Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽ ԴԱՏԱՐԱՆ՝ ԿՈՒՐԱՏՈՐՈՒԹՅԱՄԲ

Հուլիս 07,2011 00:00

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել փաստաբանների բարձրացրած այն ահազանգի մասին, որ ՀՀ դատարաններում քրեական գործեր քննող դատավորներն այլեւս պրակտիկորեն արդարադատություն չեն իրականացնում, որ վճռաբեկ դատարանի դատավորները կուրացիա են անում այդ դատավորներին, որոնք գտնվում են արտադատական տոտալ հսկողության ներքո եւ քիչ թե շատ նշանակալի ցանկացած գործ դատավորի կողմից պետք է զեկուցվի վճռաբեկի իր կուրատորին (հսկիչին), որից էլ ինչ հրահանգ ստացվի, այդպիսի լուծում պետք է տրվի:

\"\"

Սա նաեւ նշանակում է, որ ստեղծվել է մի մեխանիզմ, որով դատարաններում առկա պարզ կաշառակերությունը, որի գոյությունն ընդունում է նաեւ հանրապետության նախագահը, վերածվում է կոռուպցիայի՝ վարից վեր ուղղաձիգով:
Նշված տոտալ վերահսկողության եւ հնազանդներին առավել հնազանդեցնելու դրսեւորումներից էր արդարադատության խորհրդի 24.06.2011թ. որոշումը՝ դատավոր Ս. Մնացականյանի վերաբերյալ:
Դատավոր Ս. Մնացականյանը, բավարարելով քննիչի միջնորդությունը մեղադրյալ Ա. Խաչատրյանի նկատմամբ, խափանման միջոց կալանք էր կիրառել, այնուհետեւ իր 30.05.2011թ. որոշմամբ բավարարելով պաշտպանի միջնորդությունը՝ կալանավորումը փոխարինել էր այլընտրանքային խափանման միջոց գրավով, որին չեն առարկել նաեւ քննիչն ու դատախազը:
Դրանից ընդամենը 2 օր անց՝ 01.06.2011թ.-ին վճռաբեկ դատարանի նախագահը գրություն է ուղղել ԱԽ կարգապահական հանձնաժողովին՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, որն էլ հարուցվել է եւ 24.06.2011թ. որոշում է կայացվել դիմել հանրապետության նախագահին՝ դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Այն, որ կալանավորումը գրավով փոխարինելու դատարանի որոշումից երկու օր անց վճռաբեկի նախագահն արդեն բարձրացրել է դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը եւ կիրառվել է ամենածանր պատասխանատվության միջոցը՝ լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը, վկայում է տոտալ վերահսկողության մասին եւ չեմ կասկածում, որ դրա իրական պատճառն է դատավորի կողմից իր կուրատորի հրահանգը չկատարելը: Սա նաեւ մյուս դատավորներին է ուղղված. կուրատորի հրահանգը պետք է կատարվի, իսկ դատական ակտի պատճառաբանված լինել կամ չլինելը՝ ընդամենը պատրվակ է:
Ի դեպ, ԱԽ որոշման միակ պաշտոնական հիմքը գրավ կիրառելու որոշման չպատճառաբանված լինելն է, ուստի անդրադառնանք դրան:
Նախ նշենք, որ ՀՀ քրդատօրի 135 հոդվածի համաձայն. «Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց եւ կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին»: Սա նշանակում է, որ բոլոր այն դեպքերում, երբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որպես դրա այլընտրանքային միջոց՝ կարող է կիրառվել գրավը:
ԱԽ-ն, չգիտես ինչու, անտեսել է գրավի կիրառման կամ մերժման մասին վճռաբեկի նախադեպային 31.10.2008թ. որոշումը, որի համաձայն. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում՝ պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա» կամ «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում…»:
Ինչպես տեսնում ենք, վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումում խոսք է գնում ոչ թե կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը պատճառաբանելու, այլ՝ գրավի կիրառումը մերժելը պատճառաբանելու մասին, որը բխում է նաեւ «Նախնական կալանքն օգտագործելու, կիրառման պայմանների եւ խախտումների դեմ երաշխիքների մասին» Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ (2006) 13 հանձնարարականից, որի համաձայն՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը եւ անձի՝ ի սկզբանե ազատ լինելու կանխավարկածը, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ նախնական կալանքի կիրառումը պետք է լինի բացառություն, այլ ոչ թե նորմ, կալանքի տակ պահելու պարտադիր պահանջ չպետք է լինի, նախնական կալանքը պետք է կիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ որպես ծայրահեղ քայլ:
Այդքանով հանդերձ, գրավի վերաբերյալ որոշումը եղել է պատճառաբանված: Բերենք դրանից մի հատված, որը նշված է ԱԽ-ի որոշման մեջ. «Այսպիսով, դատարանը, քննարկելով միջնորդությունը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, գտնում է, որ սույն քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Ա. Խաչատրյանի նկատմամբ գրավի կիրառումը պետք է ճանաչել թույլատրելի, ինչը կարող է քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ պահել մեղադրյալի գտնվելը եւ ապահովել նրա պատշաճ վարքագիծը: Ելնելով վերոգրյալից՝ դատարանը, մեղադրյալ Ալբերտ Ռաֆիկի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելը ճանաչելով թույլատրելի, գրավի չափ է սահմանում մեկ միլիոն (1.000.000) ՀՀ դրամը»:
Հիշեցնեմ՝ վճռաբեկի նախադեպային որոշմամբ՝ գրավի մերժումը պետք է լինի պատճառաբանված:
Հետաքրքրական է նաեւ, որ կուրատորի արտադատական հրահանգը չկատարած դատավորին ԱԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել ՀՀ դատավորի վարքագծի կանոնների 2-րդ կանոնի խախտման համար, որի համաձայն. «Դատավորը պարտավոր է իր վարքագծով ամրապնդել կողմերի, իրավաբանական հանրության եւ հասարակության հավատը դատավարության, դատավորի եւ դատարանի անկախության, անկողմնակալության եւ արդարության հանդեպ»: Ի՞նչ է ստացվում, կուրատորի հրահանգի կատարմա՞մբ կամրապնդվեր հանրության հավատը դատավորի անկախության հանդեպ, ԱԽ-ն այդպե՞ս է ընկալում դատավորի եւ դատարանի անկախությունը:
Ինձ համար նշմարվում է մի միտում, որ դատարանների եւ դատավորների անկախությունն ապահովելու պատրվակով վճռաբեկ դատարանի կողմից փորձ է արվում դատավորներին ձերբազատել տարբեր տեսակի եւ մակարդակի հրահանգողներից (նախագահական, օլիգարխական, ԱԺ, դատախազություն, կառավարություն, կուսակցություններ եւ այլն), որպեսզի միակ հրահանգողը մնա վճռաբեկը, իր կուրատորներով, ինչը նշանակում է, որ դատավորներն արդարադատությունը կիրականացնեն կենտրոնացված հրահանգավորման ներքո. բոլոր մարմիններից հրահանգի պատվերը կիջեցվի վճռաբեկին, որտեղից էլ կիջեցվի վերջնական հրահանգը:
Այսպիսին է անկախ դատարանի այսօրվա տեսլականը:
Այժմ անդրադառնանք ԱԽ-ի որոշման այն հատվածին, որը դրա մեխն է եւ մեջբերենք այն. «Դատարանը չի մատնանշել որեւէ փաստական հանգամանք, որը հնարավորություն կընձեռեր հանգել հետեւության այն մասին, որ 30.04.2011 թ. որոշմամբ արձանագրված եւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացել են: Այսինքն՝ դատարանը, առանց որեւէ իրավական հիմնավորման եւ պատճառաբանության, գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի՝ դրսեւորելով կամայական մոտեցում»: Վերը նշվածի համար էլ դատավորը ենթարկվել է ամենախիստ կարգապահական պատասխանատվության: Բայց բանն էլ հենց այն է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացած լինելու դեպքում ոչ թե կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց գրավը պետք է կիրառվեր, այլ կալանավորումը պետք է վերացվեր, որի դեպքում գրավի կիրառումը բացառվում է. չկա կալանավորման հիմք՝ չի կարող լինել կալանավորում, չկա կալանավորում, չի կարող լինել գրավ:
ԱԽ-ի որոշման վերը նշված մոտեցումն ինձ հիշեցնում է բրեժնեւյան ժամանակների դատարանին վերաբերող մի անեկդոտ, երբ դատարանն ամբաստանյալին 5 տարվա ազատազրկման է դատապարտում, եւ ամբաստանյալի արձագանքին, որ ինքը մեղավոր չէ, դատավորը պատասխանում է. մեղավոր լինեիր՝ 15 տարի կտայի:
Մեր դատական համակարգը կարծես թե բրեժնեւյան ժամանակների դատարաններից հեռու չի գնացել:

Հ.Գ. Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարին կներկայացվեն վճռաբեկ դատարանի իրականում չպատճառաբանված որոշումներ եւ կտեսնենք՝ կարգապահական վարույթ կհարուցվի՞ ու նման չպատճառաբանված որոշումներ կայացրած դատավորների լիազորությունները կդադարեցվե՞ն, թե՞ այստեղ էլ. ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել