Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՆ Է ԾԵՐԱՑՆՈՒՄ ԿՆՈՋԸ

Հուլիս 06,2011 00:00

Ծերության ցուցիչները

\"\"«Կնոջ տարիքը գաղտնիք է» հայտնի արտահայտությունը լսում ենք վաղ տարիքից: Երբեմն, փողոցում հանդիպելով կանանց, փորձում ենք մտովի որոշել նրանց տարիքը: Եվ հաճախ գուշակությունները սխալ են դուրս գալիս, երբ իմանում ենք նրանց իսկական տարիքը. նրանք մեր ենթադրածից մեծ կամ հակառակը՝ փոքր են լինում: Այս երեւույթի պատճառը ծերության ցուցիչներն են, որոնք իսկական տարիքին եւս մի քանի տարի են ավելացնում: Ուրեմն փորձենք թվարկել այն ցուցիչները, որոնք կնոջը տեսողական ծերություն են հաղորդում:

Առաջինը, թերեւս, սպիտակ մազերն են, հաճախ՝ վաղաժամ: Չէ՞ որ սպիտակ մազը հաճախ նույնացվում է ծերության հետ: Շատ աղջիկներ արդեն 17-25 տարեկանում ճերմակ մազեր են հայտնաբերում: Բացի գենետիկ նախատրամադրվածությունից, մազերի վաղաժամ ճերմակելուն կարող են նաեւ հանգեցնել սթրեսներն ու քրոնիկ հիվանդությունները: Բժիշկները համարում են, որ մինչեւ 30 տարեկանում հայտնված սպիտակ մազերն անառողջ օրգանիզմի կամ էլ օրգանիզմում որոշ նյութերի անբավարարության նշան են, ասենք՝ կալցիումի:

Կանանց մեծացնում են նաեւ անխնամ դաստակները: Ձեռքի չոր, կնճռոտ, քամահարված եւ ճաքճքած մաշկը ոչ մեկին չի երիտասարդացնում, եթե ոչ՝ հակառակը: Եթե դրան էլ ավելացրած՝ ունեք ծերունական պիգմենտներ, ապա տխուր պատկեր է ստացվում: Հայտնի փաստ է՝ կնոջ տարիքը մատնում են ձեռքերը:

Ցուրտ եղանակին ձեռքերի խնամքը հատուկ տեղ է զբաղեցնում: Այնպես որ, խնամեք ձեռքերը:

Կնոջը ծերացնում է նաեւ պարանոցի թոռոմած մաշկը:

Սա կնոջ երրորդ թշնամին է: Կնոջ պարանոցի մաշկը նուրբ է ու ենթակա վաղաժամ ծերացման: Սնուցեք ու խոնավացրեք այն, ինչպես դեմքը: Առաջին կանոնը՝ հետեւեք կեցվածքին, քանի որ կուզն ու խոնարհած գլուխը ժամանակի ընթացքում ծալքերի տեսքով արտահայտվում են պարանոցի վրա: Այս կանոնին պետք է հետեւեն բոլոր նրանք, ովքեր երկար ժամանակ են անցկացնում գրասենյակում, համակարգչի առջեւ նստած:

Գուցե տարօրինակ հնչի, բայց կնոջը մեծացնում է նաեւ օծանելիքը:

Կնոջից տարածվող բույրը պետք է խելացի ընտրվի: Չի կարելի հենց այնպես գնել այս կամ այն բույրն ու օգտագործել:

Ծերություն է հաղորդում նաեւ հոգնած հայացքը: Պատկերացրեք. քայլում եք փողոցով, իսկ ձեր հայացքը խամրած է, աչքերը՝ տխուր, գուցե եւ՝ զայրացած: Ի՞նչ եք կարծում, քանի՞ տարեկան եք դիտվում: Նաեւ անհամապատասխան հագուստը: Կան կանայք, ովքեր 40 տարեկանում էլ չեն ուզում հրաժարվել կարճ կիսաշրջազգեստներից, քանի որ կարծում են, թե երկար շրջազգեստն իրենց մեծացնում է: Եվ պատկերացրեք՝ նրանք իրավացի են: Ծերացնող տարրեր են համարվում ուսային բարձիկները, թիկնոցները: Հագուստն ընտրելիս կարեւոր է նաեւ գույնի ընտրությունը. այն կարող է ընդգծել ձեր արժանիքները՝ շահեկանորեն շեշտելով կամ էլ քողարկելով մաշկի ու մարմնի այս կամ այն հատվածը:

Հասուն տարիք է հաղորդում դիմահարդարումը:

Հայտնի բան է՝ կնճիռները մեծացնում են: Թերեւս կնճիռը ծերության ամենաակնհայտ ցուցիչն է: Սակայն մի շտապեք գնել ժամանակակից միջոցներ կնճիռների դեմ, եթե ընդամենը 30 տարեկան եք: Ավելի լավ է՝ գնեք ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ու խոնավացնող քսուքներ:

Կնոջը ծերացնում է նաեւ արեւայրուքը: Ուժեղ արեւայրուքը ոչ միայն ջրազրկում է մաշկը՝ նպաստելով դրա ծերացմանը, այլեւ՝ տեսողական թյուր տպավորություն է ստեղծում՝ նույնիսկ մեծացնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել