Ճապոնիայի վերականգնման հարցերով նախարար Ռյու Մացումոտոն (նկարում) հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին՝ այդ պաշտոնում նշանակվելուց ընդամենը մեկ շաբաթ անց: BBC-ի փոխանցմամբ, Մացումոտոն խիստ քննադատության էր ենթարկվել մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով ամենաշատը տուժած նահանգների ղեկավարների հետ շփումների ժամանակ՝ իր անտակտ դիտողությունների համար:
Երկրի վարչապետ Նաոտո Կանը աղետից տուժած շրջանները վերականգնելու եւ օգնություն կազմակերպելու նպատակով նախարարություն ձեւավորելու մասին հայտարարել էր հունիսի 27-ին: Նախարարի պաշտոնում նշանակվել էր բնապահպանության նախարար Ռյու Մացումոտոն: Նահանգային իշխանությունների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, թե կառավարության կողմից ֆինանսական օգնություն ստանալու հույսեր կարող են փայփայել միայն նրանք, ովքեր վերականգնման եւ վերակազմավորման սեփական նախաձեռնություններով հանդես կգան:
Երեքշաբթի օրը նախարար Մացումոտոն ասուլիս է հրավիրել ու արցունքները հազիվ զսպելով հայտարարել իր հրաժարականի մասին՝ որեւէ կերպ չբացատրելով դրա շարժառիթը: «Ես շատ բան կուզենայի ասել, բայց առայժմ պարզապես կգնամ»,- հայտարարել է նախարարը:
Աղբյուրի մատուցմամբ, անցած հանգստյան օրերին արդեն նախկին նախարարը Միյագի նահանգի ղեկավարին դիտողություն էր արել հանդիպումից ուշանալու համար, իսկ հետո հանդիպմանը ներկա լրագրողներին ասել էր, թե նրանք այդ կադրերը չպետք է հրապարակեն, իսկ հակառակ դեպքում նրանց հեռուստաալիքները խնդիրներ կունենան: