Բայց տեղական 15 մասոնների անունները դեռեւս գաղտնի են պահվում
«Առավոտը» տեղեկացրել է, որ հուլիսի 4-ից Հայաստանում է Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզենը: Հայաստան ժամանած մասոններն արդեն հանդիպել են Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, եղել են նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանում, այցելել Ծիծեռնակաբերդ: Երեկ «Գոլդեն Պելես» հյուրանոցում կազմակերպված ասուլիսի ընթացքում նա պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: Գի Արսիզենը Աստծուն չի հավատում, իսկ թե ինչու է որոշել մասոն դառնալ, պատասխանում է՝ հասարակ բժիշկ լինելով Փարիզում եւ շփվելով ծանր պայմաններում ապրող մարդկանց հետ՝ որոշել է վատ վիճակում գտնվողներին օգնել: «Մենք բաց դեմքով ենք հայտնվում, որեւէ գաղտնիք չունենք, բոլորը մեզ ճանաչում են, նկատի ունեմ, որ ի տարբերություն Հայաստանի կամ այլ երկրների, Ֆրանսիայում դա դեմոկրատական, ազատ ասոցիացիա է»,- հայտարարեց Արսիզենը եւ որպես ասվածի ապացույց շեշտեց, որ իր այցի մասին հանրապետության նախագահն էլ է տեղյակ եղել եւ ողջունել է: Չնայած «գաղտնիք չունենալու» մասին պնդումներին, հայ մասոնների անունները տալ նա խուսափեց, միայն հայտնեց, որ Ֆրանսիայում ֆրանկմասոնների թիվը 150 հազար է, Հայաստանում՝ 15. «Այո՛, նրանք թաքցնում են իրենց դեմքը, զգուշություն են անում, որովհետեւ Հայաստանում նկատում եմ, որ ֆրանկմասոնությունը դիտվում է որպես վտանգավոր մի աղանդ: Նրանք այժմ փորձում են կառուցել մասոնական Օթյակ, որպեսզի կարողանան փոխանակություններ ունենալ դրսի մասոնական խմբերի հետ: Այդ ժամանակ ամեն ինչ կբացահայտվի»: Նրա խոսքով՝ Օթյակի կառուցումը հեշտ չէ եւ կարող է տեւել տասը կամ մինչեւ հիսուն տարի: Նա չհերքեց, որ դիմել են հանրապետության նախագահին անհրաժեշտ տարածք ձեռք բերելու համար:
Օրերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե մասոնների ժողովին մասնակցել են նաեւ Հայաստանի մի շարք հայտնի գործիչներ: «Առավոտը» Գի Արսիզենից հետաքրքրվեց՝ արդյոք վերոնշյալ մարդիկ մասնակցե՞լ են իրենց հավաքներին: Արսիզենը պատասխանեց, որ նշված մարդկանց չի ճանաչում, ու հավելեց. «Ֆրանկմասոնության մեջ մարդիկ պակաս կարեւոր են, քան մտայնությունը, դա մի ինստիտուտ է, որտեղ մարդիկ դեմոկրատական ձեւով են մոտենում հարցերին, եւ ես չեմ տա անուններ»:
Քաղաքական բնույթի որեւէ հարցի եւ Հայաստանի մասով ժողովի ընթացքում քննարկած որեւէ թեմայի շուրջ հարցադրումներին մասոնական օթյակի Մեծ Վարպետը չպատասխանեց, ասելով, թե, լինելով օտարերկրացի, իրեն թույլ չի տա խառնվել Հայաստանի ներքաղաքական հարցերին. «Ես իմ երկրի արտաքին գործերի նախարարը չեմ, եւ եթե ունեմ իմ անձնական կարծիքը, չեմ կարող այն հայտնել 150 հազարանոց ֆրանկմասոնների անունից: Պետությունների մեջ սա հարգանքի խնդիր է»: Երեւանում համաժողով անցկացնելու նախաձեռնությունն էլ իրենն է, կարծում է՝ քանի որ Հայաստանն այսօր դժվար քաղաքական պայմաններում է, արեւելքի ժողովուրդները պետք է օգնեն մեր երկրին: Հայաստան գալու պատճառներից մեկն էլ ցանկությունն էր՝ «Այցով Հայաստանի եղբայրներին օգնության, վստահության ձեռք մեկնել, ուժ տալ»: Ժողովի ժամանակ էլ շոշափել են այն թեմաները, որոնք կապված են քաղաքացու, անձի ապահովության հետ. «Մենք երբեք չենք խոսում այն մասին, թե Հայաստանի կամ Ֆրանսիայի նախագահին պետք է փոխել, եւ երբեք չենք միավորվի, որպեսզի ընտրենք այս կամ այն քաղաքական անձին: Եթե կարծում եք, որ ֆրանկմասոնությունը սա է, դուք սխալվում եք եւ ստիպված եք հուսալքվել»: