Երեկ «Հայրենիք» կինոթատրոնի շենքում Սահմանադրության 16-ամյակի առթիվ կազմակերպվել էր դատապարտյալների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:
Ցուցահանդեսի մտահղացումը ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն էր՝ Կառլեն Թորոսյանի նախագահությամբ:
Ցուցահանդես այցելած ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն «Առավոտի» հարցին, թե նմանատիպ ցուցահանդեսների մասնակցե՞լ է, ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում, խոստովանեց, որ առաջին անգամ է մասնակցում: Մեր այն դիտարկմանը, թե դատապարտյալների նկարները շատ հաճախ անուղղակի ինֆորմացիա են պարունակում, այդ առումով, բովանդակային իմաստով ինչն էր բնորոշ, նախարարը նկատեց. «Երբ նայում ես, նրանց հոգեվիճակը որոշակիորեն արտացոլվում է: Այնտեղ մի նկար կար, անազատություն էր: Ես կուզեի, որ իրենք ազատության մասին մտածեին ու ազատության մասին ստեղծագործեին: Ես կուզեի, որ նրանք չպարփակվեին այս օրով, որ իրենք տեսնեին իրենց հաջորդ քայլը»:
Նախարարից փորձեցինք հետաքրքրվել, թե ի՞նչ կցանկանար գնել իր աշխատասենյակի համար: Պարզվեց քիչ հետո: Նա 15 000 դրամով գնեց մի բնանկար: Հեղինակը դատապարտվել է հայտնի նկարիչների նկարները կեղծելու համար: Այդ կապակցությամբ Հ. Թովմասյանը ասաց. «Լավ ձեռք ունի: Միգուցե գնամ «Կոշ»՝ հորդորեմ, որ իր նկարները նկարի»: