«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի կարեւորագույն հյուրերից մեկը հանրահայտ հունգարացի ռեժիսոր Բելա Տարն է: Քննադատները նրան հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելօպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական «ֆանտազյոր»: Նրա սեւ-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինեմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես՝ կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել: Հռչակավոր ռեժիսորի երեւանյան հետահայաց ցուցադրությունների շարքում կներկայացվեն «Նզովք», «Լոնդոնցի մարդը», «Թուրինյան ձի» ֆիլմերը: Վերջինս Բեռլինում ներկայացնելով եւ արժանանալով «Արծաթե արջ» մրցանակին՝ Բելա Տարը հայտարարեց համաշխարհային կինոյից հեռանալու մասին: «Թուրինյան ձի» ֆիլմի նկարահանման համար շարժառիթ է հանդիսացել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարիների մասին միֆական պատմությունը: