Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանականը «գցել» է տեղական կարտոֆիլի գինը

Հուլիս 06,2011 00:00

Մինչ հայ հողագործն իր կարտոֆիլը ողջ ծավալով շուկա կհաներ, շուկան արդեն ողողվել էր պարսկական արտադրության ներկրված կարտոֆիլով: 250-300 դրամով վաճառվող իրանական արտադրության, ապրանքային տեսքը տեղը կարտոֆիլը, որը, ըստ մասնագետների՝ պահպանման երկար ժամկետ ունի, լուրջ մրցակից է ներքին արտադրության այս մշակաբույսի նկատմամբ: Նրանց հաստկեղեւ եւ միջին չափի ու համաչափ կարտոֆիլի փոխարեն, մերը մանր է ու բարակ կեղեւ ունի: Ճիշտ է՝ բերքի առատությունն ու զանազանությունը հայ սպառողին ընտրության լայն հնարավորություն են տալիս, բայց նեղացնում են տեղական արտադրության կարտոֆիլի իրացման ծավալները: Այդ փաստը լրջորեն անհանգստացրել է հողի մշակներին: Սերմացուի մեկ կգ-ն ձեռք բերելով 250-300 դրամով, նրանք հույս ունեին, որ բերքի (մեկ կգ-ն 150-170 դրամով) վաճառքի դեպքում կկարողանային եւ վարկերը մարել, եւ եկամուտ ստանալ: Մինչդեռ իրանցիների արտադրանքը լուրջ մարտահրավեր է տեղական բերքին, ակնկալվող եկամուտներից կարտոֆիլագործներն այլեւս մեծ սպասելիքներ չունեն:

Այն ընթացքում, երբ տեղական կարտոֆիլը սպառման մեծ պահանջարկ ուներ, մանրածախ գինը տատանվում էր 150-200 դրամի սահմաններում, հանկարծ միանգամից էժանացավ՝ մրցունակ չլինելով ներկրվածի համեմատ: «Ճիշտ է, մեր կարտոֆիլն ավելի համեղ է, բայց հենց հողից հանում ենք՝ անմիջապես սեւանում է, կորցնում ապրանքային տեսքը: Իսկ պարսկականը հասունացած կեղեւով է՝ գրավիչ տեսքով»,- նկատեց արմավիրցի կարտոֆիլագործ Էդիկ Եղիազարյանը: Վերջինիս կարծիքով՝ ներկրողները պետության թողտվությամբ արտասահմանյան կարտոֆիլը Հայաստան բերեցին՝ տեղականի գինը արհեստականորեն գցելու նպատակով: «Հայ հողագործին օգնելու փոխարեն, մեկ-երկուսին հարստացրին: Այսքանից հետո հավատանք, որ պետությունը գյուղացու կողքի՞ն է: Էն գյուղացու, որը գիշերները չի քնել, իր ծառի ու թփի կողքին է եղել, որ իր իմացած ձեւով բերքը պաշտպանի ցրտից ու կարկուտից: Էն գյուղացու, որը վարկով հող է մշակում, որպեսզի իրեն էլ պահի, քաղաքացուն էլ: Իսկ էն պահին, երբ կարելի էր տքնաջան աշխատանքի դիմաց նորմալ եկամուտ ստանալ, «կոտրեցին» ապրանքի գինը»,- նկատում է Էդիկ Եղիազարյանը:

Գյուղատնտեսական աշխատանքների հարուստ փորձ ունեցող Եղիազարյանի դիտարկումները պարզել են, որ կարտոֆիլի վաճառքի գինը դեռ կիջնի ընդհուպ մինչեւ՝ մեկ կգ-ն 70 դրամ: «Դա արդեն աղետ կլինի գյուղացու համար: Կարտոֆիլագործության մեջ հստակ է մի բան կա. մշակության գործող գներով 1 հեկտարի վրա 2 միլիոն դրամ է ծախսվում: Դրանից հողագործը չի վախենում, որովհետեւ գիտի՝ շահույթ է ստանալու: Բայց եթե 70 դրամով վաճառի, նույնիսկ ծախսածածկ չի անի»:

Ֆինանսական հնարավոր կորուստների հեռանկարը խուճապի է մատնել նաեւ Բոյաջյաններին: Նրանք կարտոֆիլի աճեցմամբ զբաղվում են ողջ ընտանիքով: Սերմացուն գնել են 270 դրամով՝ հուսալով, որ կես հեկտարի վրա ներդրած մեկ միլիոնը կկրկնապատեն վաճառքից ստացած գումարով, եթե կարողանան ապրանքն իրացնել գոնե 160 դրամով: Բայց, մինչ սպասում են, որ կարտոֆիլի կեղեւը հողի տակ հաստանա, շուկան ապրանքի անկում է արձանագրում: «Ստիպված ջրի գնով կտանք՝ կգնա: Եթե պարսկականը չլիներ, տեղականի գինն այդքան արագ չէր ընկնի, որովհետեւ տեղականը, ի տարբերություն պարսկականի, կարճադիմացկուն է, սպառողն էլ երկար մնացող ապրանքի է ձգտում»,- ասաց Մաքրուհի Բոյաջյանը: Ի տարբերություն կարտոֆիլագործների, որոնք հիասթափված են արհեստական գնանկումից, շահեկան վիճակում են հայտնվել սպառողները: Նախ, որովհետեւ, ըստ Արմավիրի մարզպետարանի գյուղբաժնից տրամադրած տեղեկության՝ բերքն առատ է, եւ հետո՝ մատչելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել