Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ ՁԵՌՆՏՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Հուլիս 06,2011 00:00

\"\"Կարծում է ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը

– Կազանյան հանդիպումից հետո բավականին հետաքրքիր վիճակ ստեղծվեց, թեպետ կանխավ հայտնի էր, որ եթե Ադրբեջանը նոր առաջարկներ չաներ, հնարավոր կլիներ բեկում: Սակայն այժմ նոր առաջարկների մասին է խոսում Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում այս իրավիճակը:

– Կազանից բազմապիսի սպասելիքներ մեծ հաշվով չկային, կար հիմնական սպասելիքը, որ կողմերը վերջնական համաձայնության կգան բազային սկզբունքների վերաբերյալ, եւ բազային սկզբունքները կդրվեն հետագա բանակցությունների, պայմանավորվածությունների հիմքում: Այն ելակետային երեք համաձայնությունները, որ հիմնարար սկզբունքների շուրջ պետք է տեղի ունենային եւ դեռ պետք է ամրագրվեին գրավոր տեսքով, Ադրբեջանը ցույց տվեց, որ ելակետային համաձայնությունների շուրջ տարակարծություն ունի, ինչը նշանակում է ի սկզբանե խաթարել բանակցային գործընթացը, այսինքն՝ ի սկզբանե արգելել, թույլ չտալ, որպեսզի խնդիրն այսուհետ եւս հնարավոր լինի տեսնել բանակցությունների միջոցով լուծման ճանապարհին: Այնուամենայնիվ, ուժի սպառնալիքի գործոնը կտրուկ բացառվող գործոն է եւ միջազգային հանրության, եւ գերտերությունների կողմից, եւ անգամ իսկ Ադրբեջանին այսօր ձեռնտու չէ ուժի միջոցով ինչ-ինչ գործողություններ իրականացնել: Կարծում եմ՝ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է նաեւ Ադրբեջանին: Այլապես հնարավոր չէր Հայաստանի դրական վերաբերմունքի, հիմնարար սկզբունքների շուրջ մեր համաձայնության, գերտերությունների այս ամբողջական աջակցության եւ հորդորների պարագայում չակնկալվեր ինչ-որ տեղաշարժ: Նշանակում է՝ խնդրի հիմքում գոյություն ունի որոշակի լուռ համաձայնություն ստատուս-քվոյի պահպանման համար: Թեկուզ եւ Ադրբեջանը խոսում է իրավիճակի փոփոխության անհրաժեշտության մասին, իրենց, այսպես կոչված, խաթարված տարածքային ամբողջականության մասին, սակայն դրանք ուղղակի հենց այնպես արվող հայտարարություններ են, եւ իրականում ստատուս-քվոն Ադրբեջանին ձեռնտու է:

– Դուք ասացիք, թե ուժի կիրառման սպառնալիքը բացառվող գործոն է, ինչո՞ւ եք այդքան համոզված, չէ՞ որ Ադրբեջանը միմիայն ուժի կիրառման եւ սեփական ռազմական բյուջեի հզորությունների մասին է խոսում:

– Ռազմական բյուջեի չափերը, ծավալները դեռեւս չեն խոսում բանակի մարտունակության մասին, 21-րդ դարի զինուժի արդյունավետությունը չափվում է ոչ թե դրա վրա ծախսված միջոցներով, այլ գոյություն ունեցող խնդիրների լուծման համար իրականում առկա ընդունակություններով:

Մինչ այսօր գոյություն ունեցող ռազմական փորձագիտական ոչ մի վերլուծական, հրապարակային նյութ չի խոսում այն մասին, որ Ադրբեջանի բանակն իր մարտունակությամբ գերազանցում է Ղարաբաղի պաշտպանության բանակին կամ ընդհանրապես՝ տարածաշրջանում գործող որեւէ բանակի: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ցանկացած մարտական գործողություն, սկսման առաջին իսկ վայրկյանից, իր իսկ տարածքում միջազգային ուժերի եւ ռազմական միջամտության անհրաժեշտություն կբերի: Հաջորդը՝ գոյություն ունի նավթամուղ, որը Ադրբեջանի եւ հատկապես Ալիեւի կլանի համար կայուն եւ հաստատուն եկամտի աղբյուր է, եւ Ադրբեջանի ժողովրդի համար իրականում անիմաստ ռազմական գործողությամբ որեւէ կերպ արդարացված չի լինի այդ եկամտի աղբյուրը վտանգելը:

– ՀԱԿ-ը վերջին հանրահավաքում հայտարարեց, թե գնում է որոշ ժամանակով հանգստի, իսկ իշխանությունից պահանջում է մինչ այդ ցուցակը կազմել եւ նստել արտահերթ ընտրությունների մասին երկխոսելու: Ըստ Ձեզ՝ սա իրակա՞ն պահանջ է:

– Քանի որ մեզանում քաղաքական դաշտը դեռեւս ձեւավորման փուլում է, եւ, եթե սիմվոլիկ ասենք, նախընտրական տրամաբանության մեջ բոլոր քաղաքական ուժերին, չակերտավոր, «թույլատրված է» ասել ամեն ինչ այն չգրված պայմանավորվածությամբ, որ ընտրություններից հետո այդ ամենը մոռացվելու է, եւ սկսվելու է նոր հարաբերակցություն՝ նոր հարաբերություններով: Ես կարծում եմ՝ ՀԱԿ-ի կողմից եւս դրանք նախընտրական տրամադրություններ ձեւավորելու համար արվող հայտարարություններ են, եւ ՀԱԿ-ի մեր գործընկերները իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ հերթական ընտրությունները հեռու չեն, եւ պետք է իրենք եւս պատրաստվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել