Հուլիսի 3-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել նաեւ Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում: Չնայած թեկնածուներից մեկը՝ ընդամենը 260 ձայն ստացած Քաջո Գրիգորյանը, ով տեղում հայտնի է իբրեւ «բանտի նախկին կլյուչնիկ» եւ ընտրություններով փող վաստակելու իր «արվեստով», հայտարարել էր, թե բողոքարկելու է ընտրությունների արդյունքները, ԿԸՀ-ից տեղեկացանք, որ որեւէ բողոք չեն ստացել Արտաշատում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Այստեղ, ըստ նախնական տվյալների, ջախջախիչ հաղթանակ է տարել ՀՀԿ թեկնածու Գագիկ Մուրադյանը՝ ստանալով քվեարկությանը մասնակցած ընտրողների 95 տոկոսի ձայները: Գագիկ Մուրադյանը վերընտրվում է արդեն չորրորդ անգամ եւ մշտապես եղել է միակ թեկնածուն: Ասում են, որ նա վայելում է ԱԺ նախագահի բացարձակ հովանավորությունը: Երեկ «Առավոտը» Գագիկ Մուրադյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է իրեն հաջողվում մշտապես վերընտրվել: Պատասխանը դասական էր. «Ժողովուրդն է ընտրում»: Իսկ ո՞րն է իրեն այդքան շատ սիրելու սինդրոմը՝ հարցին էլ ասաց. «Ժողովրդից հարցրեք»: Հիշեցնենք, որ «Արտաշատը նոր քաղաքապե՞տ կունենա» («Առավոտ», 10.06.2011) հրապարակմամբ առիթ ունեցել էինք ներկայացնելու Արտաշատի խնդիրները եւ արտաշատցիների դժգոհությունները տեղական իշխանություններից: