(Արձագանք՝ Նախագահի կողմից «Լեզուի մասին» ՀՀ օրէնքի փոփոխութիւնը օրերս ստորագրելու առթիւ)
Օտարալեզու դպրոցների համար կրթութեան ու լեզուի մասին օրէնքներում փոփոխութիւններ առաջարկողներն ու հովանաւորողները, նաեւ այդ օրէնքները հաստատող «բարձրագոյն ինտելեկտուալ (կամ մտաւորունակ) սերուցքը» համարուող օրէնսդիր պատգամաւորները, այդպէս էլ չհասկացան կամ չուզեցին հասկանալ աշխարհի ժողովուրդների կողմից դարերով հաստատագրուած եւ ապացուցում չպահանջող (աքսիոմատիկ) ճշմարտութիւնը, այն է՝ մայրենի լեզուի իմացութեան բացարձակ կարեւորութիւնն ու առաջնահերթայնութիւնը՝ ազգային ինքնութեան յարատեւման, մշակոյթի զարգացման ու պահպանման, նոյնիսկ ուրիշ լեզուների կատարեալ տիրապետման հարցերում: Չուզեցին անսալ մտաւորականութեան այն ահազանգին, որ մայրենիով թերի հանրակրթութիւն ստացած եւ օտարալեզու դպրոցն աւարտած հայորդին զրկւում է սեփական, հայերէն լեզուամտածողութիւնից: Միայն հայերէն բառերն օգտագործելը դեռ չի նշանակում հայերէն խօսել: Այսօր հայերէն լեզուամտածողութիւնը ոտնահարւում է ե՛ւ առօրեայ խօսակցութիւնում, ե՛ւ հեռատեսիլում ու մամուլում: Ահա մի քանի օրինակներ՝ հայերէն բառերով, բայց ռուսականին բնորոշ լեզուամտածողութեամբ.
– Դերասանը կիսուեց իր հանդիսատեսների հետ: Երկու կտո՞ր եղաւ: Մարդը կիսում է իր խոհերը, զգացմունքները, կարծիքը եւ ոչ թէ ինքն է կիսւում:
– Արձակուրդս Ապրել ամսին է (փոխանակ Ապրիլ ասելու): Միայն ռուսներն են April ամիսը Ապրել արտասանում:
– Բանը նրանումն է կամ խնդիրը նրանումն է: Ճիշտ ձեւն է՝ բանն այն է (օրինակ՝ բանն էլ հէնց այն է, որ…): Խնդիրն այն է (կամ ի՞նչ է խնդիրը):
– Երկրաշարժը-դա մեծ չարիք է: Հիւգոն-նա մեծ գրող է: Աւելորդ են դա եւ նա բառերը, որ ընդունուած են ռուսերէնում (նոյնիսկ գծիկ դնելու կանոն ունեն):
– «Հ1»-ի քաղաքական մեկնաբանն ասում է. «Ինչքան էլ որ զարմանալի չլինի»: Ռուսական այս ձեւը հայերէնում հնչում է շատ պարզ՝ «Ինչքան էլ որ զարմանալի է»:
– Ցաւում ենք, որ կրկնւում ենք (գրում է «Ժամանակը»): Նոյն խօսքը կրկնելու իմաստով է ասուած, բայց ստացւում է, որ իր անձն է կրկնւում:
– Նուագեց ջութակի վրայ: Ճիշտը՝ ջութակով նուագեց:
– Տնօրէնը իր մօտ է: Փոխանակ՝ տնօրէնը տեղում է:
Եւ վերջին օրինակը՝ մեր կողմից այնքան յարգուած «Առաւօտ» թերթից.
– Վանեսը դուրս եկաւ Ալուարեսի վրայ: Խօսքը հայ մարզիկի մասին է, ով մրցակցին յաղթելու արդիւնքում Ալուարեսի հետ մենամարտելու իրաւունք է ստացել (ճիշտը՝ Վանեսը մենամարտելու է Ալուարեսի հետ):
Լեզուամտածողութեան խաթարումից բացի, անտրամաբանական ու ցաւալի աւանդոյթ է դարձել (Խորհրդային օրերից մնացած) օտար կամ միջազգային բառերը անպայման ռուսերէնի միջոցով տառադարձելը: Այդ պատճառով ամերիկեան Թեքսաս նահանգը ռուսերէնի նմանութեամբ դարձրել ենք Տեխաս (մինչդեռ ամերիկացիք չունեն Տ եւ Խ տառերը՝ Տեխաս անուն դնելու համար), պարզապէս ռուսերէնը չունի Թ եւ Ք տառերը, իսկ մենք ունենք եւ կարող էինք օգտուել բնիկ լեզուից ու նոյնութեամբ, հարազատօրէն վերարտադրել ամերիկեան անուանումը: Այստեղ հարկ եմ համարում յիշեցնել նաեւ հետեւեալ օրինակները, ուր ակներեւ են մեր տառադարձական հնարաւորութիւնների անտեսումով ռուսական անկատար գրելաձեւեր որդեգրելը: Այս առիթով ԱՄՆ-ում բնակուող դրացի չինացիներին խնդրել եմ հնչել Մաո-Ցզէ-Դուն եւ Չժոու- էն-Լայ անունները. նրանք արտասանում են Մաո-Ձէ-Դուն եւ Ջոու-էն-Լայ: Ռուսերէնը չունի Ձ եւ Ձէ-ի փոխարէն գրում է Ցզէ, նաեւ չունի Ջ, եւ Ջոուն գրում է Չժոու: Ճիշտ նոյն պատճառով Չեխական Պրահա մայրաքաղաքը դարձրել ենք Պրագա: Սխալ չհասկացուեմ. մենք կարեւորում ենք օտար լեզուի պարտադիր ուսուցումը, բայց ոչ հայերէնի իմացութեան հաշուին:
Փոքրաթիւ բնակչութեամբ ազգերի (չասելու համար՝ փոքր ազգերի) մօտ լեզուն կորցնելը համարժէք է հայրենիք կորցնելուն: Եւ մատի փաթաթան դարձրած անհիմն «հիմնաւորումները», թէ՝ ռուսական ազդեցութեան շնորհիւ հարստացել է մեր լեզուն, մենք տեսանք վերը բերուած օրինակներով, չխօսելով դեռ ռուսական ցարերի օրօք հայկական դպրոցները փակելու, կոմունիստների օրօք հայկական դպրոցների հաշուին ռուսական դպրոցները բազմացնելու եւ 1922թ. Լեզուի Դեկրետով համազգային միասնական ուղղագրութիւնը աղաւաղելու գնով մեզ մեր 1600-ամեայ արմատներից հեռացնելու մասին:
Ռուսական կրթութեան տարածման ջատագովները շատ կարեւոր «փաստարկ» են համարում մեր մշակոյթի զարգանալը՝ ռուսերէնի շնորհիւ: Աշխարհի բոլոր ժողովուրդները միշտ էլ ունեցել են ինչպէս լեզուական, այնպէս էլ մշակութային փոխշփումներ ու փոխազդեցութիւններ: Ոչ ոք չի ժխտում ռուսական մշակոյթի հետ առնչուելու կարեւորութիւնը, բայց դա չի նշանակում հարցը բացարձականացնել: Չէ՞ որ ռուսասէրների «շնորհիւ» մենք անտեղեակ էինք արեւմտահայ (սփիւռքահայ) մշակոյթից՝ Շահան Շահնուրից ու Ալան Յովաննէսից, Վազգէն Շուշանեանից ու
Բարսէղ Կանաչեանից, Արշակ Չոպանեանից ու Նիկոլ Գալանտերեանից: Վ. Թէքէեանին, Մուշեղ Իշխանին եւ Աւ. Ահարոնեանին համարում էինք ազգի թշնամի, հալածուեց ազգային ճարտարապետութիւնը՝ որպէս եկեղեցական ոճի. խեղաթիւրուեց ազգային պատմագրութիւնը, արգելքների տակ մնացին Ռ. Պատկանեանը, Րաֆֆին, Ե. Չարենցը, Ա. Բակունցը, Զապել Եսայեանը եւ այլք: Փոխարէնը գիտէինք ռուսական մշակոյթի ռուս սովետական կամ «համաշխարհային» պրոլետարական միջակութիւններին: Այդ ռուսապաշտներին հարկ է յիշեցնել, որ հայերս՝ հայկական լեռնաշխարհի (կամ հնդեւրոպական նախահայրենիքի) բնիկներս մեր մշակոյթի հիմքում ունեցել ենք հնդեւրոպական լեզուախմբի ամենակատարեալ լեզուաճիւղը՝ հայերէնը, որ մայրցամաքների սառցապատման դարաշրջանում մեր լեռնաշխարհը՝ զարմանալի բացառութեամբ չսառցակալուելու շնորհիւ, եղաւ վայրի բոյսերի ու կենդանիների առաջին ընտելացնողն ու աշխարհում տարածողը (տես Հայկական հանրագիտարանի 13-րդ հատորը), որ 7 հազ. տարի առաջ Սիւնաց աշխարհում Քարահունչի ժայռերին փորագրուած աստղագիտական- մաթեմաթիկական հաշուարկները ճիշտ են համարւում նաեւ այսօր (Պարիս Հերունի), մոռանա՞նք, որ այդ տարիքով են չափւում նաեւ կենցաղային արհեստագործութիւնն (կօշիկ ու հագուստ, բրուտագործութիւն ու զարդարանքներ) ու գորգագործութիւնը, մետաղաձուլութիւնն ու անիւաւոր կառքերի ստեղծումը եւ դրանց տարածումը աշխարհում: Առանց ռուսական մշակոյթի ազդեցութեան ունեցանք 2000 տարուայ թատրոն, նոյնքան հին գողթան երգեր ու շարականներ, նաեւ վերածնունդ՝ Եւրոպայից երկու դար առաջ: Այս թեման տարողունակ է ու ծաւալուն, կանգ առնենք: Ռուսական մեծութիւններին ու մշակոյթին պէտք է եւ կարող ենք հաղորդակցուել առանց ռուսական դպրոցների կամ ռուսացման, ճիշտ այնպէս, ինչպէս եւրոպականի կամ համաշխարհայինի դէպքում: Մի՞թէ հայկական կրթութեամբ մենք չգիտէինք Շեքսպիր ու Գրիգ, Հիւգո եւ Շոպեն, Բալզակ ու Վերդի (վերջինիս «Աիդա» օպերան ստեղծուել է Եգիպտոսի արտգործնախարար եւ ապա վարչապետ Նուպար Նուպարեան Փաշայի պատուէրով): Մի՞թէ ռուսական կրթութիւն ունեցողնե՛րը մեզ յայտնեցին Արիստոտելի, Պղատոնի, Պտղոմեոսի, Լէոնարդո Դա Վինչիի, Ռաֆայելի կամ Բախի, Բեթհովենի, Մոցարտի մասին: Մենք քաղաքակրթութիւն ունէինք դեռեւս հելենական դարաշրջանից եւ ոչ թէ ռուսների տալով: Թերեւս ռուսականի ազդեցութեան շնորհիւ մշակոյթի զարգացման անուան տակ ձուլումի յոյսով շարունակում են քաղաքակիրթ ձեւով կուլ տալ քաղաքակրթութեան հնագոյն օրրան Հայաստանը:
Մենք օտարասէր (նաեւ ռուսասէր) ենք, բայց պարտադրուած ռուսամոլութիւնը կարող է խզել ռուսների նկատմամբ աւանդական համարուած մեր վերաբերմունքը: Ռուսերէնը (եւ օտար լեզուները) կարելի է սիրել՝ պահպանելով հայերէն լեզուամտածողութեամբ հայերէն խօսքը: Այս առիթով ես ինձ թոյլ եմ տալիս չհամաձայնուել խորհրդային նախկին վարչապետ եւ մեր նախագահի շնորհմամբ «Ազգային հերոսեի» կոչմանն արժանացած Ն. Ռիժկովի ոչ այնքան վաղուց արտայայտած այն մտքի հետ, թէ՝ ռուսաց լեզուն հայերի անվտանգութեան լեզուն է: Մենք, հայերս համոզուած ենք, որ մենք կարող ենք յարատեւել, եթէ սովորենք հայերէն մտածել, եւ որ մեր անվտանգութեան լեզուն եղել է, կայ եւ լինելու է մեծասքանչ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ: