Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԻԼԱՆԴԻ ԲԱՆԱԿԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հուլիս 06,2011 00:00

\"\"Թաիլանդի ռազմական իշխանությունները ճանաչել են երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պաշտոնանկ արված վարչապետ Տակսին Չինավատի կուսակցության ջախջախիչ հաղթանակը:

Reuters-ի մատուցմամբ, երկրից արտագաղթած վարչապետի քրոջ՝ Իյնգլակ Չինավատի (նկարում) գլխավորած «Հանուն Թաիլանդի» կուսակցությունը ընտրություններում հաղթելու արդյունքում երկրի խորհրդարանում կազմել է բացարձակ մեծամասնություն՝ ստանալով 500 պատգամավորական տեղերից 264-ը: «Կարող եմ հավաստիացնել, որ զինվորականները ոչ մի ցանկություն չունեն շրջանցել իրենց լիազորություններն ու գլխավոր դերը»,- հայտարարել է գեներալ Պրավիտ Վոնգսուվան: Հիշեցնենք, վերջինս 2006-ին Չինավատի դեմ ապստամբած բանակի գլխավոր հրամանատարությանը շատ մոտ կանգնած անձանցից մեկն է եղել, բայց, այդուհանդերձ, հայտարարել է. «Բանակը ճանաչում է ընտրությունների արդյունքը»: Աղբյուրի մատուցմամբ, ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու արդյունքում նախկին վարչապետի հակառակորդները հազիվ թե կարողանան խանգարել նրա քրոջը՝ դառնալու երկրում առաջին կին վարչապետը, առավել եւս, որ այդ կուսակցությունն արգելափակելու հնարավորությունները չափազանց սահմանափակ են:

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ երկրի բանակը ճնշել էր Բանգկոկում ծայր առաջ զանգվածային բողոքի ակցիաները, որոնք նախաձեռնել էին նախկին վարչապետի կողմնակից «կարմիրվերնաշապիկավորները»: Արդյունքում 91 մարդ զոհվել եւ շուրջ 2 հազարը վիրավորվել էր, իսկ Տակսին Չինավատը ստիպված էր եղել փախչել Արաբական Միացյալ Էմիրություններ:

Նա առայժմ չի պատրաստվում հայրենիք վերադառնա: Այդ մասին նախկին վարչապետը լրագրողներին հայտնել է Դուբայում՝ հավելելով, որ «սպասում է հարմար պահի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել