«Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» ծրագիրը տապալվում է Ողջի գետի պատճառո՞վ:
Կապան քաղաքում իրականացվող «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը կապանցի շատ երիտասարդ ընտանիքների էր բնակարան ձեռք բերելու հույս տվել: Ծրագրի պատասխանատուն՝ Հայաստանի Հանրապետությունը խոստացել էր տարածաշրջանի երիտասարդ ընտանիքների համար կառուցել յուրաքանչյուրը 12-14 հարկանի երեք շենքից բաղկացած բնակարանային համալիր՝ ընդամենը՝ 335 բնակարան: Մեկնարկը տրվեց 2010 թվականի հոկտեմբերի 15-ին. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացավ առաջին՝ 96 բնակարանով շենքի հիմնարկեքի արարողությունը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կառուցվելիք առաջին շենքի ապագա բնակիչների բնակարանների արժեքի 5 տոկոսի չափով գումար տրամադրեց՝ շինաշխատանքները սկսելու համար: Ծրագրի՝ շինարարության վերջնաժամկետը 2012 թվականի նոյեմբերի 30-ն էր: Ու հիմա գոնե առաջին շենքի շինարարությունը պետք է ընթացքի մեջ լիներ: Բայց Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում գտնվող նախկին լողավազանի տարածքում հիմք է փորված, գեղեցիկ պաստառ է տեղադրված, բայց այս պահին շինարարություն չի ընթանում, տարածքում միայն հսկիչ-պահակներն են:
Ավելին. հարեւանությամբ հոսող գետից ջրերը լցվում են այն փոսի մեջ, որը պետք է շենքի հիմք դառնար, իսկ նման պայմաններում որեւէ շինարարություն անել հնարավոր չէ: Մեզ հետ զրույցում աշխատողները նշեցին, որ շինարարությունը մարտի 1-ից կանգնեցված է, քանի որ գետի մակարդակը սպասվածից բարձր էր եւ պարբերաբար տարածք լցվող ջրերը չէին թողնում աշխատանքներ իրականացնել: Շինարարություն իրականացնող «Ինթըրնեյշնլ Դիվելըմփմենթ ընդ Քոնստրաքշն» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանը «Առավոտին» փոխանցեց, որ չէին ենթադրում-նախատեսում, թե գետի մակարդակն ու ջրերը այդքան կբարձրանան, ուստիեւ աշխատանքները ստիպված ժամանակավոր դադարեցրել են՝ մինչեւ ջրերի իջնելը: «Շինարարությունն այստեղ նորից կմեկնարկի հուլիսի վերջերից, քանի որ այդ ժամանակահատվածում է Ողջի գետը սկսում իջնել, իսկ հիմա այնտեղ գետի ջրերն են լցվում, հնարավոր չէ աշխատանքներ կատարել: Շենքի կոնստրուկցիաները փոխվել են, անհրաժեշտ ամեն ինչ կանենք, որպեսզի հետագայում խուսափենք նման խնդիրներից: Հուլիսի վերջից աշխատանքները սկսելու դեպքում շենքը ամբողջությամբ կկառուցենք-կավարտենք միայն 2013 թվականի սկզբին»,- տեղեկացրեց պարոն Հովհաննիսյանը:
Մինչ այդ, կապանցիները դժգոհ են շենքերի կառուցման համար տարածքի ընտրությունից: Շատերի սրտով չէր, որ քաղաքի ամենալավագույն հանգստյան գոտի ծառայելու հնարավորություն ունեցող տարածքը պետք է վերածվի բնակարանային համալիրի: Ժամանակին կապանցիները այդ տարածքը վերանորոգելու եւ ջրավազանով հիանալի հանգստյան գոտի դարձնելու առաջարկով դիմել են տարբեր գործարարների: Նախնական համաձայնություն եղել է, կոնկրետ աշխատանքներ՝ ոչ: Հին կապանաբնակներն ասում են, որ տարածքը հարմար է լիճ-լողավազանի համար՝ խոնավ տեղ է, մի կողմից Ողջի գետն է, իսկ մյուս կողմից՝ հարեւան սարի ստորգետնյա ջրերն են տարածքին խոնավություն տալիս:
«Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» ծրագրի մեկնարկից մեկ ամիս անց՝ 2010-ի նոյեմբերին Կապանում սկսեցին լուրեր շրջանառվել, թե երիտասարդ ընտանիքների համար այլ տեղ են շենքեր կառուցվելու, քանի որ շինարարության մեկնարկից ոչ շատ անց պարզվել է, որ նախկին լողավազանի տարածքի տակ ճահիճ է ու ջուր: Այս խոսակցություններն առավել անհանգստացնում էին բնակարանային համալիրի ապագա բնակարանատերերին: Այն ժամանակ «Ինթըրնեյշնլ Դիվելըմփմենթ ընդ Քոնստրաքշն» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանը մեզ տեղեկացրել էր, թե լուրերը անհիմն խոսակցություններ են, տեղափոխման մասին խոսք ընդհանրապես չի եղել: «Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Շենքերի նախագծերը անցել են անհրաժեշտ փորձաքննությունները եւ համապատասխանում են բոլոր նորմատիվներին: Իսկ ինչ վերաբերում է խոնավությանը, ապա Կապանի բոլոր շենքերի հիմքերը խոնավ են, քանի որ քաղաքը 2 սարերի միջեւ է: Առաջին շենքի շինարարությունը մեկնարկել է, սկզբնական փուլում կաշխատի 100-120 մարդ, հետագայում արդեն՝ 600-700 աշխատող: Կլինեն մասնագետներ նաեւ մայրաքաղաքից, բայց հիմնական աշխատուժը կապանաբնակներ կլինեն, իսկ մյուս երկու շենքերի շինարարությունները կսկսվեն ավելի ուշ եւ շահագործման կհանձնվեն 2013 թվականին»,- ասել էր պարոն Հովհաննիսյանը:
Բնակարանային համալիրում բնակարան ձեռք բերելու համար այն ժամանակ 200-ից ավելի ընտանիք էր հերթագրվել, 50-ը՝ Քաջարան քաղաքից:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը Կապանում հոկտեմբերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ տարիներ ի վեր Կապանում բնակարանաշինության ծրագրեր չիրականացնելու արդյունքում մարդիկ թերահավատ են եւ նկատել էր, որ շենքի հիմքերը դնելուց հետո այդ անվստահությունը կվերանա: «Շենքերն առանձնանալու են լավ որակներով, մոնոլիտ-երկաթբետոնե կոնստրուկցիաներով, 9 բալ սեյսմակայունությամբ, ապահովված պետք է լինեն գազիֆիկացմամբ, շենքի մոտ նախատեսվում է կառուցել խաղահրապարակներ, ավտոտնակներ, փոքրիկ լողավազան, կլինի հանգստյան գոտի՝ բնակիչների համար եւ այլն: Այդպիսի թաղամաս Կապանում դեռ չկա»,- ասել էր Արսեն Քարամյանը:
Ծրագրի մեկնարկից արդեն 9 ամիս է անցել, սակայն երիտասարդ ընտանիքների համար բնակարանների վայրում առայժմ միայն փոս է, ավազակույտեր ու հողակույտեր, ջրածածկ տարածք, որտեղ գորտերն են տանտեր դարձել:
Կապանցի երիտասարդ ընտանիքները՝ բնակարանատերերը շարունակում են սպասել, թե երբ է, ի վերջո, տեսանելի դառնալու իրենց ապագա բնակարանը: