Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատցիք մի հոգսից պրծան

Հուլիս 06,2011 00:00

Ուշացած ինքնաբացարկ, անսպասելի նորմալ ընտրություն եւ  21-րդ դար Արարատի քաղաքապետի ընտրություններում:

\"\"\"\"

Կիրակի՝ հուլիսի 3-ին. Արարատ քաղաքում քաղաքապետ ընտրեցին: Քվեարկությանը մասնակցած 5695 ընտրողից 5259-ը քվեարկել է Աբրահամ Բաբայանի (ձախից), իսկ 230-ը՝ Հակոբ Թովմասյանի օգտին:

Հունիսի 21-ին եւ 22-ին «Առավոտը» ներկայացրել է թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանի եւ նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանի փոխադարձ մեղադրանքները: Կողմերը «մարտական» էին տրամադրված, սակայն ընտրությունից օրեր առաջ լուրեր տարածվեցին, թե Հակոբ Թովմասյանը հրաժարվելու է պայքարից: Այս լուրերը իրականություն դարձան միայն քվեարկության նախորդ օրը՝ հուլիսի 2-ին. պարզվեց՝ Հակոբ Թովմասյանը իր հրաժարականի մասին ֆաքս է ուղարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Բայց ՀՀ «Ընտրական օրենսգիրքը» թույլ չի տալիս քվեարկությունից մեկ օր առաջ թեկնածություն հանել, այնպես որ՝ կրկին Արարատի քաղաքապետ դարձած Աբրահամ Բաբայանը կարող է ասել, որ հաղթել է Հակոբ Թովմասյանին:

«Ընտրվողը կընտրվի»,- «Առավոտին» ասաց Արարատ քաղաքի բնակչուհի Արաքսյա Պողոսյանը, ով քաղաքապետի ընտրություններին չէր մասնակցել, համոզված լինելով, որ իր ընտրությունը մեծ բան չէր փոխի: 21-ամյա Գարեգին Առաքելյանն էլ գնացել, ընտրել էր գործող քաղաքապետին՝ իր մտերիմներին էլ հորդորել՝ նույնը անել:

Դե-ֆակտ՝ մեկ, դե-յուրե երկու թեկնածուով ընտրության քվեարկության օրը Արարատում առանձնապես նախընտրական եռուզեռ չկար: Ոչ մի տեղամասում չկար Հակոբ Թովմասյանի վստահված անձ: Ընտրական հանձնաժողովների անդամները քաղաքապետարանի կամ մարզպետարանի ենթակայության տակ աշխատող հիմնարկների ներկայացուցիչներ էին, նրանց հրահանգված էր ընտրել Բաբայանին: Անդորր էր նաեւ Հակոբ Թովմասյանի շտաբում: Մեր հարցին, թե ինչու ինքնաբացարկի մասին որոշումը կայացվեց այդքան ուշ, Թովմասյանը պատասխանեց. «Իմ առաջադրումն ինքնանպատակ չի եղել: Քվեարկության օրվա մոտենալուն զուգահեռ՝ կրքերը ավելի էին բորբոքվում, մտավախություն ունեի, որ իմ կողքին կանգնած երիտասարդները չեն կարող զերծ մնալ սադրանքներից: Նաեւ աշխատանք ունեցող թիմակիցներիս խնդիրը կար՝ քանի որ նրանք կազատվեին աշխատանքից: Գնալով ճնշումները մեծանում էին»:

Իսկ Աբրահամ Բաբայանը Հակոբ Թովմասյանի հրաժարականի իր բացատրությունն ունի. «Հերթական կեղտոտ կլյաուզնիկ քայլն է, նա խայտառակում է այս քաղաքի անունը: Զգալով, որ հիսուն-վաթսուն ընտրող ունի, խայտառակվելու է, փորձեց փրկվել այդ խայտառակությունից: Բայց սա իր համար ավելի մեծ խայտառակություն էր»:

Ըստ Աբրահամ Բաբայանի, ընտրությունն արդար էր, մաքուր, թափանցիկ: Ըստ Հակոբ Թովմասյանի, իրենք արձանագրել են լցոնումների, ընտրողների փոխարեն արդեն քվեարկած լինելու, նոր մարդկանց ընտրացուցակներում ավելացնելու, մահացած անձանց քվեարկելու դեպքեր:

«Ընտրությունները խաղաղ հունով գնում են»,- ասում էին ընտրության հանձնաժողովի անդամները՝ հակասելով բնակչության տրամադրությանը: Ոմանք բողոքում էին, անարդարությունից էին խոսում, բայց խնդրում՝ անունները չհրապարակել. «Ամեն ինչն էլ նախօրոք որոշված է, երկու թեկնածու են, որոնցից մեկն էլ լսել եմ՝ ճնշումների պատճառով հանել է իր թեկնածությունը, պարզ չի՞ ով կընտրվի»,- ասում է բնակիչներից մեկը:

Քվեարկության վերջին ժամն էր, երբ «Առավոտը» եղավ 18/6 եւ 18/7 տեղամասերում: Վերջինում քաղաքացիների հոսք կար: Նույն ընտրատեղամասի նախագահ Կարինե Աբրահամյանի խոսքերով՝ բնակիչներն ակտիվ մասնակցել են ընտրությանը. 1723-ից քվեարկել էր 650-ը, տեղամասում էլ Երեւանից ժամանած դիտորդներ են եղել: Դիտորդները, իրենց գործն ավարտած համարելով, արդեն գնացել էին, քվեարկությունը դեռ չէր ավարտվել, քվեաթերթիկների հաշվարկն էլ նրանց չէր հետաքրքրել:

18/6 տեղամասի հանձնաժողովի նախագահ Կարեն Մկրտչյանն էլ արձանագրեց, որ ընտրությունները «անսպասելի նորմալ» ընթացան: «1725-ից մասնակցել են մոտավորապես 720-ը»,- ասում է նա:

Այս տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը վստահ է, որ Հակոբ Թովմասյանի նկատմամբ ճնշում չի եղել. «21-րդ դարում ի՞նչ ճնշում: Հակոբ Թովմասյանի իրական ընտրական զանգվածն այստեղ այսօր եղել է: Ես վիզուալ գիտեմ իր բարեկամներին՝ եկել, ընտրությանը մասնակցել են: Եթե, օրինակ, լինի Բաբայան Աբրահամ՝ 3000 ձայն, Թովմասյան Հակոբ՝ 242 ձայն, ինչպե՞ս կբացատրի թեկնածուն: Փաստորեն իր համախոհները եկել են ու անկաշկանդ ընտրել»,- ասում է Կարեն Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել