WikiLeaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից մեկում, որը վերաբերում է Իրանին եւ այդ երկրի միջուկային ծրագիրն ԱՄՆ կողմից արգելակելու հնարավորությանը, հայտնվել են նաեւ Բաքվում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Էնն Դերսի եւ Իրանի խնդիրներով զբաղվող նրա ենթակայի հետ 2007թ. հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ՀՀ ազգային անվտանգության գերատեսչության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ հանդիպման մանրամասները: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ամերիկացի դիվանագետների հետ զրույցում Շահնազարյանը Իրանին ԱՄՆ կողմից հնարավոր ռազմական հարվածները բնութագրել է որպես «ոչ խելամիտ քայլ», իսկ խոսելով հայ-իրանական երկկողմ հարաբերությունների մասին՝ ասել է, թե «Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն առեւտրային կապերով: Գոյություն ունի քաղաքական խնդիրների շուրջ եւ անվտանգության բնագավառում բարձր մակարդակի համագործակցություն», ու հատուկ ընդգծել է, որ Իրանը չի ցանկանում առաջընթաց տեսնել ԼՂ խնդրի լուծման ճանապարհին, որովհետեւ դա Թեհրանին թույլ է տալիս շեղել Ադրբեջանի ուշադրությունը Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիների խնդիրներից: