Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԾՆՆԴԿԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Հուլիս 06,2011 00:00

\"\"16-ամյա Լիլիթի հարազատները պատրաստվում են դիմել դատարան՝ ծննդաբերությունից հետո իրենց աղջկան համապատասխան բուժօգնություն չտրամադրելու համար:

Կիրակի օրը՝ հուլիսի 3-ին, «Էրեբունի» հիվանդանոցում մահացավ 16-ամյա Լիլիթ Մուրադյանը, որն ընդամենը 1 ամիս առաջ էր ծննդաբերել «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանը ու որից հետո այդպես էլ չէր կարողացել ոտքի կանգնել: Ծնունդն ընդունող բժիշկը Լիլիթի հարազատներին վստահեցրել է, որ ծննդաբերությունն անցել է հաջող, ծնվել է 4 կգ 200 գրամ քաշով առաջնածին տղա: Սակայն Լիլիթն ընդամենը 4 օր է վայելել իր մայրությունը, տեսել իր փոքրիկին, կերակրել նրան, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան տեղափոխել են Մասիսի հիվանդանոց, այնտեղից էլ՝ «Էրեբունի», որտեղ էլ նա մահացել է:

Երեկ Լիլիթի հուղարկավորությունն էր: Աղջկա հայրը՝ Արտաշեսը, մեզ հետ զրույցում պատմում էր, որ «Գրիգոր Նարեկացի» հիվանդանոցում ծննդաբերելուց հետո Լիլիթը դժգոհել է պալատի բժշկին, որ որովայնի շրջանում ցավեր ունի եւ անընդհատ աղիքից արյուն է հոսում. «Դրանք բժիշկներ չեն, սպիտակ խալաթավորներ են, լուրջ չընդունեցին, մտածեցին՝ անչափահաս ա, երեխա ա, բան չի ջոկում, բժիշկն ասաց՝ աղջիկ ջան, արգանդդ ա կրճատվում, բան չկա, արյուն կտենաս, դա նորմալ ա, այնինչ աղջիկս ինչ-որ ինֆեկցիա է ունեցել, որն անցել է արյան մեջ: Քանի որ էդ օրերին Մասիսում ջրից զանգվածային թունավորման դեպքեր կային, 19 հոգի վարակվել էին, իսկ Լիլիթը Մասիս էր ամուսնացել, մեզ ասեցին, որ ինքն էլ է փաստորեն վարակվել»:

Լիլիթի տղայի՝ Գեւորգի առողջական վիճակը նույնպես բավարար չի եղել, երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ նրան արյան փոխներարկում են արել ու փրկել կյանքը, իսկ Լիլիթի վիճակն օր օրի վատացել է: Երբ մենք շաբաթ օրը կապվեցինք «Էրեբունի» հիվանդանոցի վերականգնողական եւ ինտենսիվ թերապիայի բաժնի վարիչ Հարություն Մանգոյանի հետ, նա տեղեկացրեց, որ Լիլիթի վիճակը շատ ծանր է, աղջիկը ուղիղ 1 ամիս կռիվ էր տալիս մահվան դեմ: Հոր պատմելով՝ ծննդատանը, չնայած իր ծանր վիճակին, Լիլիթը անկողնուց վեր է կացել ու կամքի մեծ ուժով սկսել է մարմնամարզություն անել. «Երեխես մղկտում էր, ասում էր՝ 4 օր ա, պապ ջան, որ երեխուս տեսել եմ, պիտի ուժերս հավաքեմ, որ երեխուս ես պահեմ»: Կյանքի վերջին օրերին, երբ անչափահաս ծննդկանն արդեն չի կարողացել խոսել, մի կերպ հասկացրել է, որ այբուբեն տան, ինքը տառերի վրա ցույց տալով՝ հասկացնի, թե ինչ է ուզում ասել: «Փառք Աստծո». սրանք եղել են Լիլիթի վերջին բառերը, որ նա գրել է այբուբենի վրա. «Նա եկեղեցում երգում էր, հավատացյալ էր ու կյանքի վերջում էլ Աստված կանչելով մեռավ»,-պատմում է հայրը:

Լիլիթը բազմազավակ եւ սոցիալապես անապահով ընտանիքից է, 5-րդ երեխան է: Արտաշեսը համոզված է, որ եթե իրենք ունեւոր լինեին եւ բժիշկներին «լավ աչքով» նայեին՝ Լիլիթը հիմա ողջ կլիներ. «Հիվանդանոցներում ահավոր անտարբեր էին: Բոքսի դեմը գետնին ընկած էի, ասել էին, որ աղջկաս դիակն եմ տանելու, վատացել էի, ինձ բուժանձնակազմից մոտեցել ու ասում էին, որ կարգապահ չեմ: Ես երեխա եմ կորցրել: Անգամ 6-րդ, 7-րդ հարկերից էս 20 օրը իջնում էին, հետաքրքրվում էին, թե 16 տարեկան երեխու վիճակը ոնց է: Իսկ Արեշի ծննդատնից ոչ մեկը չէր հետաքրքրվում, մենակ երեխուս սպանին, տվին ձեռս, հենց խոսում էի՝ էնքան տերմիններ էին ասում, որ շշկռվում էի, ասելիքս էլ էի մոռանում, բժիշկ են, բայց բացի բուժելուց՝ ամեն ինչ անում են: Լիլիթը հղիությունը շատ թեթեւ է տարել, երբեք չի հիվանդացել, լրիվ առողջ է եղել, եթե ջրից էր թունավորվել, ինչի՞ թողեցին, որ երեխուն էլ կերակրի ու թունավորի: Չէ, ես էս գործը մինչեւ վերջ եմ տանելու, դատարան եմ դիմելու, ամեն տեղ դիմելու եմ, 6 երեխա պահելը հեշտ չի, ես երեխա եմ կորցրել, որին մեծ դժվարությամբ եմ պահել, էդ իրենք չեն մարսելու, պիտի պատասխան տան իրանց անտարբերության համար»:

Երեկ մենք զրուցեցինք նաեւ «Գրիգոր Նարեկացի» ծննդատան ծնարանի վարիչ Գագիկ Գեւորգյանի հետ: Նրա պարզաբանմամբ.«20 օր Լիլիթը պառկել է «Էրեբունիում»՝ աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ, Լիլիթի ընտանիքի անդամները ջրից թունավորման նույն ախտորոշմամբ պառկել են Մասիսի հիվանդանոցում, նրա մահը ծննդաբերության հետ կապ չուներ»: «Առավոտը» բաժնի վարիչից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հղի կնոջից անալիզներ չեն վերցրել՝ ծննդաբերելուց առաջ. «Ոչ մեկը հղիից կղանքի անալիզ չի վերցնում, իսկ արյան անալիզում դա չի երեւացել, նրա մոտ եղել է լուծի գանգատներ, արգանդի բորբոքում, մենք մաքրել ենք արգանդի խոռոչը, առաջին բուժօգնությունը ցույց ենք տվել, տվել ենք համապատասխան դեղեր: Ինչ վերաբերում է երեխային, նրա արյունը փոխվել է, որովհետեւ խմբային անհամատեղելիություն է եղել մոր արյան հետ, որից արյան քայքայում է գնում, դա կապ չունի երեխային կերակրելու կամ վարակելու հետ: Երբ Լիլիթի մոտ ախտորոշեցինք ինֆեկցիա, առաջարկեցինք նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել Նորքի ինֆեկցիոն, բայց հարազատները պնդեցին, որ քանի որ նրա ամուսինը նույն երեւույթներով Մասիսի հիվանդանոցում է, նրան պահանջում ենք տանել Մասիս, տարան իրենց մեքենայով: Հասկանում եմ ծնողների ցավը, բայց ծննդաբերության հետ կապելը սխալ է: Դա այնպիսի ինֆեկցիա է, որ բերել է ինտոքսիկացիայի, որը ախտահարել է լյարդը, երիկամը, միգուցե նախկինում Լիլիթը ունեցել է երիկամի խնդիր, որը բերել է խորը ախտահարման: Արվել է ամեն ինչ՝ նրա կյանքը փրկելու համար, բայց դա հնարավոր չի եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել