Ավետիք Իշխանյանը՝ ընդդիմության եւ իշխանության երկխոսության մասին
– Հայ ազգային կոնգրեսը եւ Սերժ Սարգսյանի իշխանությունն արդեն մի քանի ամիս է՝ փորձում են երկխոսել՝ 2008-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած մի շարք՝ անգամ ողբերգական իրադարձություններից եւ իրար նկատմամբ բացահայտ ու բացարձակ մերժողական դիրքորոշումներից հետո: Կարծում եք՝ ստացվո՞ւմ է կամ կստացվի՞ երկխոսությունը:
– Սա նորություն չէ հենց նույն «Հանրապետական» կուսակցության եւ ՀՀՇ-ի միջեւ: 1992-93 թվականներին «Հանրապետական» կուսակցությունը ստորագրություններ էր հավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջելու: Հետո գնացին երկխոսության, եւ «Հանրապետականը» հայտնվեց «Հանրապետություն» բլոկի մեջ, իսկ հետագայում, Վազգեն Սարգսյանի շնորհիվ, եկան իշխանության: Այսինքն՝ նրանք եղել են 1995 թվականի Սահմանադրության համախոհներ, համատեղ մասնակցել ընտրակեղծիքներին։ Հայաստանում իշխանություն չի փոխվել՝ իշխանության մի թեւը մյուսին հեռացրել է իշխանությունից: Այս տեսակետից այդ երկու ուժերի միջեւ արժեքային համակարգը նույնն է, ուստի՝ հրաժարական պահանջելուց մինչեւ երկխոսություն՝ շատ բնական է, եւ ավելի բնական կլինի, եթե ինչպես 1995-ին, նրանք ի վերջո համաձայնության գան եւ նույն ցուցակով գնան ընտրությունների: Սա, կարծում եմ, կլինի լավագույն լուծումը հայ հասարակության համար:
– Հասարակության համար ի՞նչ լավագույն լուծում, եթե Ձեր կարծիքով, միեւնույն է, դարձյալ ոչինչ չի փոխվելու:
– Այդ ժամանակ իրական ընդդիմության վակուումը գուցեեւ վերանա: Իսկ հասարակության շահելն այն կլինի, որ ըստ էության կձեւավորվի նոր ընդդիմադիր քաղաքական ուժ: Հայաստանում քաղաքական զարգացումներին կարելի է մի այսպիսի պայմանական ձեւակերպում տալ. մոտավորապես 1992-93-94 թվականներից արդեն հայտնի էր, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդավարական արժեքների կրող չեն: Բայց 1990-ականներից սկսած՝ կար ընդդիմություն, որը հույսեր էր տալիս հասարակությանը՝ գուցե ընդդիմությունն ավելի լավը լինի, քան իշխանությունը: Այդ միտումը՝ կա իշխանություն, որից դժգոհ են, եւ ընդդիմություն, որի հետ հույսեր են կապում, շարունակվեց մինչեւ 2007 թվականը: Հետո մենք ունեցանք իշխանություն եւ ընդդիմություն, որոնք նույնն են: Այսինքն, ի տարբերություն նախորդ շրջանի, այժմ հիշողություն ունեցող մարդիկ հասկանում են, որ եթե իշխանությունը վատն է, ապա ընդդիմությունն առնվազն ավելի լավը չէ։
Ես երկխոսությանը սկզբունքորեն կողմ եմ, երբ հասարակությունն իր տարբեր կառույցների՝ ՀԿ-ների, կուսակցությունների եւ այլնի, միջոցով հստակ քաղաքացիական անհնազանդությամբ, ակտիվությամբ կարողանում է բավականին մեծ ուժ ստեղծել եւ պահանջներ ներկայացնել իշխանությանը եւ քաղաքական այլ ուժերի: Դրանք ոչ թե պետք է լինեն «իշխանությունը մեզ փոխանցեք» կամ՝ «ե՞րբ եք բաժանելու մեր պաշտոնները» կարգախոսով, ինչը հիմա կատարվում է, այլ հստակ պահանջներով, որոնք կարող են նպաստել ՀՀ ապագա զարգացմանը: Այն է՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակացույց, որտեղ մեխանիզմներով երաշխավորված են տեղական ինքնակառավարման ինքնուրույնությունը, դատական իշխանության անկախությունը, քաղաքացիական վերահսկողությունը պետական կառույցների նկատմամբ, ինչից հետո միայն կարող է խոսք գնալ ընտրությունների մասին: Իսկ այսօր միայն ընտրությունների պահանջ դնելը նշանակում է ուղղակի պայքար իշխանության համար: Եվրոպական ժողովրդավարությունն էլ է հաստատվել քաղաքացիական հասարակության ճնշումով եւ իշխանության սահմանափակումով: Մեր հասարակությունը, ցավոք, դեռեւս փնտրում է լավ թագավորի: Ու սա փակ շրջան է լինելու, եւ որեւէ արդյունքի չենք կարող հասնել նույնիսկ հնարավոր հեղափոխության, այսինքն՝ իշխանափոխության պարագայում:
2008 թվականի մարտ ամսին ես մի հոդված տպագրեցի՝ «Մահ կամ իշխանություն», որտեղ վերլուծելով իրավիճակը՝ ես երկու կողմերին առաջարկություն էի արել գնալ երկխոսության հետեւյալ օրակարգով՝ իշխանությունը միանգամից ազատ է արձակում բոլոր քաղբանտարկյալներին, հանրահավաքների մասին օրենքը բերվում է նախկին տեսքին, ընդդիմությունը սառեցնում է հեղափոխականությունը, եւ գնում են բանակցություններ վերեւում ասված հարցերի շուրջ: Ընդդիմության շարքերից ընդդիմախոսները սուր հոդվածներով հանդես եկան, անգամ նման արտահայտություններ արեցին՝ «հեղափոխությունն արդուկ չէ, որ հոսանքից անջատես»: Մինչեւ ընդդիմախոսներիս ղեկավարն ասաց, որ ինքը հեղափոխական չէ, եւ ընդդիմախոսս հնազանդորեն անջատեց արդուկը։ Ըստ էության, երեք տարի ունենալով բանտերում տառապող քաղբանտարկյալներ՝ ընդդիմությունը ի վերջո գնաց երկխոսության: Արդյոք ճիշտ չէ՞ր անել այդ ամենն այն ժամանակ եւ երեք տարի չկորցնել: