Չնայած Կապանում ռուսական գիմնազիա ստեղծելու մասին արձանագրությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը, սակայն news.am-ին տված հարցազրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այդ առիթով բարձրացած աղմուկն արհեստական է համարել: Նա ասել է, թե տեղյակ է ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի եւ Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրության էությանը, սակայն «աղմուկը, որը որոշ մարդիկ փորձում են բարձրացնել այս հարցի շուրջ, որեւէ իրավական հիմք չունի»: Նախարարի խոսքով, արձանագրությունը ընդամենը ցանկությունների կուտակում է, եւ միջազգային կրթական ծրագիրը Հայաստանում կարող է իրականացվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ ԿԳ նախարարը, ըստ էության, տվել է լղոզված մի պատասխան, որովհետեւ հակառակ դեպքում ստիպված կլիներ խոստովանել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խելքը միջազգային կրթական ծրագրեր իրականացնելուց, առավել եւս՝ օրենքից «չի հասնում»: Իսկ դա նա, բնականաբար, Աշոտյանը չի անի՝ կուսակցական համերաշխությունից ելնելով: Դրա համար էլ news.am-ին նախարարն ասել է. «Եթե ռուսական կողմը Կապանում ավագ դպրոց բացելու ցանկություն է հայտնում եւ Կապանի տեղական իշխանությունները համաձայն են դրան, ապա դա ցանկությունների ինչ-որ թուղթ է, որի տակ ստորագրում են երկու մարդ»։ Մարզպետները, համաձայն ՀՀ սահմանադրության 88.1. հոդվածի, իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, հետեւաբար Ս. Խաչատրյանը չէր կարող առանց Երեւանի գիտության եւ թողության՝ «ինչ-որ թուղթ» ստորագրել: