիալապես անապահով զույգերին պետությունը միանվագ օգնություն ցուցաբերի, չնայած ԼՂՀ-ում այդ կարգը այսօր գործում է, կրկին մեզ մեղադրում են նաեւ այս հարցում: Վստահ եմ, որ այս օրենքը եւս ինչ-որ ժամանակ անց կյանքի է կոչվելու: Մենք առաջարկել ենք ներդնել ուսանողական երկարաժամկետ՝ 15-20 տարվա վարկավորման համակարգ, ինչպես կա ամբողջ աշխարհում: Մենք ասում ենք՝ երեխայի ուսման ընթացքում տալ վարկ՝ 15-20 տարով, որպեսզի ուսումից հետո նոր կյանք մտնող երիտասարդը հնարավորություն ունենա աշխատել եւ իր ուսման վարկը մարել: Սրա համար կա միջազգային փորձ: Այստեղ մեզ նույնպես քննադատում են, բայց մենք վստահ ենք, որ որոշ ժամանակ անց այս օրենքը կգործի: Մեր հաջորդ նոր նախաձեռնությունը՝ Երեւան քաղաքում վերջին երկու տարում 200-ից ավելի մանր խանութ է փակվել, մարդիկ գործազուրկ են դառնում: Մենք առաջարկում ենք խոշոր սուպերմարկետների թիվը օրենքով սահմանափակել Երեւան քաղաքում: Այստեղ եւս քննադատներ ունենք, բայց պայքարելու ենք այն կյանքի կոչելու համար: Մենք առաջարկում ենք օրենքով պաշտպանել մանր գործարարներին: Նախագիծը ներկայացվել եւ արդեն իսկ վերջերս ընդունվել է, որի արդյունքում այսօր մինչեւ 6 մլն դրամ շրջանառություն ունեցող մանր ձեռներեցները անհրաժեշտություն չունեն կանգնելու հարկային հաշվառման, նրանք պետք է մուծեն հաստատագրված արտոնավճար եւ աշխատեն առանց պետական մարմիններում գրանցվելու: Կամ առաջարկում ենք ազատականացնել նոտարական համակարգը, եւ լավ է, որ կառավարությունը եւս աջակցում է մեր նախաձեռնությանը: Բազմաթիվ այլ նախաձեռնություններ եւս կան, եւ եթե սրանք ոմանք այսօր համարում են պոպուլիստական, ապա, համոզված եմ, վաղը արդյունքները տեսնելով՝ այլեւս այդպես չեն մտածի:
Վերջում հավելեմ. «Օրինաց երկիր» կուսակցությունը տասնչորսամյա կենսագրություն ունեցող կայացած քաղաքական ուժ է եւ իր ուժը բազմիցս ապացուցել է բոլոր ընտրություններում: Համոզված եմ, որ մենք այն կապացուցենք նաեւ ապագայում: Վստահ եմ, որ մեր բարեկամները կողջունեն մեր ընթացքը, իսկ չարակամներին բարություն եմ մաղթում: