Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԻԼԱՆԴԻՑ ՄԻՆՉԵՎ ՋԱՎԱԽՔ

Հուլիս 06,2011 00:00

\"\"Եվ անգամ 60-ամյա դիմորդ՝ Հայաստանում

Հայոց պատմություն առարկայով հուլիսի 4-ին մեկնարկեց միասնական քննությունների երկրորդ փուլը: Երեւանում ձեւավորված միակ քննակենտրոնում՝ ԵՊՀ-ում 279 դիմորդից ներկայացել էր 265-ը:

Նշենք, որ միասնական քննությունների երկրորդ փուլում դիմորդների աճ է գրանցվել՝ 1486, այնինչ առաջին փուլում դիմորդների թիվը 1209 էր: Ըստ ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի. «Այդքան էլ հեշտ չէ բացատրություն տալ, թե ինչով է պայմանավորված դիմորդների աճը այս փուլում: Միակ բացատրությունը, հավանաբար, քննությունների թափանցիկ անցկացումն է եւ նվազագույնի շեմը հեշտ հաղթահարելու հնարավորությունը: Գուցե մարդիկ որոշել են փորձե՞լ…»:

Այս փուլի դիմորդների զգալի մասը ԱՊՀ տարածքից է, մեծ թիվ են կազմում Ջավախքի դիմորդները՝ շուրջ 100: Դիմորդներ կան նաեւ Իրանից, Հնդկաստանից եւ անգամ Թաիլանդից: Զարմանալի է, բայց թաիլանդցի դիմորդները տեղի թագավորական դպրոցի շրջանավարտներ են: Համենայնդեպս, նրանց այսկերպ ներկայացրին ԳԹԿ-ում:

Գ. Խաչատրյանը խոստովանեց, որ երկրորդ փուլից առանձնապես մեծ ակնկալիքներ չունի. «Նույն պատկերը կլինի, ինչ-որ առաջին փուլում՝ թույլ արդյունքներ: Գուցե նրանք, ովքեր Ջավախքից են եւ այս տարի են ավարտել, համեմատաբար ավելի «թարմ» լինեն ու լավ վիճակում, բայց ընդհանուր պատկերը չի փոխվի»:

Վրաստանից ժամանած Սերգեյը հուզված էր: Նրան թվում էր, թե իր անվանակից զարմիկը կաշկանդված է՝ մոնիտորով հետեւելիս նման տպավորություն էր ստացել: Դիմորդ Սերգեյի հայրն էլ զայրացած էր՝ «Տղայիս առջեւ նստած աղջիկը անդադար շրջվում եւ տղայիս ինչ-որ հարցեր է տալիս: Նա շեղում է իմ որդուն: Տեսեք, 5 րոպե է՝ կանգնած եմ, այդ աղջիկը 10 անգամ շրջվեց: Իմ տղան ի՞նչ է՝ եկել է այդ աղջկա հարցերը գրելո՞ւ, թե՞ իր քննությունը հանձնելու»: Դիմորդի հոր դժգոհությանը «վրա հասավ» ԳԹԿ ներկայացուցիչը: Նա ամեն կերպ փորձեց հանգստացնել ծնողին, բացատրելով, որ երկու-երեք տողանոց հարցերը աղջիկը մեկ անգամ շրջվելով չի կարող տղային արտաբերել եւ պատասխանը խնդրել. «Չի հասցնի, եւ հետո բոլորը կնկատեն, որ ձեր տղան հուշում է…»: ԳԹԿ ներկայացուցիչը, այնուամենայնիվ, բարձրացավ քննասենյակ եւ նկատողություն արեց դիմորդին:

Ստացվում է՝ քննությունը նաեւ արտագաղթը կանխելու միջոց է հանդիսացել: Երեւանաբնակ Գայանե Հակոբյանի ընտանիքը մի քանի օր առաջ հեռանալու էր Հայաստանից, սակայն աղջկա կտրուկ որոշումը՝ երկրորդ կրթություն ստանալու մասին, փոխել է ընտանիքի ծրագրերը: Տիկին Գայանեն, ով մոնիտորի վրա փնտրում էր քննություն հանձնող աղջկան, մեզ հետ զրույցում պատմեց. «Նրա արդյունքներից կախված է մեր ողջ ընտանիքի հարցը: Այս ընթացքում աղջկաս գլխով շատ փորձություններ անցան՝ սիրահարվեց, նշանվեց, ապա նշանը ետ տվեց: Հիասթափված ամեն ինչից՝ որոշեցինք մեկնել երկրից: Ամեն ինչ պատրաստեցինք, եւ արդեն պետք է մեկնեինք, աղջիկս որոշեց կրկին բախտը փորձել հայրենիքում՝ սովորելով: Հիմա ուշի-ուշով սպասում ենք, թե ինչ կստացվի»:

Հայոց պատմության առարկայի քննությանը ներկայացել էր նաեւ շուրջ 60 տարեկան մի կին, որը խուսափեց հարցերին պատասխանելուց, քանի որ արժանացել էր բոլորի ուշադրությանը:

Ջավախքից Էդգար Մխիթարյանը առաջինը քննասենյակից դուրս եկողներից էր: Ըստ նրա, քննության հարցերը հեշտ էին եւ թեթեւ: Վրաստանից ժամանած մեկ այլ դիմորդի՝ Սեյրան Կյուրեղյանի խոսքով, քննությունը խաղաղ մթնոլորտում է ընթանում: Երեւանցի Նելլի Հովհաննիսյանի փոխանցմամբ էլ, չնայած հեշտ էին հարցերը, բայց ինքն ընդամենը 8-ի ակնկալիք ունի:

Հիշեցնենք, որ քննությունների դրական շեմը 7,5 միավորն է: Եվ առաջին փուլին պատմություն առարկայից բարձր միավորներ են գրանցվել, մի բան, որ չի եղել նախորդ տարիներին:

Հաջորդ քննությունը կկայանա հուլիսի 6-ին՝ մաթեմատիկա առարկայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել