Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պահանջել է դադարեցնել իր զինակիցների ձերբակալությունները՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կպատմի պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի գործողությունների մասին: Vesti.az-ի մատուցմամբ, այդ մասին երեքշաբթի գրել է The Times-ը:
Առանց մատնանշելու կոնկրետ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ Ահմադինեջադն ասել է, թե «որոշակի գերատեսչություններ» օգտագործում են իրենց պաշտոնները՝ ծխախոտային արտադրանք երկիր ապօրինաբար ներկրելու համար: Իրանի նախագահի ասելով, մաքսանենգությունը հասել է «ահռելի ծավալների»: Թերթի տվյալներով, հենց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է, որ Իրանում հայտնի է որպես ստվերային տնտեսությանն իր մասնակցությամբ, ուստի նախագահի ակնարկը ավելի քան թափանցիկ է եղել: Կորպուսի հրամանատար Մոհամմեդ Ալի Ջաֆարին ստիպված է եղել հանդես գալ հատուկ հայտարարությամբ, որում ասել է, թե ռազմական միավորումները մաքսանենգ գործողություններում չեն օգտագործվում:
Մինչ այդ, Ահմադինեջադը հրապարակայնորեն հայտարարել էր, թե այլեւս թույլ չի տա նեղացնել իր զինակիցներին, որոնք վերջին ամիսներին մեկը մյուսի ետեւից ձերբակալվում են կոռուպցիայի, նաեւ քաղաքական եւ կրոնական բնույթի մեղադրանքներով: Բացի այդ, նախագահի մի շարք կողմնակիցներ ճաղերի ետեւում են հայտնվել կախարդության եւ ջիներ կանչելու մեղադրանքներով:
Իրանի նախագահի ասելով, կառավարությունում իր կողմնակիցների ազատությունն այն «կարմիր գիծն» է, որը հատել ոչ մեկին թույլ չի տա ինքը:
Դիտորդները ենթադրում են, որ երկրում ամենահզոր ուժային կառույցը հանդիսացող Իսլամական հեղափոխության պահապանների հասցեին անթաքույց սպառնալիք հնչեցնելով՝ Ահմադինեջադը վա-բանկ է գնացել, քանի որ նա արդեն հասցրել է փչացնել իր հարաբերություններն Իրանի մեկ այլ ազդեցիկ ուժի՝ երկրի հոգեւոր թեւի հետ: Իրանի այաթոլաները հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի գլխավորությամբ դժգոհ են այն բանից, որ Ահմադինեջադն առանց իրենց հետ խորհրդակցելու սկսել է խոսել նախագահի պաշտոնում իր հետնորդի՝ իր ազգական Էսֆանդիյար Ռահիմ Միշեի (նկարում՝ ձախից) մասին: Իրանի հոգեւորականությունը կասկածում է, որ Միշեին անզուսպ հավակնություններ եւ նախագահի վրա չափազանց մեծ ազդեցություն ունի, նաեւ չափից ավելի ազատական է եւ մտադիր է փոխել Իրանի պետական կարգը: