Կամ՝ «Դալան» արվեստի սրահի նորամուտը
«Առավոտը» տեղեկացրել է, որ այսուհետեւ Աբովյան 12 հասցեում կգործի նոր՝ «Դալան» ցուցասրահը: Շուրջ մեկ ամիս առաջ նշյալ հասցեի տան երկրորդ հարկում գալերեիստ, արվեստի սիրահար Արա Մելքոնյանի նախաձեռնությամբ ծրագրվեց արտ-գալերեայի բացում: Հուլիսի 1-ից արդեն «Դալանն» իր հարկի տակ ընդունեց արվեստասերներին:
«Դալանի» տեղում նախկինում Երեւանի առաջին լուսանկարչական սրահն էր: Ա. Մելքոնյանը «Առավոտին» ցույց տվեց լուսանկարչական առաջին տաղավարը, որտեղ նկարվել են գրեթե բոլոր հին երեւանցիները:
«Դալանի» առաջին հարկում արդեն մի քանի տարի է՝ գործում է արվեստի նմուշների վաճառակետ, որտեղ վաճառվում են հայ քանդակագործների, նկարիչների, կավագործների ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ:
«Դալանի» բացման օրը կավագործ վարպետը ցուցասրահի մուտքի մոտ կավե բաժակներ էր պարտաստում եւ դրանցով գինի հյուրասիրում ներկաներին: Իսկ արդեն երկրորդ հարկում արվեստի սիրահարներին սպասում էին 25 ժամանակակից արվեստագետների՝ Արա Հայթայանի, Դիանա Հակոբյանի, Գագիկ Չարչյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Արթուր Սարգսյանի, Դավիթ Կարեյանի, Կարինե Մացակյանի, Նանա Արամյանի, Կարեն Ալեքյանի, Ճալայի (Գեւորգ Սարգսյան), Գարիկ Կարապետյանի, Գրիգոր Խաչատրյանի, Համլետ Հովսեփյանի, Արմեն Խոջոյանի, Արա Ալեքյանի եւ այլոց ստեղծագործությունները:
«Դալանի» տնօրենի փոխանցմամբ, ցուցասրահի նպատակն է Հայաստանում ապրող հետխորհրդային եւ հետանկախության սերնդի ժամանակակից արվեստագետներին ներկայացնել ամբողջ աշխարհի անհատ կոլեկցիոներներին, ցուցասրահներին եւ թանգարաններին, կազմակերպել ժամանակակից արվեստի տարբեր վիզուալ ոճերի եւ նոր մեդիաների անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ: Ա. Մելքոնյանը տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս պատրաստվում է իրենց վեբ-կայքը, որը կընդգրկի ցուցասրահի գործունեությունը, բարեգործական ծրագրերը եւ առցանց լուսաբանումը:
Յուրաքանչյուր ցուցահանդես իր համադրողն է ունենալու: Առաջին ցուցահանդեսի համադրողը գեղանկարիչ, Հայաստանում դիվանագիտական գործունեություն ծավալող դեսպաններին նկարել սովորեցնող Արթուր Սարգսյանն է:
Մեզ հետ զրույցում Ա. Սարգսյանն ասաց. «Երեւանում ընդունված է ժամանակակից արվեստը խառնել սալոնային արվեստի հետ: Արդյունքում չես հասկանում՝ ինչ է ստացվում: Իմ առաջարկով որոշվեց մի անկյուն հատկացնել հենց ժամանակակից արվեստին: Ցուցասրահը միտում ունի նաեւ Հայաստանում զարգացնել համադրողական աշխատանքը: Այլեւս ստիպված չենք լինի նկարիչներին ասել՝ դե մի գործ բեր, էս արա, էն արա: Այդ ամենը կանի համադրողը»:
Գեղանկարիչ Գարիկ Կարապետյանը գտնում է, որ տեղին է ցուցասրահի բացումը. «Մեկ միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքն ունի ընդամենը 2-3 արվեստի սրահ: Դա ուղղակի աբսուրդ է. ոչ մի նորմալ քաղաքում, որի բնակիչներն իրենց համարում են քաղաքակիրթ մարդիկ, այսքան քիչ ցուցասրահներով չեն ապրում: Արվեստի սրահը մեր իրականության զարկերակն է եւ եթե չենք կարեւորում, կորցնում ենք իրականության նկատմամբ զգացողությունը: Այն տարածությունը, որ ստեղծում է ժամանակակից արվեստը, ունի ապագայի պրոյեկցիա: Հասկանալի է, որ մեր օրերում դժվար է ժամանակակից արվեստ վաճառելը եւ դեռ ցուցասրահ պահելը: Այնպես որ, «Դալանի» բացումը միայն ողջունելի է»:
Գեղանկարչուհի Եվգինե Մարտիրոսյանը գտնում է՝ «Ճիշտ է, շատ ցուցասրահներ կան, բայց մաքուր ժամանակակից արվեստը ներկայացնող սրահ չունենք: Ուզում ենք հանրությանը մոտեցնել ժամանակակից արվեստին եւ դրանց հեղինակներին: Փորձելու ենք կապ ստեղծել ժամանակակից արվեստի միջազգային կենտրոնների հետ, դրսի արվեստագետներին բերել Հայաստան»: