Ականազերծող կազմակերպությունը վստահեցնում է, որ եթե ավելի լավ ֆինանսավորեն, ապա աշխատանքներն ավելի շուտ կավարտեն
Գրեթե ամեն գարնանացանն ու աշնանացանը, երբ դաշտերում գյուղացիները սկսում են գյուղատնտեսական աշխատանքները, ականների պայթյունից մարդիկ են մահանում: Լեռնային Ղարաբաղում դեռեւս հարյուրավոր հեկտարներ ականապատված են: Բարեբախտաբար, վերջին 2 տարիներին որեւէ բնակիչ լուրջ վնասներ չի կրել. ականների վերջին զոհը եղել է Մարտունու մի բնակիչ, որը քարուքանդ ճանապարհը հաղթահարելու համար փորձել է շրջանցել եւ դաշտի միջով անցնելիս ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա: Նշենք, որ պատերազմի տարիներից մնացած ականներից տուժում են հատկապես հովիվները, անասուններն ու այն մարդիկ, որոնք սեզոնին դաշտերում իրենց հողերն են մշակում:
Արդեն քանի տարի է՝ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Արցախում ականազերծման աշխատանքներ են իրականացվում: Հունիսի 21-24-ը Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Վրաստանի եւ Հայաստանի մի խումբ լրագրողներ, «Ինտերնյուզ» կազմակերպության եւ վրացական «Go Group Media»-ի «Կովկասյան խաչմերուկ՝ Հարավային Կովկասում ինտերակտիվ երկխոսության ստեղծում» ծրագրի նախաձեռնությամբ այցելել էին ԼՂՀ: Մեզ հետ զրույցում ականազերծման գործողությունների ծրագրի ղեկավար Յուրի Շահրամանյանը հայտնեց, որ աշխատանքների ընթացքում ավելի հաճախ հանդիպում են կասետային եւ հակահետեւակային ռումբերի, ականանետերի: Նրա տվյալներով, հրադադարից հետո մինչ օրս ականների պայթյունից 340 խաղաղ բնակիչ է զոհվել, որից 74-ը երեխաներ են եղել:
Այս տարի ականի պայթելու 3 դեպք է գրանցվել. մոտ մեկ ամիս առաջ Լաչինից 30 կիլոմետր հարավ գտնվող հողատարածքում ական է պայթել, սակայն տրակտորով վար անող գյուղացին լուրջ վնասներ չի կրել:
Արցախի ականազերծումը ստանձնած «Halo Trust.» բարեգործական կազմակերպության պատասխանատուները որքան էլ բնակչությանը զգուշացնում են պահպանել անվտանգության կանոնները եւ խիտ ու բարձր խոտածածկ տարածքներ չմտնել, իսկ կասկածելի իրեր հայտնաբերելու դեպքում էլ դրանք հանձնել՝ միեւնույն է, ոչ բոլոր բնակիչներն են հետեւում այդ ցուցումներին: Կազմակերպության պատասխանատուները պատմեցին, որ չպայթած արկ գտնելու դեպքում «Halo trust»-ին հանձնելու փոխարեն մարդիկ այն տուն են տանում: Վերջերս էլ Ստեփանակերտում 2 անչափահաս երեխա ճայթիչ (դետոնատոր) են գտել, եւ այն նետել իրենց բնակարանում գտնվող վառարանը, իբր թե հալեցնելու եւ ալյումին ստանալու համար: Պայթյունի արդյունքում երեխաներից մեկը վնասել է ձեռքի մատը:
Լեռնային Ղարաբաղը ականներից մաքրելու համար, ինչպես մասնագետն է ասում, դեռ բավականին ժամանակ է անհրաժեշտ եւ գումարներ: Ի դեպ, «Halo trust»-ը ֆինանսավորվում է ամերիկյան USAID-ի եւ մասնավոր դոնոր «Ջուլիա Բըրք» հիմնադրամի կողմից: Ժամանակին գումարներ էր հատկացնում նաեւ բրիտանական կառավարությունը, սակայն այս տարվա հունվարից այն դադարեցվել է: Արդեն մաքրվել են ականապատ դաշտերի գրեթե 80%-ը եւ կասետային ռումբերի թիրախ դարձած տարածքների 70%-ը, սակայն, եթե 1 տարի առաջ հաշվարկել էին, որ մոտ 5 տարուց ամբողջությամբ կականազերծեն ԼՂՀ-ն, ապա հիմա կարծում են, որ այս ֆինանսավորման տեմպերով մոտ 14 տարի կտեւի: