Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՕՐԵՐԻ «ԳԻՔՈՐԸ»

Հուլիս 06,2011 00:00

Նրա գործը հասել էր «դիվանբաշուն»

Անցյալ տարվա սեպտեմբերին Երեւանի Քաջազնունի 20ա հասցեում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետում հրդեհ էր բռնկվել: Հիշեցնենք, առաջին տեղեկությունները, որ ստացվեցին հրդեհից անմիջապես հետո, այն էր, որ հրդեհը բռնկվել էր սուպերմարկետի վերելակի հորանում: Ասվում էր, թե արդյունքում այրվել է որպես պահեստային տարածք եւ աշխատասենյակներ գործածվող 350 քմ մակերեսով նկուղը՝ իր գույքով, 5 մարդ տուժել էր: Այդ օրը հրդեհի հնարավոր պատճառների մասին ոչինչ հայտնի չէր: Միջադեպի մասին չոր տեղեկություն արձանագրելուց հետո լրատվամիջոցները հրդեհի մասին մոռացան: Մինչդեռ պարզվում է՝ միջադեպը շատ դրամատիկ զարգացումներ է ունեցել ու հանգուցալուծվել է միայն անցած շաբաթավերջին՝ դատական ակտի հրապարակմամբ: Այն, ինչ «Առավոտին» պատմեցին «Հատուկ կարեւորագույն գործերով փաստաբաններ» անունը կրող փաստաբանական գրասենյակում, որն, ի դեպ, տղայի պաշտպանությունը պայմանագրային գումարից 5 անգամ պակաս վարձատրության դիմաց էր ստանձնել, շատ նման էր «Գիքորի» պատմությանը:

Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Աշնակ գյուղից անչափահաս տղան՝ Երվանդ Վ. Հովհաննիսյանը, մոր եւ երեք քույրերի հետ գյուղը թողել ու Երեւան էր եկել ուսանելու եւ աշխատանք գտնելու հույսով: Ընդունվել էր Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարան, սովորում էր արդեն երկրորդ կուրսում եւ սովորելուն զուգահեռ՝ ուսման վարձը տալու, ընտանիքի հոգսերը հոգալու, նաեւ Երեւանում վարձակալած տան գումարը վաստակելու համար քույրերի հետ միասին աշխատում էր ՍԱՍ սուպերմարկետում: 17-ամյա Երվանդը գիշերներն էր աշխատում՝ որպես պահեստապետի օգնական-բանվոր: Սակայն 2010-ի սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը սուպերմարկետում բռնկված հրդեհը նրա համար ճակատագրական էր եղել:

Այն բանից հետո, երբ տնօրինությունը նայել էր խանութի տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, Երվանդին, որ սովորականի նման հաջորդ օրն աշխատանքի էր գնացել, հրավիրել էին ՍԱՍ-ի կենտրոնական գրասենյակ, հետո տեղափոխել ոստիկանության բաժին եւ պահեստը դիտավորությամբ հրկիզելու կասկածանքով ձերբակալել: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Գույքը դիտավորյալ ոչնչացնելը կամ վնասելը», որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ըստ ՍԱՍ-ի տնօրինության ներկայացրած թղթերի՝ 56,9 մլն դրամ: Անչափահասին սպառնում էր 2-6 տարվա ազատազրկում: Ինչպես «Առավոտին» պատմեց նրա պաշտպան, «ՀԿԳ փաստաբանների» գրասենյակի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, Երվանդն առաջին օրվանից հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքը՝ չհոգնելով պնդել, որ ինքը չէր կարող խանութի պահեստը դիտավորությամբ հրկիզել այն դեպքում, երբ ինքն ու քույրերն աշխատում են այդ խանութում, երբ իրենց ընտանիքն ապրում է այդ խանութից ստացած աշխատավարձով: Չկար նաեւ դիտավորությամբ հրկիզելու որեւէ մոտիվ. տղայի եւ տնօրինության հարաբերություններում խնդիրներ չէին եղել, խանութի աշխատողների հետ հարաբերություններն էլ նորմալ են եղել: «Երվանդը ձերբակալության առաջին օրվանից տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ. պահեստում է եղել, անցնելիս տեսել է, որ ապրանքներից մեկի տարայի ցելոֆանը պոկված է, փորձել է կրակայրիչով տաքացնել ցելոֆանն ու կպցնել պոկված հատվածը, որպեսզի մեջն եղած ամանները չթափվեն, ու իր վրա խոսակցություն չգա, որովհետեւ ինքն է դրանք պահեստից բարձրացնում, եւ դեպք է եղել, երբ մթերքը թափվել է ու վաճառքի համար անպետք դարձել, ու ինքը դրա համար նկատողություն է ստացել: Նա անընդհատ նշում էր, որ կրակ չի տեսել, ծուխ չի տեսել, չի էլ ենթադրել, որ կարող էր արդյունքում հրդեհ բռնկվել: Հրդեհի ընթացքում, գործի նյութերից էլ էր երեւում, նա մնացել էր խանութում, օգնել էր խափանված վերելակից խանութի առաքիչին դուրս հանել, մարել հրդեհը»,- պատմեց պաշտպան Մարտիրոսյանը: Բայց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին ատյանի դատարանը տղայի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը, ինչպես միշտ՝ դակելով նախաքննական մարմնի միջնորդությունը: Կալանքի որոշումը փոխել մերժել էր նաեւ Վերաքննիչ դատարանը, ու անչափահասը մինչեւ գործը դատարան մտնելը՝ 9 ամիս կալանքի տակ էր եղել: «Դա այն դեպքում, երբ նա մի շարք հիվանդություններ ուներ. երիկամի կիստա, աչքի գլաուկոմա, որը մեկուսարանում եղած ամիսների ընթացքում ավելի էր բարդացել, ու նա նույնիսկ ակնոց չէր կարողանում կրել: Ամենաահավորն այն էր, որ մեր դատարանները, երբ երեխայի կալանքի հարցն էր քննարկվում, խափանման միջոցն ընտրելիս որպես հիմք վկայակոչում էին հասցված վնասի չափը՝ 56,9 մլն դրամ: Ընդ որում, դա ի սկզբանե արձանագրվել էր առանց հիմնավորման ու ապացույցների, ինչն, ի դեպ, ակնհայտ էր դարձել ոչ միայն նախաքննության, այլեւ հենց դատավարության ժամանակ, երբ նշանակվեց դատահաշվապահական փորձաքննություն»,- հայտարարեց պաշտպանը: Ո՛չ ամիսներ տեւած նախաքննության, ո՛չ դատաքննության ընթացքում որեւէ ապացույց, որը կհաստատեր խանութի դիտավորյալ հրկիզման մեղադրանքը, այդպես էլ չէր ներկայացվել: Մերժելով պաշտպանի՝ անչափահասին առաջադրված մեղադրանքում անմեղ ճանաչելու միջնորդությունը՝ դատարանը նրա մեղադրանքը ընդամենը վերաորակավորել էր ՔՕ 186-ի 2-րդ մասով. «Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը», որը կատարվել է «կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել», ու սահմանված պատժաչափի «միջինացված» պատիժ էր սահմանել. տղային դատապարտել էր 1 տարվա ազատազրկման ու համաներում կիրառելով՝ դատարանի դահլիճից հունիսի 29-ին ազատ էր արձակել: Այսուհանդերձ, Լ. Մարտիրոսյանի համոզմամբ, արդարադատությունն այս դեպքում չի հաղթել, որովհետեւ անչափահասը 9 ամիս, ըստ էության, ապօրինաբար է պահվել կալանքի տակ, չնայած այն բանին, որ կալանքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերը այս դեպքում բացակայել են. «Նախ՝ պիտի փաստացի հիմնավորված վտանգ լինի, որ կասկածյալը կամ մեղադրյալը կա՛մ կխուսափի դատաքննությունից, կա՛մ կարող է ազդել քննության ընթացքի, վկաների վրա, կա՛մ նոր հանցագործություն կկատարի: Եվ ամենակարեւորը՝ պիտի լինի հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող հանցանքը՝ կոնկրետ դեպքում դիտավորությամբ հրկիզելը, ինչը ո՛չ նախաքննությամբ, ո՛չ դատաքննությամբ այդպես էլ չհիմնավորվեց: Քննիչը, դատախազությունը, դատավորները շատ են ուզում մեր երկրի «բազազարտեմներին» ցույց տալ, թե որքան շատ են սիրում նրանց, եւ որ պատրաստ են հանուն նրանց ամեն ինչ անել: Մեր դեպքը դրա վկայությունն է»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Լ. Մարտիրոսյանը:

Ի դեպ, «Առավոտը» երեկ փորձեց ստանալ նաեւ ՍԱՍ-ի տնօրինության մեկնաբանությունն այս առնչությամբ: Ու չնայած արձագանքելու նրանց խոստմանը, ՍԱՍ-ից երեկ ոչ մեկն այդպես էլ չարձագանքեց մեր խնդրանքին: Հուսանք՝ կարձագանքեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել