Մոսկվայում Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված վեցերորդ պատանեկան թիմային մրցաշարը, որում ութ ուժեղագույն հավաքականներ պայքարում էին շախմատի ճանաչված միջազգային մրցավարի գավաթին տիրելու համար, ավարտվեց Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակով:
Մասնագետների բնորոշմամբ, Դվորկովիչի գավաթի խաղարկությունն այս տարիքային խմբում աշխարհի ամենաուժեղ թիմային մրցաշարն է, անգամ համաշխարհային օլիմպիադայից ուժեղ, քանի որ այստեղ մասնակից յուրաքանչյուր երկիր ասպարեզ է հանում իր լավագույն շախմատիստներին: Այս իրողությունը ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է նաեւ Հայաստանի հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը:
Հենց մեկնարկային տուրից ստանձնելով առաջատարի դերը՝ մեր պատանիներն այն պահպանեցին մինչեւ վերջ: Ամբողջ մրցաշարի ընթացքում մեզ շրջանցելու՝ Չինաստանի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի գործադրած բոլոր ճիգերն անարդյունք եղան՝ ի վերջո վերածվելով 2-րդ եւ 3-րդ տեղը միմյանց միջեւ բաժանելու պայքարի, որում չինացիները եւ ուկրաինացիները գերազանցեցին մեր հարեւան երկրին: Ճիշտ է, Չինաստանին հաջողվեց անհատական պայքարում ավելի շատ միավոր վաստակել մեզանից, սակայն սա թիմային պայքար էր, որում հաշվի են առնվում միայն թիմային միավորները: Այսպիսով, Վլադիմիր Դվորկովիչի գավաթի վեցերորդ խաղարկության ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունեցավ:
1.Հայաստան 24 (38,5
միավոր)
2. Չինաստան 23 (40,5)
3. Ուկրաինա 18 (32,5)
4. Ադրբեջան 15 (29,5)
5. Ռուսաստան 11 (25,5)
6. Դվորկովիչ 9 (23,0)
7. Բելառուս 8 (22,5)
8. Ղազախստան 4 (13,5)
Սակայն մեր շախմատիստները Մոսկվայից միայն թիմային հաղթանակով չեն տուն վերադարձել: Առաջին խաղատախտակի առջեւ լավագույն արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Նա 14 հնարավորից վաստակեց 13,0 միավոր, ինչը նաեւ մրցաշարի բացարձակ լավագույն ցուցանիշն է: Թիմակցից ետ չմնաց նաեւ Հովհաննես Գաբուզյանը (9,5)՝ նույնպես հավասարը չունենալով երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկածների մեջ: Երրորդ համարով հանդես եկած Տիգրան Հարությունյանը 8,0 միավորով ճանաչվեց երրորդը, իսկ միակ աղջնակը՝ Սուսաննա Գաբոյանը, բավարարվեց չորրորդ տեղով (8,0 միավոր), ինչը նույնպես նվաճում է: