Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարությունը էշի ճակատը պաչեց»

Հուլիս 06,2011 00:00

Ըստ ճանաչված լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի, ցանկանում են երեխաներին զզվեցնել հայերենից

\"\" \"\"

Գորտակնյունազգիներ, ակաղձուն, այծատերեւազգիներ… 7-9-րդ դասարանի աշակերտները պետք է այս բառերը սովորեն եւ հիշեն: Հայոց լեզվի դասագրքերում են այս առաջադրանքները տրված: Կարդացել, ուսումնասիրել եւ երեկ էլ լրագրողներին հայոց լեզվի դասագրքերի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: Նա տեսնում է՝ թեկուզեւ մենք անկախ երկրում ենք ապրում, սակայն դեռ շատերի հայացքը խորհրդային շրջանում է, սովոր են խորհրդային կարգի գրքերին, նրանց մեջ կան նաեւ մեր կրթության պատասխանատուներից եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներից, բացի այդ՝ տարեցտարի ավելանում է օտար երկրներից ներմուծվող գրքերի քանակը, սրանք հող են օտարալեզու մտածողության, օտարալեզու դպրոցներ բացելու եւ այնտեղ աշակերտներ ունենալու համար: Իսկ այս տարի հաղթած հայոց լեզվի դասագրքերի վերաբերյալ պարոն Գյուրջինյանն ասաց. «Այս տարի կրթության նախարարությունը գնաց՝ նախիրի մեջ էշի ճակատը պաչեց»: Լեզվաբանին հատկապես վրդովեցրել են հայոց լեզվի 7-9-րդ դասարանների դասագրքերը, որոնք, ըստ նրա, անասելի անորակ են, հեղինակներն են՝ Մեյթիխանյան, Բարսեղյան: «Խորհրդային շրջանի դասագիրք է, մի 40 տարվա պատմություն ունի, դրա վրա մի նոր շոր է ձեւել Մեյթիխանյանը: Անորակ մի գիրք է, բայց մենք լսում ենք, որ ընտրվել է լավագույնը: Սա առնվազն ծիծաղելի է: Հիմա մի 20 մարդ փորձում է այն խելքի բերել»,- ասում է Դ. Գյուրջինյանը: Նա տարակուսում է. «Սա ճահճային մտածողության դրսեւորում է: Ուզում են արմատախի՞լ անեն հայերենը, զզվեցնել հայերենից երեխաներին»: Պարոն Գյուրջինյանի եւ իր գործընկերների կազմած դասագրքերն էլ են մասնակցել մրցույթին. «Ես ինձ պարտված չեմ համարում, խոստացել եմ՝ սեպտեմբերին 7-րդ դասարանի իմ կազմած դասագիրքը լույս ընծայել ու դնել հաղթածի կողքին, որ տեսնեն՝ ո՞րն է 21-րդ դարի հայերենը, եւ որտեղ՝ «գորտանկյունազգիները»:

Ասուլիսի մասնակից ֆիզմաթ գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը մատնանշում է՝ դասագրքերը պետք է կազմված լինեն հայ հեղինակների կողմից, նրանց գործը չպետք է ստորադասվի: Խոսելով օտարալեզու գրքերի թարգմանության մասին՝ պարոն Միքայելյանն ասաց. «Մենք վերցնում ենք ուրիշ երկրների դասագրքեր, բայց արդյո՞ք դասագրքի ընտրությունը կամ կրթական համակարգի խնդիրները տարբեր երկրների համար նույնն են: Մեծ եւ փոքր, հարուստ եւ աղքատ երկրները արդյոք տարբեր կրթական խնդիրներ չունե՞ն»: Մաթեմատիկոսի կարծիքով՝ մեզ մոտ այդ ամենը հաշվի չի առնվում: Նրա կազմած մաթեմատիկայի դասագիրքն էլ այս տարի մրցույթում չի անցել, մերժման հիմնավորումներն էլ, ըստ հեղինակի, անընդունելի են: Իսկ եղած գրքերի մասին ասում է. «Դրանք դպրոցում լավ սովորող մի քանի երեխայի համար են, ովքեր կարողանում են լուծել բարդ խնդիրներ, իսկ մնացածը մնում է տեսադաշտից դուրս»:

Բանախոսներն իրենց մտահոգություններով եւ բողոքներով դիմել են նախագահին, ԿԳ նախարարին եւ վարչապետին: Արձագանքները շատ չէին: «Ասում են՝ դժգոհել են, որովհետեւ չեն անցել, մեկ էլ իմացա, որ նախարարն իմ նկատմամբ անձնական դրական վերաբերմունք ունի, ինչից ես շատ երջանկացա»,- հեգնում է Դավիթ Գյուրջինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել