Դատախազի օգնականի մայրը դիմում է նախագահին
Մեծարգո պարոն նախագահ. Թախանձագին խնդրում եմ Ձեզ հետամուտ լինել ՀՀ Սահմանադրությամբ սահմանված այն դրույթին, որի համաձայն՝ դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով, քանի որ Դուք եք Սահմանադրությամբ լիազորված ապահովելու դատական իշխանության բնականոն գործունեությունը։ Այս կապակցությամբ, խնդրում եմ, որպեսզի Սահմանադրությամբ ամրագրված այս սկզբունքը պահպանվի որդուս նկատմամբ արդարադատություն իրականացնելիս եւս։ Առարկայացնելով խոսքս՝ նշեմ, որ չեմ ուզում որդուս ներկայացնել որպես հրեշտակ, գուցեեւ նրա արարքներում օրենքով արգելվածները եւս կան։ Սակայն համոզված եմ, որ դատախազության կողմից ներկայացվող եւ վերջինիս ճնշմամբ դատարանի կողմից կուրորեն ընդունվող մեղադրանքներն իրական չեն եւ ուռճացված են դատախազության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից՝ «անհասկանալի» պատճառներով։ Այն էլ այն դեպքում, երբ որդիս երկար տարիներ աշխատել է նույն համակարգում, այդ նույն դատախազ- կոլեգաների հետ, որպես այդ նույն բարձրաստիճան պաշտոնյայի օգնական։ Ցավում եմ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չգտնվեց անկախության իր բարձրության վրա եւ դատավոր Արիս Սիսակյանը, տեղի տալով դատախազության ճնշումներին եւ հիմք ընդունելով գործով տուժող Շավարշ Ղարիբյանի սուտ ցուցմունքները, որդուս՝ Մհեր Բաղդասարյանին 2011թ. ապրիլի 8-ի դատավճռով դատապարտեց 9 տարի ժամկետով ազատազրկման։ Այս ամենը հետեւանք էր այն բանի, որ մինչ այդ Շ. Ղարիբյանը ԶԼՄ-ներով ներկայացրեց հորինված եւ առարկայազուրկ փաստեր ու մեղադրանքներ, շանտաժի ենթարկելով գլխավոր դատախազին ու նրա տեղակալին։ Արդյունքում, դատախազությունը, Մնացական Սարգսյանի ցուցմունքների համաձայն, որդուս առաջադրեց մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 5 հոդվածներով՝ ավազակություն, շորթում, ազատությունից ապօրինի զրկում, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառում եւ սպանության փորձ։ Զավեշտն այն է, որ մինչեւ վերջերս վստահել եմ Մնացական Պապիկիչի օբյեկտիվ լինելուն, այնինչ, նա քաջատեղյակ լինելով գործի բոլոր մանրամասներին ու, առավել եւս, նախապատմությանը, աղավաղեց իրականությունը: Խնդրանքս փորձեմ հիմնավորել փաստերի վերաբերյալ որոշ եզրահանգումներով։
Նախ, արդյո՞ք որդուս արարքը որպես շորթում հիմնավոր է, եթե գործով տուժող Շ. Ղարիբյանը ցուցմունք է տվել, որ իրենից շորթվել է ստացական, որը գրվել է շղթայված վիճակում՝ մի կերպ հարմարեցնելով ձեռքերի դիրքը: Դրան հակառակ, դատաձեռագրաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ տվյալ ստացականը ազատորեն գրված է Շ. Ղարիբյանի կողմից։ Մինչդեռ դատարան հրավիրված փորձագետը հայտարարեց, որ շղթայված եւ ազատ վիճակում ձեռագրերի միջեւ պարտադիր պետք է լինեն տարբերություններ, որոնք էդպես էլ չկային։ Ի դեպ, ստացականը հայտնաբերվել է Շ. Ղարիբյանի մատնանշված վայրում, առանձին փաթեթում, որի վրա բացակայում են որդուս մատնահետքերը։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ այս ամենը հորինված է եւ ընդամենը Շ. Ղարիբյանի վառ երեւակայությունն է, որին «հավատացել» է դատախազությունը։ Զավեշտն այն է, որ այդ ստացականը չէր կարող որդուս պետք գալ, քանի որ ստացականը տրվում էր այն բնակարանի համար, որի սեփականատերը Շ. Ղարիբյանը չէր, եւ, ի վերջո, այս ամենը կարող էր քաջ գիտակցել գլխավոր դատախազի տեղակալի օգնականի պաշտոն զբաղեցնող իրավաբանը։
Երկրորդ, արդյո՞ք որդուս արարքը որպես սպանության փորձ հիմնավոր է, եթե սպանության փորձի վերաբերյալ, բացի Շ. Ղարիբյանի ցուցմունքից, հաշվի չի առնվել գործով չշահագրգռված վկա Վ. Համբարձումյանի ցուցմունքներն այն մասին, որ Երեւան-Սեւան մայրուղու թեյարանի հատվածում դեպի ձորի ուղղությամբ կանգնած ավտոմեքենա չի նկատել, եւ եթե լիներ՝ հաստատ կնկատեր։ Դատարան չեն հրավիրվել նաեւ փաստաբանի կողմից հայտնաբերված եւ դեպքին ականատես այլ վկաներ եւս։ Հատկանշական է այն, որ ավտոմեքենայի ղեկին եղել է գործով տուժող Շ. Ղարիբյանը, իսկ որդիս եղել է նստած այդ ավտոմեքենայի հետնամասում։ Զավեշտն այն է, որ ավտոմեքենան ձորը գցելու միջոցով սպանության այս փորձն ապացուցված է համարվում այն դեպքում, երբ որդիս ընդհանրապես ավտոմեքենա վարել չգիտի եւ վարորդական իրավունք երբեւէ չի ունեցել։
Երրորդ, արդյո՞ք որդուս արարքը՝ որպես ավազակություն, հիմնավոր է, եթե ավազակության վերաբերյալ Շ. Ղարիբյանը ցուցմունք է տվել, որ իրեն զենքով ծեծել են, մերկացրել են, որից հետո զենքի սպառնալիքով վերցրել են գրպանում եղած գումարը։ Սակայն քննության ընթացքում նա իր ցուցմունքները մի քանի անգամ փոխել է ու ասել, որ իրեն չեն մերկացրել, գումարը վերցրել են առանց սպառնալիքի, որ իրեն սպառնացել են ոչ թե «Մակարով» տեսակի, այլ «TT» տեսակի ատրճանակով։ Իսկ ընկերոջն ասել է, որ բացի գումարից վերցրել են նաեւ դրամապանակը։ Մինչդեռ, որդուս ամրակցված ատրճանակը դեպքի օրը եղել է տանը, այն ինքս եմ հանձնել քննիչին։ Իմ ներկայացրած ատրճանակը ենթարկվել է փորձաքննության եւ դրա վրա որեւէ հետք չի հայտնաբերվել։ Որդիս այլ զենք երբեւէ չի ունեցել, բացի Շ. Ղարիբյանի խոսքերից, զենքի վերաբերյալ ոչ մի ապացույց չկա, սակայն ամեն տեղ խոսվում է զենքի սպառնալիքի, զենքի գործադրման մասին եւ մեղադրանք առաջադրվում համապատասխան դրա։ Զավեշտն այն է, որ տուժողի ցուցմունքներն են արդեն վկայում, որ վերջինս արդեն իսկ եղել է մերկ, այլ ոչ թե մերկացրել են, դրամապանակը եղել է իր մոտ՝ որոշակի գումարով, այլ ոչ թե գումարները վերցրել է որդիս եւ, ի վերջո, ինչ ատրճանակի մասին է խոսքը, եթե որդուս ատրճանակը եղել է տանը եւ փորձաքննությամբ այլ բան չի ապացուցվել։
Ինչի՞ց սկսեց այս ամենը… Որդուս եւ Շավարշի հանդիպումն ունի նախապատմություն։ 2007թ. ՀՀ վճռաբեկ դատարանը Ղարիբյանին համարեց բարեխիղճ ձեռքբերող եւ մի քանի 100 հազար դոլարանոց արժողությամբ բնակարանս հանձնեց նրան։ ՀՀ վճռաբեկ դատարանը հաշվի չառավ այն ապացույցները, որ նա բնակարանս գնել էր ոչ թե վերջին հերթական վաճառողից, այլ բանակցել ու պայմանավորվել էր գործարքի վերաբերյալ առաջին իսկ կեղծ ու շինծու գործարքով բնակարանը ձեռք բերողի հետ՝ շրջանցելով միջանկյալ երկու ձեւական գնորդ-վաճառողներին։ Նրա ապացուցելի սուտն անցավ «հալած յուղի պես»։
Ո՞վ էր կանգնած այս ամենի հետեւում, ո՞ւմ էր հարկավոր իմ բնակարանը, ովքե՞ր, ի վերջո, տիրացան դրան… Մի՞թե կարելի է բնակարանի տիրանալու համար թաքցնել եղելությունը եւ դրանով իսկ խորտակել երիտասարդի ապագան։ Անկախ որեւէ բանից, համոզված եմ՝ այս հարցերը պետք է հուզեն յուրաքանչյուր ծնողի։
Նախապատմությունը՝ նախապատմություն։ Որդիս որոշեց հանդիպել եւ կանխիկ գումարով հետ գնել իմ հայրական բնակարանը։ Հանդիպման ընթացքի մասին որդիս տվել է մանրամասն ցուցմունքներ։ Ես մարդկայնորեն հասկանում եմ որդուս, չեմ հերքում, որ նրա ու Շավարշի միջեւ վեճ է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Ներկայումս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով, եւ այդ կապակցությամբ՝ եւս մեկ անգամ հայցում եմ Ձեր համակ ուշադրությունը՝ ապահովելու դատական մարմինների բնականոն գործունեությունը, որի արդյունքում կիրականացվի իրական արդարադատություն։